Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասոր համար է որ անցյալները կատակի ձևով քննադատեցինք տարօրինակ ծրագիրը Հիվանդանոցի խնամակալության, որուն մեջ գթության մահիճներ հաստատելու գաղափարը կարգ մը ծիծաղելի պայմաններու լծորդված էր։

Ամեն անգամ որ մեր կարծիքները կուտանք հանրության օգտին համար միայն և բարոյականի անվիճելի սկզբունքներու հենած, այն ամեն խնդիրներուն վրա որոնք ուշադրություն կը հրավիրեն, զանոնք ընդունված տեսնելու միամտությունը չունինք. ձայն բարբառո հանապատին ավելի քան երբեք այժմեություն մըն է։

Հնարամիտներ կարծեցին հակասություն մը նշմարել, մեր Ծաղկազարդի թիվին առթիվ Հիվանդանոցին եղած նվիրատվությանց ցանկերը հրատարակելնուս և մեր վերը հիշած սկզբունքին մեջ. ըսին մեզի որ հատուկ անուններ կը հրատարակենք ահա մենք ալ։

Հա՞րկ է միթե հրապարակել թե որքան թշնամի ենք մենք հարուստ մեկու մը կողմե ազգին եղած — սովորաբար չնչին — նվիրատվությունները՝ ծանուցումներով, հոդվածներով, ազգային քրոնիկներով, համաքաղաքացիութենե ուռած պարծանքներով հռչակելու, նույնքան կուսակից ենք մեր գավառացի համեստ ժողովուրդին էն պզտիկ նվերը՝ բարձրաձայն հայտարարելու. և ասիկա սա պարզ ու հասկնալի պատճառին համար որ պոլսեցի դրամատերի մեկ կամ երկու տարի 6 կամ 12 կամ 24 ոսկի տալը նշանակության արժանի չէ պանդուխտ խոհարարի մը քսան ղրշ. տալուն մեծությանը քով, ինչպես մայրաքաղաքիս մեջ հավաքված հինգ հազար ղրուշը աննշան բան է Տետե Աղաճեն ղրկված և հարյուրական փարաներով ձևացած 75 ղրուշին մոտ։

Այս տեսակ նվիրատվությունները արժանի էին նշանակվելու ճիշտ անոր համար որ մինչև ցարդ այս կարգի համեստությունները՝ հատուկ անուններու խնկարկու հրատարակություններու կողմ են սքողված էին և դեռ սքողված ալ կը մնան։

Եվ եթե անոնց քով հրատարակեցինք անուններ ալ, որոնց համար հարյուր և երկու հարյուր ղրշ. տալը՝ զոհողություն մը չէր ենթադրի բնավ, պատճառը այն է որ խոսք տված ըլլալով