Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գիտեի, բայց մոռցեր էի այս ամենը, երբ որ Բազմավեպի վերջին թիվին մեջ հետաքրքիր նամակագիր մը, որ այդ միաբանության անդամներեն դուրս մեկը ըլլալու չէ, պատարագեն վերջը մեր եկեղեցիներուն մեջ մաս բաժնելու սովորությանը վրա խոսելով, մեր եկեղեցին՝ ոչ-կաթուղիկե եկեղեցի, և հայ պապական եկեղեցին ոչ-ազգային եկեղեցի անվանելե չի քաշվիր։

Ուրեմն միևնույն մարդիկն են ասոնք, նույն մարդիկը որոնք ատեն մը հերձվածող ու հերետիկոս կը կոչեին զմեզ և մեր եկեղեցին ոտք կոխելու կը վախնային՝ դժոխք չերթալու համար, մարդիկ՝ որ Լուսավորչին պապական հայ մը ըլլալու առասպելին պատմական ճշմարտության գույն մը տալու համար ջանք չէին խնայած, և որոնք բան գործ ըրած են տարածել ամեն տեղ թե հայ Եկեղեցին պապական եկեղեցի մըն էր ատենով և անկե անջատվողները մենք ենք, լուսավորչականներս, զատ ու տարբեր եկեղեցի մը կազմելով, մինչդեռ իրենք ազգային եկեղեցին անեղծ պահած են միշտ, ու Թարթյուֆին պես չեն քաշվիր հրապարակավ մեզի ըսելե.

C’est a vous d’en sortir, vous qui parlez en maitre․

Հարկավ ողբալի բան մըն է որ անդրալեռնականությունը մեր ամենեն նվիրական էության վրա ալ հարձակի, մեր եկեղեցվույն տիրանալու ճիգեր ընե, և ամբողջ միաբանություն մը իր դարևոր աշխատությունը այս ամուլ ու ծիծաղելի ճիգերուն հատկացնե։

Հռոմեականությունը մեր մեջ առջի անգամ մուտ գտնելուն պատմությունը ժամանակակից բան մըն է, և շատ ետ դառնալու պետք չունինք այս առթիվ եղած բոլոր շփոթությունները մտքի առջև բերելու համար։ Շատ կանուխ է դեռ այս նորեկներուն համար մեր ազգային Եկեղեցին իրենց սեփականացնելը և Հայր Լորիգոյի պատմություններով չէ որ մեր եկեղեցիին վաղեմի ինքնագլուխ գոյությունը պիտի ուրացվի։

Բայց որքան ալ անզոր են այս ջանքերը ու արգահատելի նայված մը հրավիրելե ավելի բանի մը անարժան, հարկավ կը մնան մեր սիրտերուն մեջ վեր Եկեղեցվո համար ոչ-կաթուղիկե եկեղեցի ըսելու պես խոսքերու վիրավորանքը։ Իզուր