Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ո՛չ թյուլերու, ո՛չ բեհեզի մեջ փաթթվելու, ո՛չ իսկ ներկի ու չպարի կը կարոտի, ամեն աչքերը իսկույն գտնվելու համար։

Անոր մահովը համայն Ֆրանսան սուգը կը մտնե, Ակադեմիեն սկսելով մինչև համեստ դարբինը, մեծերեն իջնելով մինչև էն պզտիկները, որոնց ամենուն երգիչը եղավ անիկա։

Եվ իմ միտքս կերթա հեք Ադամյանին որ այս Թոփփեին «Դարրինները» կարտասաներ այնքան պերճությամբ, իր անզուգական բերնեն թռչող ամեն ներդաշնակությանը պես։

Ու քիչերը գիտցան որ քերթող մըն էր ան ալ՝ որ ուրիշ քերթողի մը գրածին վրա կը զմայլեր, բերնուց սորվելու և աննման արտասանությամբը ավելի ևս պանծացնելու համար զայն։

Անոր սուգը չպահեց մեր հասարակությունը։ Շատեր չիմացան իսկ անոր մահը, Ժողովները ու Թաղականները իրար չանցան և, կուզե՞ք որ իմ բոլոր գաղափարս հայտնեմ, աղեկ ըրին։ Ջահերը, ծածկույթները ու փառաբանությունները որոնք ոևէ խանութպանի մը դագաղին կը շռայլվին, որովհետև անիկա, չի գիտցվիր ինչ կերպով շահված, դրամ կը թողու իր ժառանգորդներուն, անոնք պետք չէ որ շրջապատեն այն մեծ մեռյալները որոնք բոլոր ցեղի մը մտավորական ու քաղաքակրթական հանճարը կը կրեն իրենց անձին վրա ու անոր տևական փառքը կը կազմեն իրենց մահվնեն վերջը։ Այդ փառքը իր մեծավայելչության մեջ պետք է թողուլ և չնսեմացնել սակագնված պատիվներով։

Թոփփեին հիշատակեն չեմ կրնար զատվիլ առանց խորհուրդ մը, չըսելու համար խրատ մը, տալու մեր երիտասարդներուն, խրատ որուն տարիքս՝ իրական և գիական կարծեմ թե կրկնապես կարտոնե զիս։

Ըսեմ ուրեմն մեր երիտասարդներուն, անոնց որ մեր տեղը բռնելու եկած են, թե գրականությունը ու հրապարակագրությունը մեծ պարտականություններ կը դնեն ինքզինքը անոնց տվողին վրա։ Անիմաստ ու անշնորհ գրվածքներու կուտակումով չէ որ անոնց դերը կը ճանչըվի։

Իրավունք ունինք ըսելու որ պատվո ավանդ մը ձգեցինք իրենց, արևին չափ պայծառ, բյուրեղի պես ջինջ ու անոր պես