Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈԻԹԸ ՏԱՐԻ ԵՏՔԸ

Մասիսի խմբագրության կողմից սույն հոդվածին իբրև նախաբան ասված է. «Զոլայի մահվան առթիվ արտատպելե ետքը այն գեղեցիկ հոդվածը զոր Գ. Զոհրապ նվիրած էր բնապաշտ դպրոցի պետին, 1893 տարեշրջանի Մասիսին մեջ (տես՝ այս գրքում), — որուն Տնօրեն—Խմբագրապետությունը կը վարեր այդ թվականին, — խնդրեցինք իրմե՝ նոր Հոդվածի մը մեջ ամփոփել ինչ որ կը մտածե անկե ի վեր Ասոմուառի հեղինակին վրա։ Գրագետ — փաստաբանը Խմբագրությանս հրավերին կը պատասխանե նամակով մը որ իր հակիրճությանը մեջ այնքան ցայտուն ու կենդանի կերպով կը պատկերացնե Զոլան, իբրև վիպասան և իբրև հանրային մարդ»։

1. Հանիրավի դատապարտված հրեան Դրեյֆուսն է, որի դատը պաշտպանեց Զոհրապը թե խոսքով, թե գործնական միջոցներով, գրելով մի ընդարձակ պաշտպանողական և ուղարկելով Դրեյֆուսի պաշտպանության համար կազմված «Հրեական սենտիքային», որը շնորհակալություն է հայտնում Զոհրապին և ուղարկում մի ոսկեկոճակ Դրեյֆուսի մանրանկարով։ Այդ նամակը և կոճակը Զոհրապին է մատուցում Կ. Պոլսի հրեա գաղութից մի պատվիրակություն։ Այս մասին ավելի մանրամասն տես՝ Գրիգոր Զոհրապ, Նովելներ (Երևան, 1941) գրքի վերջաբանը (էջ 293—294)։


1908

ԿՅԱՆՔԸ ՓԱՐԻԶԻ ՄԵՋ

Հոգեհարազատության զգացումը թելադրել է Զոհրապին մեկից ավելի անգամ անդրադառնալ Ֆրանսուա Կոպպեին և գնահատել նրա բանաստեղծությունների «ներդաշնակությունն ու գորովը», նրա նորավեպերի հատորների «խանդաղատանքի գանձերը», սովորական կյանքը սիրելու միտումը։ Այս ամենի մասին Զոհրապը գրել էր 1893ին, իսկ 1908ին Փարիզից նա նորից անդրադառնում է իր սիրած հեղինակին, վերջինիս մահվան առթիվ. Մինչև Փարիզ մեկնելը Զոհրապը աշխատակցում էր Արամ Անտոնյանի Լույս հանդեսին և, ինչպես երևում է նույն հանդեսի թիվ 20ի (1908) հայտարարությունից, «նշանավոր վարպետը» խոստացել էր Փարիզից (ուր նա մեկնել էր՝ արտասահմանում մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ, փաստաբանությամբ զբաղվելու արգելքի պատճառով) շարունակել իր աշխատակցությունը։


ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ

Շիրվանզադեի Պատվի համար դրամայի Պոլսում՝ Աբելյան—Արմենյան թատերախմբի կողմից (1908 թ.) ներկայացվելու առթիվ գրված այս քննախոսականը տպված է «Երեսփոխանություն և գրականություն» ընդհանուր խորագրի տակ։ Քննախոսականին իբրև նախաբան կցված է ժամանակ օրաթերթի խմբագրության հետևյալ ծանոթագրությունը, որ մեջ ենք բերում ամբողջովին.