Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ուրբաթ գիշեր, այն ժամուն ուր Օսմ. խորհրդարանին Կ. Պոլսո տասը երեսփոխաններուն ընտրության քվեահամարը կը կատարվեր Քաղաքապետական պաշտոնատան մեջ, ամենեն ավելի հետաքրքրության առարկա եղող հայ ընտրելին՝ Գ. Զոհրապ էֆենտի՝ հանդարտիկ կերպով նստած Վառիեթե թատրոնին մեկ օթյակին մեջ, հիացումով կունկնդրեր ու կծափահարեր Աբելյան — Արմենյան թատերախումբին ներկայացմանը։ Եվ շաբաթ առտու, արշալույսին, երբ ընտրության արդյունքը իմացված էր արդեն ու շնորհավորական այցելությանց տարափը սկսած էր Զոհրապ էֆենտիի բնակարանը. գրագեա-երեսփոխանը՝ իր սովորական անայլայլությամբ՝ ընդունեց ժամանակդ խմբագրության հրավերը ու գրասեղանին առջև անցնելով իր գեղեցկագույն հոդվածներեն մեկը արտադրեց՝ Շիրվանզատեի Պատվի համար փիեսին վրա, իր խորհրդարանական մարդու անդրանիկ ժամերը նվիրելով գրականության ու գեղարվեստի։

Մասնավոր հաճույքով մըն է որ կը փութանք հրատարակել այդ հոդվածը որուն առթելիք հետաքրքրությունն ու ախորժը սովորականեն տարբեր պիտի ըլլան՝ կյանքի պատմական վայրկյանի մը մեջ գրված ըլլալուն համար»։

Այս քննախոսականի սրտաբուխ և անկեղծ գնահատականները շատ խոր տպավորություն են թողնում Շիրվանզադեի վրա և Ժամանակ թերթի խմբագրությանը ղրկած մի նամակի մեջ նա գրում է. «Միանգամայն ոգևորությամբ կարդացի հայտնի վիպասան Գրիգոր Զոհրապի նուրբ, խոր հոգեբանական հոդվածը» (1908, թիվ 54)։ Մի այլ նամակի մեջ, Տիգրան Կամսարականին գրած, Շիրվանզադեն ասում է. «Այն ի՞նչ ոգևորություն էր, որ օտարության մեջ պաշարեց ինձ, երբ բաց արի այդ նվիրական կապոցը (Պոլսի հայերեն թերթերը) և կարդացի Զոհրապի, Պարթևյանի, խեքեյանի, Հրանդի, Օտյանի, Երուխանի, Ալփիարի, Արամ Անտոնյանի, Չիֆթե—Սարաֆի և այլ թրքահայ խոշոր դեմքերի հուզիչ հոդվածները իմ բեմական երկերի մասին»[1]։


ԶՈՀՐԱՊԻՆ ՃԱՌԸ

Տպված է, հավանաբար, իբրև Զոհրապի ճառի համառոտ շարադրանք, օգտագործելով նրա ուղղակի խոսքը։ Ճառը խոսել է Քատըգյուղի մեջ 13/26 հոկտ. 1913 թ.։ Հայ տառերի գյուտի 1500ամյա և տպագրության 400ամյա տոնակատարությանը մասնակցել են բազմաթիվ օտարազգիներ, դեսպանատների ներկայացուցիչներ, հույների, բուլղարների և ասորիների պատրիարքների փոխանորդներ, ինչպես և ներքին գործոց նախարար, հայ ժողովրդի դահիճ Թալեաթը, որը ասել է, «Այսօր հայերեն տառերու 1500ամյակի և հայ տպագրության 400ամյակի հանդեսները կատարելապես տոնելու համար հավաքված եք հոս, հանուն կառավարության կը մասնակցեմ ձեր ուրախության» («ժամանակ», 1913, թիվ 1603)։ Այդպես էին իթթիհատականները բթացնում հայ ժողովրդի զգաստությունը՝ նրան կոտորելուց առաջ։

1․ Օտյան — խոսքը Գրիգոր Օտյանի մասին է։

  1. Շիրվանզատե և իր գործը, Կ. Պոլիս, 1911։