Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1908 Vol. 1 Nr. 2.pdf/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սա ուղիղ պատասխան է նաև մեր աղոթքներին, որ բանտարկյալներն ազատ արձակվեն։ Ինչքա՜ն ենք աղոթել այն խեղճ մարդկանց համար, որոնք միմյանց սեղմված փակված են այդ սարսափելի փոսերում, հատկապես նրանց համար, ում ճանաչում ենք և որոնք միանգամայն անմեղ են․ ի դեպ, անմեղները մեծամասնություն են կազմում։ Գրեթե 200 մարդ դեռ բանտարկված է, բայց հուսով ենք՝ նրանք էլ շուտով ազատ կարձակվեն։ Այո՛, Աստված, իրոք, մեծ է։

Հավատորիկցի ծեր Մադրասը ևս եկավ, երբ նրան ազատ արձակեցին․ նա նույնպես սա ընդունեց, որպես Աստծո հրաշք։ Հաջորդ օրը մեզ այցելեց Հայ առաքելական եկեղեցու մի քահանա, որը ևս բանտարկվել էր 2 տարով։ Նա այնքան ուրախ էր․ իր ասելով՝ այնպիսի տպավորություն է, կարծես գերեզմանը բացվել է իր առջև, և կարողացել է դուրս գալ սարսափելի քարանձավից։ Մի ուրիշ անգամ կպատմեմ, թե ինչի համար կարող են քեզ ձերբակալել Մուշում․ դրանք անհավատալի են, բայց հիմա ժամանակ չունեմ դրա համար։ Մի քանի անգամ դեղորայք ու փող եմ ուղարկել բանտարկյալներին։ Պարոն ֆոն Դոբլերսը շատերին է օգնել, նաև Աստվածաշունչ է տվել նրանց, ովքեր խնդրել են։

Հուլիսի 29-ին իմացանք, որ բանտարկյալներին պետք է ազատ արձակեն, բայց այդ լուրն այնքան անհավատալի էր, որ չհամարձակվեցինք հավատալ դրան մինչև ավելի շատ բան չիմանայինք։ Բայց պատկերացրու, որ ճիշտ էր։ Օգոստոսի 10-ին Կոստանդնուպոլսից մեզ հասած հայկական ամսագրերն ավետում էին մեծ փոփոխությունները։ Երիտթուրքերը ևս վատ էին վերաբերվում այդ ձերբակալություններին։ Մի քանիսը մեզ մոտ են․ նրանք էլ են այժմ ուրախ։ Այդուհանդերձ, շատ թուրքերի դուր չեն գալիս այս փոփոխությունները։ Նրանք այլևս չեն կարող ղեկավարել և կառավարել, ինչպես կուզեն, այլևս չեն կարող ծեծել, գողանալ և խաբել։ Սպաները և զինվորները խանդավառված են․ հուսով ենք՝ մյուսներն էլ նույն զգացումը կունենան։ Պարոն ֆոն Դոբլերսը երեկ այցելեց գեներալին, որը հրաշալի էր իրեն զգում։ Շատ բարեսիրտ, ազնիվ և շնորհալի մարդ է։ Նա հռչակեց սահմանադրությունը և, իհարկե, ուրախություն էր տիրում ամենուրեք, թեև ոչ նույնչափ, ինչքան Կոստանդնուպոլսում էր։

Այո՛, Աստված գթասիրտ է իր ժողովրդի նկատմամբ․ դա տեղի ունեցավ վերջին րոպեին, հատկապես մի վայրում, որտեղ անսահման դրա կարիքն ունեին։ Մենք աղոթում ենք, որ հացահատիկի գինն իջնի, որպեսզի այս տարին շատ աղքատների համար լավ անցնի։ Այստեղ հացահատիկը շատ թանկ է․ գրեթե բոլորն են սնվում դրանով։ Ինչ վերաբերվում է դպրոցներին, այստեղ ևս պետք է փոփոխություններ արվեն և շատ ուրախ կլինենք, եթե անվերջանալի միջամտություններ չլինեն այս հարցում։ Հետո հնարավոր կլինի ընդլայնել դպրոցները և ավելի շատ առարկաներ ներառել։ Այժմ մեր ձեռքերը կապված են և շատ դժվարություններ կան։ Ասում են, որ բոլոր ներկայիս պաշտոնյաներին պետք է հանեն և նորերին նշանակեն և սա անհրաժեշտ է նրա համար, որ ամեն ինչ չշարունակվի հին ոճով։ Եթե հարկային համակարգում կարգուկանոն լինի, մեծ բաներ կարելի է անել։ Աղոթի՛ր Աստծուն, որ նոր փոփոխությունները կատարվեն Նրա կամքով։