Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1910 Vol. 3 Nr. 3.pdf/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանից

Քույր Բոդիլ Բյորնն այժմ տան ճանապարհին է․ հուսով ենք՝ շուտով կրկին կտեսնենք նրան։ Մուշից նա պետք է մեկներ մայիսի 2-ին, բայց նրա սենյակակից տիկին ֆոն Դոբլերսը շատ ծանր հիվանդացավ, և քույրը Բոդիլը չկարողացավ թողնել նրան։ Բարեբախտաբար, Դոբլերսը սկսեց ապաքինվել և երբ շվեդ քույրը ժամանեց, որը պետք է փոխարիներ քույր Բոդիլին, վերջինս մայիսի վերջին հանգիստ խղճով կարողացավ ճանապարհ ընկնել։ Երանի՜ տանը լավ հանգստանա, արժանի է։

Ներկայացնում ենք նրա նամակներից մի հատված, որը դեռ տեղ չի գտել «Եռամսյա ողջույններ»-ում, բայց որը կարող է հետաքրքիր տեղեկություններ հաղորդել Հայաստանում նրա պայմանների և աշխատանքի վերաբերյալ։

«Սիրելի՛ ընկերներ, չեք պատկերացնում, թե ինչ ուրախություն ապրեցի որոշ ժամանակ առաջ։ Մի վաղ առավոտ, երբ գնում էի կլինիկա, մի երիտասարդ ցատկեց դեպի ինձ, բռնեց ձեռքս ու սկսեց համբուրել։ Հավատորիկցի Գաբրիելն էր, որն այս ձմռանը պառկած էր իմ կլինիկայի խոհանոցում՝ ոտքին թարախակույտով։ Անճանաչելիորեն գիրացել էր, թխացել ու ամրակազմ դարձել։ Ձմռանը, երբ հիվանդ էր, կմախքի տեսք ուներ․ ես ու Ռուբենը ստիպված էինք նրան գրկել և տանել վիրահատական սեղանի վրա, որ վիրակապենք։ Վերջին անգամ, որ տեսա նրան Հավատորիկում, ձեռնափայտով դեպի ինձ ցատկեց։ Հիմա նա ոտքով Հավաոտրիկից Մուշ էր եկել, որը 2 ժամվա ձիով ճանապարհ էր։ Իսկապես հրաշք է, որ նա ապաքինվել է։ Նախկին աշխատանքը Հավատորիկի անտառներում փայտ կտրելն ու Մուշում վաճառելն էր։ Սա է հավատորիկցիների զբաղմունքը, եթե հովիվ չեն։ Բայց Գաբրիելը դեռ չի կարող նման ծանր աշխատանք անել, դրա համար էլ այժմ նրա փոքր եղբայրն է աշխատում ընտանիքի համար։ Այնուամենայնիվ, Գաբրիելը ժամանակը շատ լավ է օգտագործել։ Երբ նա ինձ հետ էր, Ռուբենը նրան սովորեցրեց այբուբենը, իսկ ես էլ նրան Կտակարան տվեցի, որ տանը կարդա։ Այժմ նա կարդացել է գիրքը և 4 ամիս անց էլ շատ վարժ կարդում է։ Կարծում էր, որ նաև հասկացել է այն, ինչ կարդացել է։

Պետք է պատմեմ նաև երկու գյուղ կատարածս այցերի մասին, որոնք շատ էին տարբերվում իրարից։ Մի գյուղում ես զգացի, թե ինչ է նշանակում հետապնդվել հանուն Հիսուսի, մյուսում էլ, ընդհակառակը, Աստված իմ առջև բացեց դռները և սրտերը։ Մի կիրակի առավոտյան գնացի մի ժամ հեռավորության վրա գտնվող մի գյուղ, որ կանանց հավաքեմ ու խնամեմ հիվանդներին։ Մի հիվանդ կնոջ այցելելուց հետո խնդրեցի նրա բարեկամներից մեկին, որ Հայ առաքելական եկեղեցու քահանայից՝ եկեղեցում կամ դպրոցի դասասենյակում կանանց հավաքելու թույլտվություն խնդրեն, բայց նա սկսեց մեղադրել ինձ ավազակ, գող և սատանա լինելու մեջ, որը գայթակղում էր մարդկանց և այլն։ Փորձեցի ուղիղ խոսել նրա հետ, բայց ապարդյուն։ Աստված ինձ համբերություն է շնորհել, որ լիակատար հանգստություն պահպանեմ։ Նա այն մոլեռանդ քահանաներից էր, որ կարծում է՝ մենք այստեղ ենք եկել հայերին գերմանացի դարձնելու և դրդելու, որ լքեն իրենց եկեղեցին, որը մենք բնավ չենք ցանկանում։

(շարունակելի)