Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1912 Vol. 5 nr. 3.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հագնում են գեղեցիկ կանաչ։ Ամենուրեք դաշտերում մարդկանց ես տեսնում, որ վարում են, փորում և ցանում իրենց հողերը․ այս ամենն այնքան գարնանային և հույսով լի է երևում։ Գետակներն հոսում են ուրախ, երևում են ծաղիկնեը։ Վերջերս ամառվա նման շոգ է, բայց այսօր թարմացնող անձրև եկավ, այնպես, որ այժմ ծաղիկները ծլում և աճում են ի ուրախություն մեզ։ Մի օր կեսօրին Ռուբենը, Եղիսաբեթը (աղջիկս) և ես գնացինք մանուշակներ գտնելու․ միայն մի անգամ էի մի քանի մանուշակ գտել Զատկի ժամանակ։ Այս անգամ որտեղ նայեցինք, չգտանք։ Միանգամից հույսս չկտրեցի ու ասացի, որ այդ հարուստ թուրքի այգում նախկինում մանուշակներ եմ քաղել։ Մենք ավելի մոտեցանք այգուն ու տեսանք բազում բուրավետ մանուշակներ։ Թուրքի կինը մեզ թույլ տվեց այնքան մանուշակ քաղել, որքան ուզեցինք․ ինձ նաև սուրճ հյուրասիրեց։ Ավելի ուշ բլուր բարձրացանք։ Խաղողի այգիներն ամբողջովին կարմրել էին վայրի կակաչներից։ Այնքան հրաշալի էր երկար ձմեռվանից հետո կրկին տեսնել գեղեցիկ ծաղիկներ․ այստեղ մենք տնային բույսեր չունենք։ Հրաշալի թարմացնող զբոսանք էր․ բոլոր ծաղիկներն էլ հիասքանչ էին։ Հաճախ չի լինում, որ դուրս ենք գալիս բնության գիրկը, քանի որ այս տարի քիչ ժամանակ ունենք․ Մուշում բոլոր ուղևորությունները հիվանդներին այցելելով ենք անցկացնում։ Կլինիկայում այս պահին 30-50 հիվանդ ունեմ․ նրանցից շատերն աղքատ են, բայց հաճախ նաև հարուստներ էլ են լինում, լինում են նաև քուրդ կամ թուրք կանայք։ Չնայած մի կաթոլիկ հայի արգելքին՝ ես շարունակում եմ իմ գործն անել․ իսկապես չեմ կարող թույլ տալ, որ այդ բոլոր աղքատ և հիվանդ մարդիկ հեռանան՝ առանց օգնության և հսկողության։ Նա անում է ամեն ինչ, որ խոչընդոտի հիվանդների հետ աշխատանքս, բայց մինչև հիմա Աստված օգնել է ինձ։ Մանկաբարձուհու իմ դիպլոմը, որը Բեռլինում թարգմանվել և կնիքվել է Թուրքիայի հյուպատոսության կողմից, հաստատվել է, և ես լիովին ազատ եմ աշխատել հղի կանանց հետ, բայց մյուս հիվանդներին չեմ կարող դեղ տալ։ Այս ամենն ուղղակի նախանձ է, որովհետև մարդիկ ինձ ավելի շատ են վստահում, քան իրեն, ով շատ երիտասարդ, անընդունակ բժիշկ է։ Մինչև հիմա թուրք բժիշկներն ինձ գոնե չեն վնասել։ Ասում են՝ նման բան պետք է սպասել հայերից։ Այսօր Ռուբենը երկար զրույց ունեցավ այդ բժշկի դեղագործների հետ, որոնք ասացին․ «Բոլովին մի՛ վախեցեք մեզնից»։ «Չենք վախենում»,- ասել է Ռուբենը,- «իսկապես, չենք վախենում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ բոլոր հիվանդները հեռանան՝ առանց օգնության և իրենց լավ զգալու»։

Մենք շատ ենք աղոթել, որ Աստված իր ուժեղ ձեռքը պահի իր այս գործի վրա, ամեն ինչ Նրա ստեղծածն է և Նրա արքայության տարածման համար է։ Բայց կրկին սատանան փնտրում է իրեն օգնողներ և խանգարում, որ լույսը հաղթի Մուշում։ Երբ հետ եմ նայում և տեսնում, թե ինչպես է Աստված սկսել և պահպանել այս գործը, օգնել դժվարությունների ժամանակ և բուժել այսքան մարդու, պետք է գովերգեմ ու պատվեմ Նրան իր բարեհաճության և բարության համար։

Հաճախ անհանգստությամբ և սարսուռով եմ գնացել շատ հիվանդների մոտ, որոնք այնքան աղքատ էին։ Սրտումս մի հարց կար՝ ինչպե՞ս կարող եմ օգնել նրանց։ Պատասխանատվությունը շատ մեծ էր, բայց Աստված օգնել է ինձ, առաջնորդել և սփոփել։ Նախկինում երբեք չեմ ունեցել Աստծո հրաշալի օգնությունը, ինչպես որ Մուշում, բայց երբեք չեմ էլ տեսել սեփական ոչնչությունս ու անկարողությունս։

Աղոթեք, սիրելի՛ ընկերներ, որ Հիսուս ամեն ինչ է դարձել ինձ համար և որ ամեն ինչ է անում ինձ համար։ Նա մեծ է և փառավոր, իսկ ես՝ ոչինչ, այնպես, որ նա միայնակ կարող էր արժանանալ այդ ամբողջ փառքին և փառաբանված լինել իմ կյանքում։

Ուզում եմ նորություն իմանալ ձեզնից։ Ինչո՞ւ ձեզնից որևէ մեկը չի գրում։ Քանի որ այս տարի չեմ կարողանում հաճախ գրել, պետք է ներեք ինձ․ շատ զբաղված եմ։

04/24/1912

Այսօր Ֆրանկինից եկած մի մարդու միջոցով կարճ նամակ ստացա քույր Թորայից։