Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1913 Vol. 6 nr. 4.pdf/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանից

Հատված քույր Բոդիլ Բյորնի նամակից


Սուրբ Կարապետ, հուլիսի 16, 1913, հայկական եկեղեցի, Մուշից 8 ժամ հեռավորության վրա

Շատ եմ ցավում, որ հազվադեպ եմ ժամանակ ունենում հայրենիք նամակ գրելու համար, բայց այստեղ՝ լեռներում՝ հեռու աղմուկից, թոհուբոհից ու խուճապից, ժամանակ ունեմ, որ հանգիստ պատասխանեմ իմ սիրելի նամակներին։ Երևի գիտեք, որ հունիսի սկզբին գնացի Միաֆարկին՝ հանդիպելու պաստոր Լոհմանին և քույր Թորային տեսնելու համար։ Ինձ հետ քիչ բան էի վերցրել, քանի որ 3 օրվա ճանապարհ էր Մուշից Ֆարկին․ ո՛չ մահճակալ ունեի, ո՛չ էլ անկողին, միայն մի քիչ սնունդ ու հագուստ։ Ռուբենն ու Սաբթին էլ էին մեզ հետ․ Սաբթին եկել էր մեզ ճանապարհը ցույց տալու ու պաշտպանելու, որովհետև ասում էին՝ քրդերի շրջանում իրարանցում է, և մի օր առաջ այս նույն ճանապարհին թուրք սպա էր սպանվել։ Մեր ձիերը մեզ հետ էին, հարթ ճանապարհն արագ անցանք, բայց լեռներում դժվար էր։ Առաջին օրն այդքան էլ վատ չէր․ երեկոյան հասանք քրդական Շեն գյուղ, որը բարձրադիր էր և գեղեցիկ։ Մի բարյացակամ քուրդ ցեղապետ մեզ հյուրընկալեց իր բաց, գեղեցիկ վրանում, որտեղ շուտով հանգստացանք։ Ցեղապետը և նրա եղբայրը ճաշեցին մեզ հետ․ փլավ էր, կանաչեղեն և ծանր, սև հաց, որն այնքան լավ էր ուտել երկար ճանապարհից հետո։ Այնուհետև նրանց համար թեյ պատրաստեցի, իսկ Ռուբենը լիմոնադ բերեց։ Այնքան հավանեցին լիմոնադը․ «Միայն մտածեք, որ գերմանացիները ծառայում են մեզ․ սովորաբար նրանք մեզ ոչինչ չէին տա»։ Ես ասացի Ռուբենին․ «Պետք է հնարավորություն գտնենք նրանց հետ հոգևոր թեմաներից խոսել, նրանց պատմել Հիսուսի մասին» և շուտով մեզ ընձեռնվեց նման հնարավորություն։ Նրանցից մեկն ասաց մյուսին․ «Տեսնում եք, որ գերմանացիներն իրենց երկրում էլ երջանիկ չեն, դրա համար էլ գալիս են այստեղ ճանապարհորդելու»։ Նրանց ներկայացրի մեր գալու իրական պատճառը, և շուտով երկար զրույցի բռնվեցինք հավերժական թեմաների շուրջ։ Ես հայերեն էի խոսում, իսկ Ռուբենը որքան կարողանում էր, թարգմանում էր քրդերեն։ Եթե քրդերեն թարգմանածը չէին հասկանում, ասում էր թուրքերեն, իսկ Սաբթին թարգմանում էր քրդերեն։ Հատկապես ուշադիր էին լսում ցեղապետի եղբայրն ու Սաբթին և այնքան հարցեր էին տալիս։ Սրտումս շնորհակալություն հայտնեցի Աստծուն այս վայրի քրդերի մոտ Հիսուսի մեջ փրկություն գտնելու մասին խոսելու հնարավորություն տալու համար։ Սկզբում բոլորն էլ ուզում էին գիշերն անցկացնել վրանում, բայց խնդրեցի, որ մեզ մենակ թողնեն և դրսում գիշերեն։ Բաց վրանում ցուրտ էր, բայց նրանք սենյակի կենտրոնում խարույկ վառեցին և մեզ տաք անկողին տվեցին։ Սաբթին ու Ռուբենը պառկեցին լիցքավորված հրացաններով, բայց ես ինձ այնքան ապահով էի զգում նրանց հետ, որ կարծես Մուշի իմ անկողնում լինեի։ Վաղ առավոտյան արթնացա, երբ քրդերից մեկը բղավեց․ «Ռուբե՛ն, Ռուբե՛ն, շտապի՛ր, ձիերից մեկը փախել է լեռներ»։ Ռուբենը հնարավորինս արագ վազեց։ Մեր երկու ձիերին ստիպված էինք կապել վրանից հեռու, քանի որ մոտակայքում լավ արոտատեղ չկար։ Դժբախտաբար, Սաբթիի ձին էր, մյուս ձին էլ շատ հեռու էր փախել՝ գետի մյուս կողմ, հավանաբար կորած ձիերի հետևից։ Հույս չունեի, որ այդ օրը ճանապարհ կընկնենք, բայց վստահեցի Աստծուն և շատ մեծ էր ուրախությունս, երբ 1-1.5 ժամ հետո իմացա, որ մեր ձիուն բռնել են, իսկ ավելի ուշ նրանք խորամանկորեն բռնեցին նաև Սաբթիի ձիուն։ Ավելի ուշ ճաշեցինք և լուսանկարվեցինք, որը հետո կուղարկեմ, եթե լավը լինի։ Վերջում մի ահազդու դերվիշ եկավ՝ սև, երկար մազերով և սև, չար աչքերով․ ուզում էր մեզ իր օձերը և ինչ-որ համար ցույց տալ։ Այդ մարդու ներկայությունից ինձ լավ չզգացի․ կարծես չար ոգի լիներ, որ կողքս նստած նայում էր ինձ։ Շատ ուրախ էի, երբ կրկին ճանապարհ ընկանք դեպի Ֆարկին։ Հոգնեցուցիչ օր էր՝