Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1913 Vol. 6 nr. 4.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեռներում վերուվար անելով։ Մի կողմում անդունդ էր․ շատ ժամանակ ստիպված էինք ոտաբոբիկ քայլել քարքարոտ ճանապարհով։ Դժվար էր, բայց վերջապես հասանք դաշտ և սկսեցինք ձիավարել։ Գետը չափազանց խորն էր, որ կարողանայինք ձիավարել, դրա համար էլ ստիպված էինք այս երկար ու դժվար ճանապարհով գնալ։ Այդ գիշեր մի անգամ գետի միջով գնացինք․ խորն էր։ Գիշերը ուշ հասանք հայկական Պասար գյուղ, որը մեծ էր, բարձրադիր և գեղեցիկ։ Շուտով մեր շուրջը հետաքրքասերների մի մեծ խումբ հավաքվեց։ Մի բարյացակամ կոշկակար մեզ իր տուն հրավիրեց, իսկ ուսուցիչն էլ մեզ ամեն ձև օգնեց։ Երրորդ օրը կեսօրին հասանք շեյխի տուն․ ուզում էինք հեռու գնալ, բայց ինձ ստիպեցին այցելել շեյխի կնոջը, որը հիվանդ էր։ Իջա ձիուց և ինձ ուղեկցեցին մեծ սրահ։ Շեյխը չափազանց բարյացակամ և քաղաքավարի էր, թույլ չտվեց, որ շարունակենք մեր գործը մինչև չճաշենք։ Անձամբ հոգ տարավ, որ ոչ ոք ներս չմտնի և չանհանգստացնի ինձ։ Մինչ ուտում էի, մի ծառա կանգնած քշում էր ճանճերին։ Այս շեյխը շատ հայտնի է, շատ գյուղեր ու հողեր ունի։ Բարի է նաև քրիտոնյաների նկատմամբ և շատ հյուրընկալ։ Մեծ տուն ունի։ Միայն մեկ կին ունի, որին երևում է, որ շատ է սիրում։ Վերջինս տարիքով ավելի մեծ էր, բայց պահպանել էր երբեմնի գեղեցկությունից որոշ բաներ։ Քանի որ այդ օրը երկար մնացինք, չկարողացանք Ֆարկին հասնել։ Չմտահոգվեցինք և մեզ կրկին հնարավորություն ընձեռնվեց շեյխի հետ խոսել Աստծո մասին․ նա ուրախությամբ լսեց մեզ։ Հաջորդ օրը շոգ էր, բայց երեկոյան կողմ լավ եղանակ էր ձիավարելու համար, վերջապես երևաց լուսինը։ Սաբթին չգիտեր ճանապարհը և ամենավատն այն էր, որ չգիտեր, թե որտեղով պետք է անցնենք խորը գետը։ Գյուղը, որտեղ պետք է գիշերեինք, գետի մյուս կողմում էր։ Սաբթին ու Ռուբենը մեկ ժամ բղավեցին և գոռացին, մինչև ինչ-որ մեկն եկավ, որ մեզ ցույց տա, թե որտեղով պետք է անցնենք գետը։ Վերջապես նրանք հասկացան, թե ինչ ենք ուզում, և երկու տղամարդ մեր ձիերը տարան գետի միջով․ ջուրը շատ բարձր էր և շատ տեղերում անհնար էր ձիավարել։ Այդ գիշեր մնացինք բաց տանիքով մի տանը․ լվերն այնքան շատ էին, որ չկարողացանք շատ հանգստանալ, բայց մարդիկ բարյացակամ էին և հարեհաս։ Հայկական գյուղ էր և երկրի այդ մասում գտնվող աղքատ գյուղերից մեկը․ այնպիսի տպավորություն ստացա, որ մարդիկ Ֆարկինում և դրա շրջակայքում տառապում են ոչ թե ֆիզիկական առումով, այլ հոգևոր։ Այդ շրջանում հայերի վրա մեծապես ազդում են քրդերը։ Մուշի շրջակայքում հայերն ուրիշ են և ավելի անաղարտ ու անբիծ են պահպանել իրենց ազգությունը։ Տարիների հետ հայերն ավելի ու ավելի թանկ են դառնում ինձ համար․ ես ավելի լավ եմ հասկանում նրանց, զգում եմ նրանց հետ իրենց բոլոր դժվարություններն ու դժբախտությունը։ Հայաստանը դարձել է իմ երկրորդ հայրենիքը։ Գիտեմ, որ Աստված է իմ սրտում ցանել այս սերը դեպի այս երկիրը և ժողովուրդը․ սա օգնում է ինձ առաջ գնալ, այնպես, որ կարող եմ դիմանալ և ի վերջո, լավ բաներ սպասել և հուսալ այս կեղեքված, դժբախտ և տանջահար ժողովրդի համար։

Հաջորդ օրը կեսօրին հասանք Ֆարկին, որտեղ մեզ հյուրընկալեցին մեր սիրելի քույրերը։ Ֆարկինը շատ գեղեցիկ վայրում է տեղակայված, մեծ այգիներ ունի, հին ու շատ գեղեցիկ քաղաք է։ Դուք շատ լավ գիտեք սրա մասին քույր Թորայի պատմածներից, այնպես որ շատ բան չեմ ասի։ Սարսափելի շոգ է․ դժվար թե կարողանայի ապրել այստեղ։ Այն վեց օրը, որ այստեղ էի, չկարողացա քնել շոգի և միջատների պատճառով։ Հետաքրքիր էր տեսնել քույր Թորայի փոքրիկ տունն ու աշխատավայրը։ Դռները փակ էին, երբ այնտեղ գնացինք, դրա համար էլ փորձեցին ինձ մեկ այլ վայր տանել։ Երեքշաբթի՝ հունիսի 17-ին, դուրս եկա քույր Թորայի հետ՝ դիմավորելու պաստոր Լոհմանին։ Շատ, շատ հաճելի էր տեսնել նրան ու քույր Հենսինին, բայց ամեն ինչ խառնվեց, երբ քույր Թորան ձիու հետ ընկավ փոսի մեջ։ Բոլորովին լավ չէր զգում իրեն։