Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1914 Vol. 7 nr. 1.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Սիրեմշը (բնօրինակ՝ Siraimsch) ապրում է Գենշ կոչվող փոքրիկ քաղաքում, որը Մուշից գտնվում է 1.5 օրվա հեռավորության վրա։ Նա ամեն անգամ այցելում է ինձ, երբ գալիս է Մուշ։ Անցած տարի ամուսնացավ 17 տարեկանում։ Երջանիկ է, նրա մոտ ամեն ինչ լավ է։ Այսօր երկար նստեցի և զրուցեցի իր հետ։ Նա ասաց․ «Այնքան շատ եմ սիրում կարդալ Աստվածաշունչ։ Ամեն օր եմ կարդում՝ առավոտյան և երեկոյան․ այո, հաճախ նաև օրվա մեջ․ ամուսինս էլ է կարդում։ Հենց գնացի իմ նոր տուն, սկսեցի կարդալ։ Իմ Աստվածաշունչը, որը ստացել էի, երբ դպրոց էի գնում, արդեն պատռվել է, որովհետև միայն ես չեմ կարդում, այլ տան ամեն մի անդամ, որ կարդալ գիտի»։ Նա շատ ուրախացավ, երբ նրան մի նոր Աստվածաշունչ տվեցի։ Ամուսինը շատ բարի է նրա նկատմամբ և շատ շնորհակալ, որ այնպիսի կին ունի, որը կարողանում է գրել և կարդալ։ Սիրեմշն ազատ է տանը, կարող է այնքան կարդալ, ինչքան որ ցանկանա և շատ գոհ է։

Նրան հարցրեցի, թե արդյոք երբեմն կարդում է Գենշի կանանց համար։ «Օ՜, այո՜»,- նա պատասխանեց,- «երիտասարդ աղջիկներն ու երիտասարդ կանայք սիրում են լսել»։ Գենշի մոտակայքում գտնվող մի փոքրիկ գյուղում ապրում է ևս մի ամուսնացած աշակերտ, և այս երկուսը ժամանակ առ ժամանակ հանդիպում են և կարդում միասին։

Մուշում արդեն մի քանի ամուսնացած աշակերտ ունենք, բայց դժբախտաբար բոլորը նույնքան երջանիկ և ազատ չեն, ինչպես Սիրեմշը։

Այս ձմեռ այցելեցի իմ սիրելի աշակերտներից մեկին, ում մայրը գաղտնի ամուսնացրել էր 3 տարի առաջ։ Նրա ամուսինը շատ անհարգալից է նրա նկատմամբ, բանտարկյալի նման փակում է, թույլ չի տալիս եկեղեցի, բաղնիք կամ մի ուրիշ տեղ գնալ, արգելել է նաև Աստվածաշունչ կարդալ։ Նրան խրախուսեցի ամեն դեպքում կարդալ, թեև դրա համար կարող է պատժվեր։ Նրա անունը Թելլի է, հեզ և հանգիստ աղջիկ է, մեր ամենասիրելի աշակերտներից մեկն է եղել․ շատ տխուր եմ նրա համար։ Սիրելի՛ ընկերներ, աղոթե՛ք այս երիտասարդ կնոջ համար, նրա կյանքն այնքան տխուր է։

Դպրոց ղեկավարելու ամենաբարդ բանն այն է, որ շատ մայրեր իրենց դուստրերին ամուսնացնում են վաղ հասակում՝ հաճախ 11-12 տարեկանում։ Ես պայքարում եմ դրա դեմ որքան կարողանում եմ, բայց դեռևս օգուտ չկա։ Նրանք հաճախ չեն էլ հարցնում, թե ինչ տղամարդ է, արդյոք ապրելու համար բավարար միջոցներ ունի և նման հարցեր։

Աշակերտները սիրում են դպրոց հաճախել և հաճախ այնտեղից չեն էլ գնում, բայց ի՞նչ կարող են այս երկրում անել աղջկա արցունքները։ Հուսով եմ՝ դպրոցները կօգնեն աստիճանաբար փոխել սա։

Այս տարի քննությունը շատ լավ էր։ Աշակերտները և ուսուցիչները լավ էին աշխատել․ անմիջապես զգացվում էր։ Նրանք արագ և ճիշտ էին պատասխանում ուսուցիչների հարցերին։ Բաներ կային, որ մեխանիկորեն էին սովորել, շատ բաներ էլ պատմում էին անգիր արած, բանաստեղծություններ և պատմվածքներ էին կարդում՝ առանց դրանց իմաստն իսկապես հասկանալու, բայց, ընդհանուր առմամբ, նրանք լավն էին և ուրախություն էր տեսնել, թե ինչ եռանդով էին նրանք աշխատել։ Ընդհանուր առմամբ, նրանք շատ լավն էին։ Մարիտյան էլ նրանց այնքան լավ երգել էր սովորեցրել։

Մեծերը 30 գեղեցիկ իր էին ասեղնագործել, որը հետո պետք է վաճառենք։

Այս ընթացքում ինձ համար շատ կարևոր է տղաների համար դպրոց հիմնել։ Մինչև հիմա մեր որբանոցի արական դպրոցում Մուշից միայն մի քանի աշակերտ ունեինք։ Բավականաչափ սենյակ ու ուսուցիչ չունեինք դրա համար։

Մուշում այս տարի ամենայն հավանականությամբ տղաների համար ավագ դպրոց չի լինի, մեր տարածքն էլ հիմա մռայլ է, մինչև որ ուրիշները տղաների համար ավագ դպրոց կբացեն, կներգրավեն երիտասարդներին հանուն Քրիստոսի։ Սիրելի՛ ընկերներ, աղոթե՛ք և աշխատե՛ք այս կարևոր գործի համար։

Մուշի արական դպրոցում մոտ 50-55 աշակերտ ունենք, իգական դպրոցում՝ մոտ 50-55, ցերեկային դպրոցում՝ 95 աշակերտ և ընդհանուր՝ մոտ 200 աշակերտ։

Գյուղի դպրոցում 150 աշակերտ է սովորում։ Գյուղերում հաճախ դժվար է աշխատելը, քանի որ գյուղացիները դեռ չեն հասկանում, թե ինչ կարևոր է երեխաների համար կանոնավոր և ժամանակին հաճախել դպրոց։ Այդուհանդերձ, բոլոր գյուղերում նույն պատկերը չէ։