Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1914 Vol. 7 nr. 1.pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խորունքում (բնօրինակ՝ Chorurg, հնարավոր վրիպակ, հաջորդիվ հանդիպում է Խորունք անվանումը՝ Chorung), օրինակ, աշակերտները դպրոց են գալիս հենց այն բացվում է, բայց Հավատորիկում, որտեղ երեխաները ոչխարների հոտի հետ լեռներում են մինչև հոկտեմբերի կեսը, չենք կարող ակնկալել, որ երեխաները մինչև այդ ժամանակ կանոնավոր հաճախեն դպրոց։ Բնակիչներն աղքատ են և չեն կարող ապրել առանց իրենց երեխաների օգնության, և քանի որ սովորաբար ամբողջ ընտանիքն ապրում է լեռներում՝ հոտը պահելու համար, ապա փոքրերը ևս չեն կարողանում ավելի շուտ դպրոց հաճախել։

Անցած տարին գյուղերի դպրոցների առումով լավ չէր։

Ինչպես գիտեք, 1912 թվականի դեկտեմբերի 26-ին մեր սիրելի և տաղանդաշատ ուսուցիչ Արսենը, որը գործի էր անցել Մուշի արական դպրոցում, անսպասելիորեն մահացավ թոքաբորբից։ Նրա փոխարեն ստիպված եղա Մուշ կանչել պարոն Մարգարին Դերկեվանք գյուղից։ Այս գյուղը մոտ 8 շաբաթ առանց ուսուցիչ և քարոզիչ մնաց։ Փոխարենը գյուղացիները տեսան, թե ինչից զրկվեցին ու պարբերաբար գալիս էին և ինձնից նոր ուսուցիչ խնդրում։

Հունվարին պարոն Սմբատը հիվանդացավ Խորունք գյուղում և նրան հետ բերեցին իր Դերկեվանք գյուղ, քանի որ Խորունքի իր տունը շատ աղքատիկ և սառն էր։ Նրա մոտ նույնպես թոքաբորբ էր, բայց, փա՜ռք Աստծու, 8 շաբաթ անց լավացավ։

Այսպիսով, Խորունքը ևս մի քանի շաբաթ առանց ուսուցիչ մնաց։ Ավելի ուշ, Սասունից մի ուսուցիչ կանչեցի, որ փոխարինի Սմբատին Խորունքում, իսկ պարոն Սմբատն էլ մնաց Դերկեվանքում։

Հավատորիկում քահանան և ուսուցիչը վիճաբանեցին։ Այնտեղ և՛ քահանա, և՛ ուսուցիչ ունենք, քանի որ մեծ գյուղ է։ Ստիպված էի հեռացնել ուսուցչին, քանի որ նա մեղավոր էր և չէր ցանկանում ընդունել․ բայց մինչև արձակուրդները նա մնաց որպես ուսուցիչ։ Մեզերեի մեր սեմինարից մի լավ ուսուցիչ ունեինք, բայց հիմա նրան ամենուրեք փնտրում են, որ զինվորական ծառայության տանեն որպես զինվոր։ Դեռ 3 տարի առաջ էին նրան ցանկանում տանել, այնպես որ ոչ մի հույս չկա, որ նրան կազատեն ծառայությունից, թեև ուսուցիչ է։ Շատ խիստ են։ Բայց հուսով եմ՝ Մեզերեից մեկ այլ ուսուցիչ կունենանք։

Շատ հաճախ թույլ եմ տալիս, որ ձեռքերս ընկղմվեն հուսահատության մեջ, բայց Աստված հանգիստ ասում է․ «Մի վախենար, միայն հաւատա, եւ կ’ապրի», Ղուկաս 8։50, և ես նորից քաջություն եմ հավաքում պայքարելու համար։ Խավարն այստեղ շատ է, և սատանան ցանկանում է կործանել Աստծո ամբողջ գործը, բայց մենք կլինենք խիզախ և կվստահենք Աստծուն, քանի որ Հիսուսը վերջապես կհաղթի այստեղ և թույլ կտա, որ իր փառքը շողա այս խավար վայրում ևս։

Սիրելի՛ ընկերներ, ես չեմ ցանկանում ձեզ ցույց տալ միայն լավն ու լուսավորը, այլև մութ կողմերն ու դժվարությունները, որպեսզի դուք ավելի լավ հասկանաք այս աշխատանքը և ավելի լավ պայքարեք մեզ հետ։ Այս տարի քննություններ ունեցանք նաև գյուղերում, որոնք լավ անցան և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների համար։ Իհարկե, դեռ շատ բան կա անելու, բայց շատ բան նաև ոգևորում էր։ Հաճախ զարմանում էի աշակերտների լավ և արագ պատասխաններից։

Այդուհանդերձ, Հավադայում, որտեղ դպրոցի ժամերը շատ կարճ են, աշակերտները բավականին լավ էին սովորել, և զգացվում էր, որ քահանան և ուսուցիչը՝ երկուսն էլ ջանք չեն խնայել։ 50 աշակերտ կար։

Դերկեվանքում աշխատանքը սպասվածից վատ էր, աշակերտների թիվն էլ ցածր էր, բայց հուսով եմ՝ այս տարի ավելի լավ կլինի։

Մոգոնքում ուսուցիչը հոգատարությամբ էր աշխատում և որոշ առարակներից էլ, օրինակ՝ հաշվելուց, աշակերտները շատ լավ էին։ Ընթերցանությունից էլ էին լավ, նույնիսկ փոքրերը գիտեին այբուբենը։ Վերջում էլ տարբեր գեղեցիկ երգեր երգեցին։

Հունանում ավարտական երեկոյին ներկա չէի, որովհետև Միաֆարկին էի գնացել՝ հանդիպելու պաստոր Լոհմանին, բայց մնացածն ասացին, որ աշակերտները լավ էին սովորել։ Գյուղացիները սիրում են իրենց ուսուցչին, և ձմռանը վերջինս հաճախ է հանդիպում նրանց հետ գոմի կողքի սենյակում, որ նրանց համար Աստվածաշունչ կարդա և զրուցի հավիտենական բաների մասին։ Այս ամռանը Հայ առաքելական եկեղեցու մի քահանա եկավ, որը