Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1914 Vol. 7 nr. 1.pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցանկանում էր խանգարել մեր աշխատանքն այստեղ։ Աղոթե՛ք, որ նրան դա չհաջողի։

Հունանում մենք միայն մի փոքր վարձակալած տուն ունենք՝ երկու փոքր սենյակներով․ մեկը՝ ուսուցչի համար, մյուսն էլ՝ դպրոցի և հանդիպումների։ Վարձը թանկ է։ Լավ կլինի, որ հաջորդ տարի բավարար գումար ունենանք մեր սեփական փոքր տունը կառուցելու համար։

Խորունքում, Մհերից բացի, բոլորը Հայ առաքելական եկեղեցուց են։ Դպրոցական աշխատանքը նոր բան է՝ ընդամենը 1¼ տարեկան։ 20 աշակերտները կարճ ժամկետում զարմանալիորեն արագ սովորեցին և հաճույքով են դպրոց հաճախում։ Գյուղացիներն էլ են սիրում իրենց փոքր դպրոցը։ Երբ այցելեցի նրանց անցյալ կիրակի, բոլոր աշակերտները միանգամից հավաքվեցին և ուղեկցում էին ինձ, ուր էլ գնայի։

Մհերի որդին՝ Մուրադը, 7 տարեկան է, քաղցր, շատ խելացի և աչալուրջ տղա է։ Նա անմիջապես ցանկացավ կարդալ ինձ համար և գնաց բերեց հոր մեծ Աստվածաշունչը։ Կարդաց Հովհաննեսի Ավետարանի 3-րդ գլուխը, և ամեն ինչ լավ անցավ։ Ավագ որդին մեզ հետ Մուշ եկավ երեք տարով, որ դպրոց գնա։ Որպեսզի լավ սովորի, Մհերը նրան մեզ մոտ է թողնում․ նա նույնպես լավ և խելացի տղա է։ Մհերը ասաց․ «Հետագայում նրան ճեմարան կուղարկեմ Մեզերե, և երբ ուսուցիչ դառնա, կգա Խորունք և կդասավանդի երեխաներին»։ Արտաշեսն էլ դեմ չէ։ Մհերն ինքնուրույն էլ է սովորում կարդալ և կարողանում է Աստվածաշնչից ամեն ինչ կարդալ։ Նա կցանկանար, որ իր գյուղը ուրիշ լիներ և հավանաբար աշխատում է Աստծո համար։

Գյուղացիների կառուցած տունը շատ փոքր է և բավարար չէ դպրոցի և ուսուցչի համար։ Եթե Աստված ցանկանա և մեզ գումար շնորհի, կցանկանայինք մյուս տարի դպրոց կառուցել՝ 2 սենյակով։ Գյուղացիները տալիս են հողակտորը, և բոլորն էլ կաշխատեն, եթե մենք տախտակներ, մի քանի լավ որմնադիր և ատաղձագործ տրամադրենք, որոնք կկառուցեն պատերը և տունը։ Նրանց կարծիքով այդպիսի տունը կարժենա 30-40 լիրա։

Վերջապես, Մհերի տանը մի փոքր հավաք կազմակերպեցի, բայց, դժբախտաբար, ոչ բոլորը եկան, որովհետև աղան է գյուղում՝ մի թուրք, որը նրանցից մի քանիսին ստիպում է նաև կիրակի օրերին աշխատել իր համար։ Վախենում են, որ եթե չաշխատեն, իրենց ծղոտը կամ խոտը կվառի։ Անցած տարի Մհերի եղբայրը հրաժարվել էր տալ իր բեռնասայլակը, և աղան այրել էր Մհերի խոտը, որը 20 լիրա արժեր․ ձմռանը անասունները մնացին առանց խոտ։ Այսպես, թուրքերը վրեժ են լուծում, քանի որ գիտեն՝ աղքատ հայ գյուղացիները արդարություն չեն ստանա կառավարությունից։

Այս տարի մորեխները ոչնչացրել են գյուղացիների հացահատկի և ծխախոտի մեծ մասը։

Ուրախ եմ, որ վերջապես Մուշում Աստվածաշունչ կարդալու համար հարմար կին գտա։ Նա տարեց այրի է, անունը Մարիամ է, խանդավառ և ջերմ քրիստոնյա։ Թուրքերեն էլ գիտի, այնպես որ կարող է այցելել նաև թուրք կանանց, ինչի համար ուրախ եմ։ Մի քանի տարի Խարբերդում Աստվածաշունչ է կարդացել։ Այնքան շնորհակալ եմ Աստծուն այս օգնության համար։

Գյուղերում իգական ցերեկային դպրոցների համար Ասիայի, Եվրոպայի և այլ տարածքների մեծ քարտեզների, բազում դասագրքերի կարիք ունենք։ Շատ ուրախ կլինենք, եթե նաև մի քանի լավ, մեծ աստվածաշնչյան նկարներ ունենանք, որոնք կարող ենք կախել պատերից։

Իմ անկեղծ շնորհակալությունը բոլոր աղոթքների և օգնության համար։ Մուշում ավետարանչականությունը և դպրոցի աշխատանքն այնքան կարևոր է առաքելության առաջընթացի գործում, դրա համար էլ ուզում եմ այն ջերմորեն պահել մտքումս։

Ջերմ ողջուններ ձեր նվիրված,

Բոդիլ Բյորն

Բժիշկ Մուշի համար


Մուշը 20000 բնակիչ ունի, որոնցից 10000-ը հայեր են, իսկ 10000-ը՝ մահմեդական։

Մուշի հարթավայրերում 350 գյուղ կա, իսկ լեռներում՝ 50։ Այս 400 գյուղերի մեծ մասը հայկական է։