Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1916 Vol. 9 nr. 1.pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոդիլ Բյորնից


Մեզրե, սեպտեմբերի 8, 1915

Հավանաբար զարմացած եք, որ այլևս Մուշում չեմ, բայց քանի որ հիմա այնտեղ աշխատանք չունեմ անելու, օգոստոսի 11-ին քույր Ալմայի, մեր մի քանի մարդկանց և երեք ուսուցիչների հետ գնացի Մեզրե։ Երբ կվերադառնամ և թե արդյոք կվերադառնամ, անհայտ է։ Բայց կարծում եմ, որ այս ձմեռ Մեզրեում կմնամ։ Քույր Ալման երևի հայրենիք է վերադառնում և հուսով եմ՝ կգնա նաև Քրիստիանիա։ Այս ժամանակներում այնքան քիչ ենք նամակ գրում, շատ նամակներ էլ կորչում են։ Ես էլ էի ցանկանում հայրենիք գալ, բայց նախ պետք է տեսնեմ, թե ինչպես են գործերն այստեղ։ Միգուցե մենակ չգամ, միգուցե մի քանի ուսուցիչների հետ, բայց չգիտեմ, թե ինչ կասեք ինձ տանը և թե արդյոք հնարավոր է դա։ Թե ինչու եմ ուզում գալ, չեմ կարող բացատրել ավելին։ Միգուցե չգամ էլ, համոզված չեմ, բայց Աստված ինձ ցույց կտա ճիշտ ուղին։ Համենայն դեպս, կուզեմ լսել ձեր կարծիքը։

Կարող եք պատկերացնել, թե ինչ ծանր էր ինձ համար թողնել Մուշն ու այնտեղի իմ աշխատանքը, բայց դա անհրաժեշտ էր։ Այնուամենայնիվ, հուսով եմ՝ այս տարվա մեջ կկարողանամ կրկին այցելել կայան։ Աղոթե՛ք, որ Աստված այդպես կամենա։

Մինչև խաղաղություն չլինի, հավանաբար չեմ վերադառնա հայրենիք։ Շատ նամակներ չեմ գրել, այս տարի ևս շատ գործ ունեի, որ ոչ հնարավոր է պատմել, ոչ էլ դուք կարող եք դիմանալ պատմածներիս։ Ավա՜ղ, սիրելի տիկին Հ․, գաղափար անգամ չունեք, թե ինչի միջով եմ ես անցել։ Վերջին երկու ամիսներին բոլորովին այլ մարդ եմ դարձել։

Հուլիսի 6-ին հիվանդացա տիֆով, երբ քաղաքի բոլոր բնակիչներն ապաքինվեցին։ Կարծես թե պետք է առողջ մնայի այնքան ժամանակ մինչև մյուսները հիվանդ էին։ Հոգնած էի, դրա համար էլ վարակվեցի։ Ամբողջ ժամանակ աշխատում էի տիֆով հիվանդների հետ, այնպես որ տարօրինակ կլիներ, եթե շուտով չհիվանդանայի։ Ամենավատ ժամանակ հիվանդացա և թե որքան ծանր էր դա ինձ համար, կարող եք միայն պատկերացնել։ Աստծո ճանապարհներն ու խորհուրդները