Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1917 Vol. 10 nr. 3.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանից


Քույր Բոդիլի 7/4 թվագրված նամակում ասվում է հետևյալը․

Սիրելի՛ ընկերներ, շնորհակալություն այն մեծ նվերի համար, որ ուղարկել էիք։

Սիրելի՛ տիկին Իհլեն Հանսեն, շնորհակալություն նաև նամակի համար։ Թվում է՝ շուտով տուն վերադառնալու իմ հույսը չի իրականանա։ Կարծես պետք է սպասեմ մինչև աշուն, թե ինչու, դեռ չգիտեմ։

Բայց Աստված, որ ամեն ինչ լավ ավարտի է հասցնում, կուղեկցի և կառաջնորդի ինձ․ ամեն ինչ նրան կթողնեմ։ Այդուհանդերձ, այնքան շատ եմ ուզում տեսնել ձեզ բոլորիդ։ Այնքան տարիներ են անցել, ինչ բացակայում եմ տնից և այդ տարիների ընթացքում շատ բաների միջով եմ անցել։

Միգուցե Աստված ամեն ինչ ուղղի, և կարողանամ Նորվեգիա վերադառնալ հունիսին կամ հուլիսին։ Հանգստի կարիք ունեմ և խնդրել եմ պաստոր Լոհմանին անել ինչ որ կարող է ինձ համար։ Իմ տեղակալն այստեղ է և ֆոն Դոբլերսն էլ է ուզում, որ ես գնամ։

Քույր Հեդվիգ Բյուլը, որը գերմանացի ուսուցիչ է, Զատիկին ինձ հետ եկավ մեր կայան՝ Մարաշ, որ մի փոքր թարմանա։

Լավ ուղևորություն ունեցանք լեռներով։ Այստեղ գարուն է և ամեն ինչ այնքան փարթամ ու գեղեցիկ է ծաղկում։

Երեկ գնացինք մեր խաղողի այգիներ՝ հանգստանալու․ այս կայանում ապրում են մեր երեք քույրերը։ Այստեղ հիասքանչ է՝ հատկապես տարվա այս եղանակին։ Միասին կարդում ենք, քնում և զվարճանում։

Մարաշը գեղեցիկ կայան է։ Գերմանացի սպաներն ու զինվորներն արագ ապաքինվում են հիվանդանոցում։

Աստծո խոսքն է հնչում, և նրանք ուրախությամբ լսում են, իսկ մենք էլ հույս ունենք, որ այն իր արմատները կգցի շատերի մեջ։

Հարունիեում իմ տեղակալն իր վրա է վերցրել իմ աշխատանքի մի մասը․ այժմ ես զբաղվում եմ միայն հիվանդ երեխաների բուժմամբ և նրանց քույր-եղբայրների խնամքով։

Այդուհանդերձ, շատ երեխաներ հիվանդ են մալարիայով։ Սկսել եմ քինինի ներարկումներ անել, բայց որոշներին օգնում է, որոշներին էլ՝ ոչ։ Շատերը նաև մաշկի հիվանդություն ունեն, որը պետք է բուժվի խոնավությամբ։ 30 հիվանդ ունեի, հիմա միայն վեցն են մնացել։ Մենք ջանասիրաբար աշխատեցինք, որ հիվանդությունը նահանջի։

Այստեղ կան նաև խնամքի կարիք ունեցող վիրավորներ։ Իմ փոքրիկ Փիթերը լավ է հիմա․ այնքան հիվանդ էր, որ ստիպված էի նրան տեղավորել իմ սենյակում և օրուգիշեր խնամել։ Երկու տարեկան է, բայց լավ է հասկանում գերմաներեն։

Ինչպե՞ս եք դուք բոլորդ։ Այս նամակն ուղարկեք Կրագերյոյի իմ ընկերներին, որ նրանք էլ ինձնից բարևներ ստանան։ Հարունիե 18-4-17։

Զինվորների հետ մեքենայով լավ զբոսանք ունեցա․ նրանք կրկին ծառայության են մեկնում, միայն մի ազատ տեղ կար, և ես նստեցի։ Մեքենան մեկնում է շաբաթը մեկ անգամ։

Մարաշի հիվանդանոցը բարձրադիր է, ընդարձակ, լավ կահավորված․ նայում է դեպի քաղաքը և հարակից տարածքը։ Դեղատուն և կլինիկա էլ կա քաղաքում։ Մեքենան անցնում էր լեռների և ջրերի միջով, բայց մեր վարորդներն այնքան ուշադիր էին, որ մեզ մեքենայից իջեցնում էին ամենավատ հատվածներում։ Աղբյուրի մոտ՝ ծառերի ստվերի տակ, կերանք մեզ հետ բերած ճաշը և հանգստացանք մի քանի ժամ։

5-6 ժամ քշելուց հետո հասանք գնացքի կայարան, որտեղ այցելեցի մի ինժեների կնոջ, որն ինձ սուրճ և մեղր հյուրասիրեց։

Մի կանգառ էլ արեցինք ճանապարհին, որի ժամանակ այցելեցինք զինվորների տուն, որտեղ մեր երեք մեծ տղաներն էին աշխատում։ Նրանք ուրախ էին տեսնել մեզ և