Jump to content

Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1919 Vol. 12 nr. 1.pdf/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հատվածներ Հայաստանից ստացած նամակներից


Քույր Հեդվիգ Բյուլը գրում է Մարաշի գինու լեռներից, որտեղ մեկնել է հանգստանալու 1918 թվականի հուլիսի 18-ին․

«Երբ հետ ենք նայում, այնքան բանի համար պետք է շնորհակալ լինենք։ Մինչև այսօր Աստված օգնել է մեզ ամենամեծ դժվարությունների ժամանակ։ Ե՛վ Հարունիեում, և՛ Մարաշում, Աստված միշտ դուռ է բացել և օգնություն ուղարկել մեզ, այնպես որ դրա պակասը չունեինք։ Ադել Հերհոլդը մեծ գործ է սկսել, որտեղ աղջիկները մանում են, հյուսում և գործում, ինչն այնքան բան տվեց որբանոցին։ Այս գարուն էլ ծանր փոթորկոտ ամպեր տեսանք, բայց դրանք անցան և թվում է՝ պայծառ օրեր են կրկին բացվելու մեր ընկերների համար։ Գները դեռ բարձրանում են․ ամեն ինչ շատ թանկ է։ Հարունիեում երեխաներն այս տարի ավելի առողջ էին․ դպրոցում էլ մեծ բավականություն էի ստանում նրանցից։ Գրեթե մեր բոլոր մեծ տղաներն ամռանն աշխատում էին ճանապարհին կամ զինվորների տներում, աղջիկները բավականին զբաղված էին կար-կարկատանով։ Քույր Յոհաննան էլ շատ գործ ուներ գյուղի հիվանդների շրջանում և կլինիկայում։ Ասեցի՞, որ նամակներ եմ ստացել Հոփսալ֊Էստոնիայի իմ սիրելիներից։ Չեմ կարող ասել, թե ինչ զգացի․ կարծես նրանց նորից ինձ հետ տվեցին։ Օրհնյա՜լ լինի Աստված։ Սարսափելի ժամանակների միջով են անցել, բայց Աստված զարմանալիորեն փրկել է նրանց բոլորին»։

Հարունիեի մեր ուսուցչուհիներից մեկը՝ Արմենուհին, գրում է 1918 թվականի հունիսի 28-ին․

«Շատ շնորհակալություն նամակիդ համար։ Այնքան եմ ուրախանում, որ քեզնից նամակ եմ ստանում և տեսնում, որ չես մոռացել մեզ։ Շատ կցանկանայի, որ դու նորից մեզ հետ լինես։ Նամակ եմ ստացել եղբորիցս (որն արտաքսված է)։ Նա կնոջ հետ մեծ վշտի մեջ է, և չգիտեմ, թե ինչ անեմ, բայց հավատում եմ, որ իմ Փրկիչն ամեն ինչ գիտի և ճիշտ ժամանակին կօգնի»։

* 

Տիկին ֆոն Դոբլերը գրում է Հարունիեից 1918 թվականի սեպտեմբերի 22-ին․

«Շատ էի ուզում գրել քեզ։ Նոր 32 նամակ գրեցի երեխաների խորթ ծնողներին։ Պետք է նաև մի քիչ պատմեմ այստեղից։ Մեր երկու ուսուցիչները լավ են իրենց ընտանիքների հետ, լավ է նաև Գրիգորը՝ մեր գնորդը։ Կարողանում էինք ինչ-որ չափով օգնել նրանց, որ որոշ բաներ գնեն, բայց հիմա պարոն Շուկարդտից իմացանք, որ էլ ոսկեդրամ չենք ստանալու, այնպես որ անօգնական վիճակում ենք։ Եթե Աստված հրաշք չգործի, որբանոցը գոյություն չի ունենա։ 150