Jump to content

Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1919 Vol. 12 nr. 1.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երեխա ունենք և չգիտենք՝ ինչպես հոգ տանենք նրանց կարիքները։ Պատրաստվում ենք արտադրություն սկսել, որը կօգնի մեզ, բայց բավարար չէ բոլորի կարիքը հոգալու համար և որտեղից պետք է գումար գտնենք արտադրություն սկսելու համար։ Հիմա կտրված ենք Ամերիկայից, որ օգնություն ստանանք, բայց չենք հանձնվի, Աստված կօգնի, եթե նույնիսկ ճար չգտնենք։ Մեր տղաներից 32-ն իրենց ապրուստը վաստակում են զինվորների տներում, բայց նրանց փոխարեն 21 նոր երեխա ենք բերել Էնթիլլիից, երբեմն էլ նորից երեխա ենք վերցնում։ Սիրելինե՛րս, աղոթե՛ք, որ Աստված հրաշք գործի և փրկի մեզ այս մեծ կարիքից։

Այս ամռանը Հասանբեյլիի լեռներում էինք, ապրում էինք վրաններում և տերևներով պատրաստված հյուղակներում։ Շատ լավ ժամանակ անցկացրինք, երեխաներն էլ լավ ապաքինվեցին։ Բանջարեղենը շատ էժան էինք գնում, համեղ ջուր էլ կար մոտակայքում, վառելափայտն էլ լիքն էր։

Քույր Մարին հիվանդ է տիֆով։ Եղբայր Ստորքը թույլտվություն ստացավ մեկնել Մարաշ՝ ղեկավարելու այնտեղի արական դպրոցը։ Մարաշում իսպանական գրիպ է բռնկվել, 150 աղջիկ է հիվանդացել Բեթելի որբանոցում։ Այստեղ երեխաները, չնայած աղքատիկ սննդին, այս տարի այնքան առողջ էին, միայն մի քանիսը հիվանդացան մալարիայով»։

Էլմաս Նշանյանը՝ Մուշի մեր նախկին ուսուցիչը, գրում է Մեզերեից 1918 թվականի սեպտեմբերի 30-ին․ «Իմ սիրելի՛ մայր, սեպտեմբերի 10-ին կրկին բացվեց արական դպրոցը։ Շատ աշակերտներ ունենք։ Թուրքերեն ու գերմաներեն եմ դասավանդում՝ շաբաթական 29 ժամ․ թվում է՝ այս տարի շատ ավելի հեշտ է լինելու։ Պարոն Էհմանի դստերը՝ Ինգեբորգին, դասավանդում եմ կրոն և գերմաներեն ընթերցանություն։ Վաղը կբացվի նաև իգական դպրոցը։ Եթե միայն մտածենք, որ այսքան ժամանակ աղջիկները դպրոց չեն ունեցել․․․ Ինչքա՜ն լավն էին Մուշի աղջիկները, այնքա՜ն լավ էին սովորում, շատ հեզ ու աշխատասեր էին։ Ո՞ւր են հիմա բոլորը։ Աստված շատ հավատարիմ է եղել ինձ այս 4 տարիների ընթացքում։ Երեկ երախտագիտական աղոթք արեցինք։ Չգիտեմ, թե Աստված ինչ կորոշի ինձ համար, լիովին նվիրվել եմ Նրան։ Եթե կամենա, ճանապարհ կբացի և ինձ քեզ մոտ կբերի։ Նա գիտի, թե ինչն է ինձ համար ամենալավը։

Այս տարի բերքն այնքան առատ էր, բայց նորից թանկ։ Որբանոցները նախկինի նման չեն կարող ձմեռվա համար պաշար պատրաստել։ Սաթենիկը՝ Մուշի մեր աղջիկներից մեկը, որը մեզ հետ եկել էր Մեզերե, ջերմորեն բարևում է քեզ։ Նա Աստծո սիրելի զավակն է։ Իմ կողմից բարևիր բոլոր բարեկամներին և ընկերներին»։

Աստծո գթությամբ հայերի ապագան սկսում է պայծառանալ, թեև այս օրերին հաղորդում են Կովկասում նոր սարսափելի կոտորածների մասին։ Հավատում ենք, որ տարբեր միսիոներ-պատվիրակներ շատ հնարավորություններ կունենան աշխատել ճնշված ժողովրդի շրջանում։ Ամեն դեպքում աղոթենք, որ Աստված հարուստ բերք տա այս բոլոր արյան կաթիլներից հետո։

Սրտագին բարևներ հայ ընկերներին,

Բոդիլ Բյորն

Քրիստիանիա, դեկտեմբերի 5, 18։