Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1919 Vol. 12 nr. 4.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չորք Մարզպանում էլ մի թուրք սպա է դավանափոխվել։ Դեռ շատ բաներ են լինելու և մեծ աշխատանք է մեզ սպասվում։

Մայիսի 7-ին պարոն ֆոն Դոբլերն ընտանիքի հետ գնաց Մարաշ, որտեղից էլ պետք է գնային Գերմանիա։ Պարոն Բլանկը մահացել է, իսկ քույր Աննան ու Ադելն էլ շատ հիվանդ են, բայց ապաքինվում են։ Միայն քույր Հեդվիգ Բյուլն է մնացել այստեղ, նա լավ է։ Միասին աշխատում ենք որբանոցում։ Ամենուրեք թուրք կողոպտիչներ են, բայց ֆրանսիացի զինվորականները հայ զինվորների հետ միասին աշխատում են այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։ Շատ կողոպտիչներ են ձերբակալվել և հիմա թեթևացել ենք։ Ամբողջ ընտանիքիս հետ միասին շատ բարևներ եմ ուղարկում։ Թող Աստված օրհնի քեզ։ Այսօր եկեղեցում հանդիպելու ենք աղոթելու համար։ Աղոթի՛ր մեզ համար»։

Կարապետ, ուսուցիչ

Դատելով այս նամակից՝ իրավիճակը Հայաստանում ավելի լավ է, բայց միայն որոշ շրջաններում՝ հատկապես այնտեղ, որտեղ եվրոպացիները վերահսկումն իրենց ձեռքն են վերցրել, բայց երկրի խորքում անհանգիստ է ու մեծ աղետ։ «Արևածագ» թերթից վերցրածս հոդվածը պարզ վկայում է դա։

Սիրելի՛ ընկերներ, մեր եղբայրներն ու քույրերը մեր կարիքն ունեն, ուզում են, որ այցելենք իրենց և աղոթում են, որ օգնենք իրենց, որ չզոհվեն։ Եկեք բոլորս, ով սիրում է հայ ժողովրդին, ձեռք մեկնենք և միասին խնդրենք Աստծուն, որ խաղաղություն և անվտանգություն շնորհի այս տառապյալ ժողովրդին, որպեսզի փորձանքի այս տարիներից հետո ավելի լուսավոր ժամանակներ բացվեն նրանց համար։

Շատ սրտագին բարևներ, Մատթեոս 18, 19, ձեր՝ Հիսուսի սիրո դաշնակից

Բոդիլ Բյորն

Հայաստանից անհանգստացնող տեղեկություններ են գալիս։ «Թայմս»-ի մի հոդվածում ասվում է․ «Ռուսական Հայաստանի հարավային մասում սարսափելի սով է, քանի որ թուրքական զորքը նույնիսկ զինադադարից հետո մասամբ հափշտակել է բերքը և ամբողջ սնունդն ու մասամբ ոչնչացրել այն։ Հնարավոր չէ նկարագրել դառնությունը Երևանում։ Գրեթե անհնար է սնունդ գտնել, շատ ընտանիքներ սնվում են միայն երեքնուկով և խոտով։ Ամեն օր տեսնում ես մահու չափ սովամահ եղած մարդկանց մարմինների, որ ընկած են փողոցներում։ Սոված մարդիկ նույնիսկ անարգում են մարմինները։ Փարիզում հրապարակված «The Conference National Arménnienne»-ն օգնության կոչ է անում դաշնակիցներին․ «Քանի որ Փարիզի վեհաժողովը հետաձգել է Հայկական ազատ պետության ստեղծումը, ճակատագրական իրավիճակ է ստեղծվել։ Թուրքական Հայաստանը դեռ ազատագրված չէ և այն հայերին, որոնք գնացել են Կովկաս, արգելում են վերադառնալ և մշակել գարնանային բերքը։ Բացի այդ, Միություն և առաջադիմություն կուսակցության անդամներն աջակցում են մահմեդականներին, որոնք պայքարում են քրիստոնյաների դեմ։ Հալեպում հայերի կոտորածներ են տեղի ունեցել։ Կովկասյան թաթարները՝ թուրք սպաների հրամանով, հայկական հողեր են զավթել, հազարավոր մարդիկ են մահանում սովից ու հիվանդություններից։ Դրա համար էլ հայերն իրենց աղոթքն են ուղղում դաշնակից ժողովուրդներին, որպեսզի Հայկական հարցը հնարավորինս արագ լուծվի Խաղաղության վեհաժողովին, քանի որ դրա ցանկացած հետաձգում կարող է ճակատագրական դառնալ ծանր ճնշման տակ գտնվող ժողովրդի համար»։

(Ինչպես գրված է «Արևածագ»-ում)