Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1920 Vol. 13 nr. 1.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանից


Նորվեգիայում գտնվող «Կանանց առաքելության աշխատողներ»-ի սիրելի՛ ընկերներ, խնդրում եմ աղոթեք հայ ժողովրդի համար, որոնք հոգևոր և ֆիզիկական մեծ դառնության մեջ են և մեր աղոթքների կարիքն ավելի շատ ունեն, քան աշխարհի որևէ այլ ժողովուրդ։ Կա վտանգ, որ ժողովրդի մնացած մասն էլ կմահանա անսահման ողբի և տառապանքի մեջ։ Եսայիա 62,6։

Օրիորդ Կ․ Մ․ Պետերսոնը, որը հոկտեմբերի կեսերին է վերադարձել Հայաստանից, գրում է ինձ․

«Քաղաքական իրավիճակը դեռ բարդ է և որոշված չէ, թե ում է պատկանելու երկիրը։ Սեբաստիայի, Մալաթիայի և Խարբերդի թուրքերն ասում են, որ մինչև վերջ դիմադրելու են, եթե անգլիացիները գան, քանի որ իրենք են ուզում պահպանել երկիրը և այն չհանձնել հայերին։ Նույնիսկ սպառնում են կոտորել մնացած քիչ ժողովրդին․ բավականին ժամանակ և իշխանություն կունենան դա անելու համար, եթե իմանան, որ հզոր երկրներ են մոտենում։ Երկրի ներսում իրավիճակը դեռ շատ անորոշ ու բարդ է։ Թուրքերը ուշադրություն չեն դարձնում Կոստանդնուպոլսից եկած հրամանների վրա, այլ անում են ինչ ուզում են։ Նրանք հայերին հետ չեն վերադարձնում իրենց սեփականությունը, այլ սպառնում ու տանջում են նրանց»։


Բոլորդ հավանաբար հիշում եք մեր պատվելի (նախարար) Գրիգոր Ստեփանյանին, որը Մուշում անցակցրածս այս բոլոր տարիներին հավատարիմ օգնել է ինձ իմ աշխատանքում։ 1915 թվականի ամռանը նա կնոջ հետ աքսորվեց ու սպանվեց, բայց նրանց միակ դուստրը՝ Արաքսին, այդ ժամանակ Խարբերդի հայկական քոլեջում էր սովորում, որ ուսուցչուհի դառնա․ դա էլ եղավ նրա փրկությունը։ Երբ Մեզերեում խոսեցի նրա հետ, անսփոփելի վիճակում էր սիրելի ծնողների և բոլոր բարեկամների կորստի պատճառով։ Երբ իրավիճակը Խարբերդում ավելի անորոշ դարձավ, նա մեկնեց Ռուսաստան։ Նրա փախուստից հետո ոչինչ չէի լսել նրանից և վախենում էի, որ նա էլ է մահացել, բայց երկու շաբաթ առաջ մի երկար նամակ ստացա Կոստանդնուպոլսում գտնվող նրանից․ պարսիկների օգնությամբ գնացել էր Կովկաս։ Գրեթե երեք տարի որպես բուժքույր էր աշխատել Ռուսաստանի Կարմիր խաչի հիվանդանոցներից մեկում։ Կարճ ժամանակ անց տեղափոխվել էր Կոստանդնուպոլիս, որտեղից պետք է Ամերիկա մեկնի՝ սովորելու համալսարաններից մեկում։ Դուք էլ, անշուշտ, ուրախ եք իմանալ, որ նա փրկվել է և ապահով է․ աղոթե՛ք այս երիտասարդ, միայնակ աղջկա համար, որն այսքան բանի միջով անցնելուց հետո անհանգիստ ու դժբախտ է։ Արաքսին շատ նման է հորը։ Նա հանգիստ ու խելացի աղջիկ է, մեր դպրոցի և Մուշի կիրակնօրյա դպրոցի լավագույն աշակերտներից մեկն էր։

Նա պատմում է ինձ, որ մեր սիրելի ուսուցիչներից մեկը՝ Մարգարիտը, որը նույնպես մեկնել էր Կովկաս, այժմ բնակվում է Թիֆլիսում և օգնում է այնտեղի հայկական որբանոցում։ Դա էլ մեծ ուրախություն էր ինձ համար։

Մեր հոգևոր հովիվ Բենջամին Պետրոսյանից էլ վերջերս նամակ ստացա։ Մի քանի տարի Մուշի մոտ գտնվող Հավատորիկ գյուղում քահանա և ուսուցիչ էր, հետո մի քանի տարի էլ քարոզող էր Մուշի շրջանում, բայց վերջին մի քանի տարիներին բնակություն էր հաստատել Կոստանդնուպոլսում, որտեղ ամերիկացիները նրան աշխատանքի էին վերցրել որպես քահանա և ուսուցիչ Կոստանդնուպոլսի մոտ գտնվող մի հայկական գյուղում։