Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1920 Vol. 13 nr. 1.pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իսկ նոր հայրն էլ բարությամբ ու խստությամբ, բայց ոչինչ չէր օգնել։ Սեդրակը մնացել էր նույն համոզմանը, որ քրիստոնյա է։ Խորթ հայրն այնուհետև հասկացրել էր, որ չի կարող պահել նրան։ Մայրն աղիողորմ արտասվել է։ Հետո տղան ասել է․ «Մա՛մ, տա՛ր ինձ որբանոց»։ Եվ ահա նա մոր հետ այստեղ էր։ Նայեցի երեխայի քաղցր, վստայող դեմքին և ասացի․ «Ի՞նչ ես ուզում, փոքրի՛կ Սեդրակ»։ «Ուզում եմ Ձեզ հետ մնալ»։ «Բայց, տղա՛ս, այստեղ՝ Հալեպում, որբանոցում լավ չէ, այստեղ մի քանի հարյուր երեխա միասին ապրում են անհարմար, մութ սենյակներում, նրանք չեն համարձակվում դուրս գալ և ուտելու շատ քիչ բան են ունենում։ Մայրիկիդ հետ քեզ համար լավ է»։ «Բայց ես քրիստոնյա եմ»,- ասաց փոքրիկը։ Այսպիսով, ես նրան պահեցի ինձ մոտ, իսկ խեղճ մայրն էլ հեռացավ արտասվելով։ Չնայած որբանոցի անհարմար պայմաններին՝ երեխան այնուամենայնիվ շատ ուրախ էր մեզ հետ։ Նա սիրում էր իր ուսուցչին, դպրոցը և կիրակնօրյա դպրոցը։ Հետաքրքիր է՝ որտեղ է նա հիմա։ Մի անգամ էլ թուրքական կառավարությունը ձեռք գցեց այս երեխաներին, և Սեդրակն ստիպված էր նորից հեռանալ․․․

Պատկերացրեք, թե Հիսուսն ինչքան պետք է որ սիրի այսպիսի երեխայի, որն իր կամքով հրաժարվեց իր ամենասիրելի մարդուց հանուն Նրա։ Չեն կարո՞ղ մեզնից շատերն իրենց սերը ցույց տալ մեր թանկագին Փրկչին՝ մեծացնելով հազարավոր լքված երեխաներից մեկին, որոնք անօթևան են և սոված, որոնց կյանքը զուրկ է սիրուց և երջանկությունից։

Ըստ իս՝ անջնջելի տպավորություն է նայել այդ երեխաների դեմքին, որտեղ դրոշմված է խորը վիշտ և հուսահատություն։ Բոլորն այնքան հաջողակ չէին, որ ճանաչեին Փրկչին, որը խորը սիրով նայում է իր փոքրիկ, լքված երեխաներին և իր ձեռքերն է մեկնում նրանց․ որբանոցներում երեխաներն իմանում են Աստծո մասին և սովորում սիրել Նրան։

Անկեղծորեն յուրաքանչյուրիդ, ձեր՝ Աստծով լցված,

Բոդիլ Բյորն