Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1920 Vol. 13 nr. 3.pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ գումարով կարող են միանալ մեկ ուրիշին և նրա հետ հոգալ մեկ երեխայի ծախսը։

Հաստանի համար իմ կատարած այցերից մոտ 6500 դանիական կրոն հավաքագրվեց։ Բացի այդ, 40 երեխայի համար խնամակալներ գրանցվեցին՝ մեկ երեխայի համար տարեկան 150 դանիական կրոն վճարելով։ Թող Աստված ցույց տա ճիշտ ուղին, որ կարողանանք ստանձնել Նրա պատրաստած գործերը։

* 

Հատվածներ մեր երկու սիրելի հայ քույրերի՝ Խանումի և Էլմասի և վերջինիս ամուսնու նամակներից, որն ուսուցիչ է։ Տարիներ շարունակ նրանք հավատարմորեն կանգնած են մեր կողքին Մուշում և իսկական հավատացյալներ են։ 1914 թվականին ֆոն Դոբլերսի խնդրանքով մեկնել են Հարունիե, ինչը դարձել է նրանց փրկությունը։


Հարունիե 24. — 2. — 20

Իմ սիրելի՛ քույր Բոդիլ,

Չգիտեմ, թե որտեղից սկսեմ և որտեղ ավարտեմ։ Այնքան երախտապարտ եմ, որ հիշում ես մեզ այդքան հավատարմորեն։ Ես էլ քեզ չեմ մոռացել, բայց տխուր ժամանակները մեզ չեն թողնում հանգստանանք։ Մենք ստեղծվել ենք տառապելու համար։ Աշխատում եմ որբանոցում և շատ գործ ունեմ, քանի որ 207 երեխա ունենք և ավելին կունենանք, եթե կենդանի մնանք։ Սիրելի՛ քույր Բոդիլ, կա՞ն էլի մարդիկ, որոնք մեր չափ տառապում են։ Մենք բարեխոսության կարիք ունենք։ Հետո ավելին կպատմեմ։ Այս տարի սարսափելի ցուրտ էր և ձնառատ։ Այս տարին մեզ ավելի շատ դառնություն կբերի։ Երեխա ժամանակվանից մինչև հիմա որբանոցներում եմ։ Կարծում էի, որ հիմա կարող եմ յոլա գնալ առանց ինչ-որ մեկի համար բեռ լինելու, բայց քանի որ հայեր ենք, դա անհնար է։ Թող Աստված երազներում քեզ ցույց տա այն, ինչ չեմ կարող գրել։

Սրտագին սիրով, քո տխուր,

Խանում


- - - - Շատ հաճելի է, որ մտածում ես մեր մասին։ Ի՜նչ լավ է, երբ կարիքի մեջ ես ու իսկական ընկեր ունես։ - - - Չգիտենք, թե ինչ կլինի մեզ հետ, ամեն օր վտանգի մեջ ենք։ Հիմարություն է վստահել մարդկանց, միայն Աստված կարող է փրկել մեզ։ Մարաշն ավերակների է վերածվել, և չգիտենք, թե որտեղ են մեր սիրելիները։ Ինչքա՜ն քիչ արժի կյանքը, երբ երբեք չգիտես, թե արդյոք կենդանի կլինես հաջորդ օրը։ Հետո սկսեցինք լավ լուրերի սպասել Մուշից։ Հուսով ենք՝ մի տարուց այնտեղ գնալ, բայց ամեն ինչ ավելի ու ավելի է վատանում, և չի թվում, որ այդ օրը կգա։ Ճիշտ է, որ աշխարհում ոչ մի տեղ բացարձակ խաղաղություն չկա, բայց ոչ մի տեղ էլ այսքան անորոշ չէ, որքան այստեղ։ Ի՜նչ լավ է, որ դու քո հայրենիքում ես։

Նորից դասավանդում եմ դպրոցում․ դժվար է փոքրերիս համար, բայց ինչ արած։ Փոքրիկ Հուսեին հարցրի, թե արդյոք հիշում է քեզ։ Մի փոքր մտածեց և պատասխանեց՝ ոչ, բայց հետո հիշեց․ քո փոխարեն համբուրեցի նրան։

- - - Մեր կողմից ողջունիր քո փոքր տղային։ Ամենասրտագին բարևները քո նվիրված,

Էլմաս


Ադանա, Ապրիլ, 1920

Հուսով եմ՝ ստացել եք վերջին նամակները։ Քեզ կհետաքրքրի այն փաստը, որ հեռացել ենք Հարունիեից և հիմա Ադանայում ենք։ Մարտի 25-ին փախանք։ Մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց հասնել այստեղ։ Կարողացանք փրկել միայն մեր կյանքը, չկարողացանք մեզ հետ բերել մեր երեխաներին կամ հագուստը։ Փախանք այն շորերով, ինչ հագել էինք, ո՛չ սնունդ ունենք, ո՛չ հագուստ, մեծ դառնության մեջ ենք։ Օ՜, եթե միայն այստեղ լինեիր, որ քեզ ամեն ինչ պատմեինք։ Չեմ կարող հիմա գրել քեզ ամեն ինչ, բայց հավանաբար դու կհասկանաս մեզ։ Այստեղ՝ այս տարօրինակ վայրում չկա մի ընկեր, որը հոգ կտանի մեր մասին։ Եթե մենք շտապ օգնություն չստանանք, մեծ թշվառության մեջ կհայտնվենք։ Խանումն էլ է այստեղ։ Սիրելի՛ քույր Բոդիլ, էլ ում պետք է պատմենք մեր դառնության մասին և ում պետք է պատմենք մեր ցավերը։ Այստեղ ոչ ոք մեր մասին չի մտածում։ Անօգուտ արտասվում ենք և մտածում, թե ինչ լավ էինք