Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1920 Vol. 13 nr. 4.pdf/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանը մեծ անհանգստություն և խուճապ կար․ լսվում էր ողբի և լացի ձայն։ Փեփրոնյայի ծնողների տանն այդ ժամանակ ամեն ինչ իր հանգիստ հունով էր ընթանում՝ չկար ոչ մի բողոք կամ լաց, ամեն ինչ վստահորեն հանձնվել էր Աստծո ձեռքերը։ Վերջին երեկոյի ընթացքում՝ նախքան բաժանվելը, Փանոսին մի քանի միսիոներ այցելեց։ Երեխաները քնած էին, տանը հանգստություն էր տիրում և զգացվում էր, որ Աստված ներկա է այս տանը։ Մյուս առավոտյան հարթավայրում հուզիչ տեսարան էր․ հայերը մեծ ամբոխներով հեռանում էին՝ հարուստները կենդանիների և էշերի վրա, աղքատները՝ ոտքով՝ հաճախ մեջքի վրա կամ ձեռքից բռնած տանում էին իրենց երեխային և այն մի երկու բանը, որ ունեին։ Բազում ծերեր էլ փութաջանորեն իրենք իրենց էին քարշ տալիս։ Ժանդարմների բարձր ձայնն անողոք ու սպառնալից էր։ Տեսնում ես մի երիտասարդ կին փոքր երեխայի հետ, դեմքին հուսահատություն է դրոշմված, մյուսն էլ բողոքում է բարձրաձայն, և ահա ժանդարմը քաշում է նրա ձեռքից և առաջ հրում․ կինն ընկնում է։ Այս ամբոխների մեջ է նաև Փանոսը։ Նա քայլում է հանգիստ և վստահ, քանի որ գիտի՝ Աստված իր հետ է։ Փեփրոնյան մնացել էր ծեր տատիկի հետ, իսկ նրա ավագ քույրը՝ Արաքսին և եղբայրը եկել էին որբանոց, մյուս երեխաները հետևեցին իրենց աքսորված ծնողներին։ Հորից ու մորից բաժանվելը Փեփրոնյայի առաջին մեծ վիշտն էր․ քիչ էր մնում սիրտը պայթի։ Դրա համար նրան էլ ընդունեցին որբանոց, որտեղ նաև քույրն էր, ինչը նրա համար սփոփանք էր, բայց հաճախ էր նա կանգնած հեռուն նայում․ հեռավոր լեռներից նրանք պետք է վերադառնային։ Փեփրոնյան աղոթել էր սովորել, և երեխայի աղոթքները հասան Ամենակարողի թագավորություն։ «Փեփրոնյա՛, հայրդ է գրել, բարևում է քեզ։ Աստված պաշտպանել է քո ծնողներին»։ Ուրախության մի ճառագայթ է իջնում այդ փոքր քաղցր դեմքին։ Փեփրոնյան մանկապարտեզի ամենաբարի և լավագույն երեխաներից է։ Քույրը հաճախ է նրան գեղեցիկ հեքիաթներ պատմում, մյուսներն էլ նրան շատ են սիրում և կցանկանային սփոփել նրա վիրավոր սիրտը։ Փեփրոնյան դառնում է դյուրահավատ, երգում է, խոսում, բայց երեխան շատ է ուզում տեսնել հորը։

Կիրակի է, սովորականից վաղ ինչ-որ շարժ կա որբանոցի մեծ ննջարանում․ մի քանի երեխա հանգիստ մոտեցել էին պատուհանին կամ դուրս էին եկել աստիճանների վրա․ մեղմ շշնջոց էր լսվում․ «Այսօր արևոտ է․ կարծում ես մաման թույլ կտա՞ քաղաք գնալ»։ Գիշերային ժամապահը նրանց հորդորում է աղմուկ չանել։ Ավա՜ղ, զանգը չափազանց ուշ է հնչում այսօր։ Երեխաներն ուզում են քաղաք գնալ՝ այցելելու իրենց հեռու բարեկամներին և ծանոթներին, որ դեռևս կան։ Փոփոխության լավ քայլ է, բացի այդ էլ հուսով են՝ ինչ-որ բան իմանալ աքսորյալներից։ Փեփրոնյային և Արաքսիին էլ են թույլ տվել այցելել ծեր տատին, որն ընկույզ ու չամիչ է նրանց տալիս, բայց ամենալավ բանը հոր ու մոր մասին զրուցելն է։ Այսպես շարունակվեց ամիսներ, այո՛, մի ամբողջ տարի։ Ծեր տատը մահացավ․ ծնողները դեռ չվերադարձան։ - - - - Հետո հանկարծ, գրեթե անհավատալիորեն, լսվեց․ «Հայ ժողովուրդը ազատագրվել է, փրկվել մարդասպանների ձեռքից։ Միգուցե նրանք չափազանց բա՞րձր էին արտահայտում իրենց ուրախությունը։ Աքսորյալներին թույլ էին տվել վերադառնալ իրենց տները։ Հազար-հազարավորներ էլ մահացել էին աքսորի մեջ․ այստեղ մեկն է վերադառնում, այնտեղ բազմանդամ ընտանիքից երկուսն է վերադառնում, շատ ընտանիքներ լիովին բնաջնջվել են։ Երեխաները փաթաթվում են տան մայրիկին և հարցնում․ «Մեր ծնողնե՞րն էլ են հիմա գալիս։ Ե՞րբ են նրանք գալիս։» Եվ սիրելի երեխաների աչքերն աղոթքով վեր են նայում։ Այնքան դժվար է պատասխանել այս հարցերին, քանի որ գրեթե բոլոր ծնողներն էլ մահացել են ամենավատ հանգամանքներում․ «Եվ եթե նրանք չվերադառնան, փոքրի՛կս, դու կդառնաս մեր փոքրիկ աղջիկը, և մենք քեզ այնքա՜ն շատ կսիրենք»։ Փոքրիկն ավելի ուժեղ է փաթաթվում և թույլ է տալիս, որ գուրգուրեն իրեն։ Բայց Փեփրոնյան գիտի, որ ծնողները կենդանի են և կվերադառնան, բայց ե՞րբ։ Շատ-շատերն են գալիս Մարաշով, իսկ Փանոսը՝ ոչ։ Վերջապես լսվում է․ «Փանոսն այստե՜ղ է»։ Ինչքան արագ որ հնարավոր է երկու քույրերը դուրս են վազում երջանիկ ակնկալիքով․ բայց չէ, սխալմունք է, Փանոսը չէ։ Հիասթափված և լուռ վերադառնում են ու նորից սպասում։ Ժամերը նրանց անսահման երկար են թվում։ Բայց հետո Աստված կատարում է փոքրիկ Փեփրոնյայի երազանքը։ Ծնողները վերադառնում են, և Փեփրոնյան ընկնում է հոր գիրկը։ Աստված լսում է աղոթքները․