Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 1.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Իրաւի որ նա է իմ վէմը եւ իմ փրկութիւնը, իմ ապաւէնը որ խիստ չ՛շարժուիմ։ Սաղմոս 62, 2
Քրիստիանիա 26. — 11. — 20

Աստծով լցված իմ սիրելի՜ քույրեր,

Մի տարի էլ շուտով կանցնի՝ Հայաստանի մեր տանջվող և մահացող եղբայրների և քույրերի համար տառապանքներով և դառնությամբ տարի։ Աշխարհում կա՞ որևէ մեկը, որ մեր կարեկցանքի և սիրո կարիքն ավելի շատ ունի, քան «մահվան ստվերի հարթավայրում» գտնվող այս մարդիկ։ Պատկերացրեք՝ մեր եղբայրներն ու քույրերն են, որոնք տառապում են ու հալածվում, քաղցած են և մրսում են։ Ինչ հեշտ ենք սովորում տառապանքին և դառնությանը և ինչ քիչ բան ենք զգում և տառապում օրեցօր մեռնողների հետ, որոնցից ոմանք հանկարծակի են մեռնում, որոշներն էլ՝ դանդաղ։

Մեր եղբայրների արյան ձայնը դեռ լալիս է երկրից երկինք․․․ Անշուշտ, Աստված կպատժի թուրքերին հայերի նկատմամբ գործած բոլոր դաժանությունների համար, բայց Նա նաև կդատի քրիստոնյա ազգերին, որոնք թույլ տվեցին, որ այդ փոքր անպաշտպան ժողովուրդն անօգնական արնաքամ լինի։

Ինչևէ, արդյոք քրիստոնյա ազգերը կօգնեն, թե չեն կարողանա օգնել, բայց Աստված կօգնի։ Հենց Նրանից է գալիս փրկությունը և միայն այս ուժեղ, հավատարիմ Աստծո հույսով է, որ մեր հոգին կարող է խաղաղ մնալ, երբ մտածում ենք անսահման կարիքի մեջ գտնվող հայ ժողովրդի մասին։