Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 3.pdf/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն ամենը, ինչ թանկ է նրանց համար այս երկրում և մի տեղից մյուսն են թափառել։ Մուշի և Բիթլիսի իմ սիրելի մարդկանցից մի քանիսը Կոստանդնուպոլսում են․ անհնար է երկիր մտնել և կարծում եմ՝ իզուր չի լինի, եթե ինձ թույլ տան աշխատել նրանց շրջանում, ում արդեն ճանաչում եմ։

Թող Աստված բացի ճանապարհը, եթե դա է նախանշված Իր ծրագրում։ Աղոթե՛ք, որ կարողանամ ստանձնել Նրա պատրաստած գործերը, որպեսզի Նա օրհնի ինձ։ Եփեսացիս 2, 10։

Շատ շնորհակալ եմ մեծ ու փոքր նվերների համար․ հրաշալի է տեսնել, թե ինչքան մարդ է սիրում և հետևում այս մարդկանց իրենց աղոթքներում և աշխատանքում, թե նվիրաբերելու ինչքան պատրաստակամություն կա։

Ինչ վերաբերվում է Հայաստանի իրավիճակին, ավելի բարդ է, քան երբևէ, քանի որ ազգայնականները իշխանություն ունեն Փոքր Ասիայում։ Նրանց առաջնորդը Քեմալ փաշան է, որի նստավայրը Անգորայում է և որն իշխանություն ունի հայկական հողերի վրա։

«Արևածագ»-ում հրատարակված մի քանի նամակների հատվածներից հասկանում ենք, թե իրավիճակն ինչքան բարդ է հայերի համար։

Խանումը՝ Մուշում մեր սիրելի օգնականը, որը քրոջ ու փեսայի հետ եկել էր Զմյուռնիա, գրում է․ «Ադանայում այլևս աքսորյալներ չկան, ֆրանսիացիները նրանց Հարունիեից, Մարաշից, Հասան Բեյից և Բաղչեից ուղարկեցին Դյորտյոլ։ Ի՞նչ են այսքան մարդն անելու այդ փոքրիկ գյուղում։ Մուստաֆա Քեմալը շատ հայերի է վտարել Աֆիոն-Գարահիսար, որոնցից 1500-ին սպանել է։ Հաճնում նույնը տեղի ունեցավ, ինչ որ Մարաշում (Մարաշի գրավման ժամանակ՝ 1920-ականների սկզբին, 10 000 հայ սպանվեց)։ Շատերը թույն խմեցին, որ չընկնեն թուրքերի ձեռքը։ Ի՞նչ կպատահի մեզ հետ, որ շտապենք փախչել։ Ինչպե՞ս կարող են մարդիկ տառապել այսպես՝ առանց որևէ բան շահելու։ Տուն չունենք, ինչո՞ւ պետք է արյուն թափենք։ Թվում է՝ չկա մեզ համար բնական մահ, մեզ միշտ պետք է սպանեն»։

Քույր Հեդվիգ Բյուլին ուղղված հետևյալ նամակը մեզ թույլ է տալիս հասկանալ, որ այս թշվառ երեխաները ոչ միայն արտաքին կորուստ են ունեցել, այլև ներքին վնաս են կրել։ Հարունիեի ուսուցիչներից մեկը՝ Մարգարիտը, գրում է․ «Եկել ենք Ադանա (Ադանան տեղակայված է Կիլիկիայում՝ Տարսոնի մոտ)։ Ապրում ենք քաղաքից դուրս գտնվող մի մեծ տան մեջ․ ֆրանսիական որբանոցն է։ Հայերեն են խոսում։ 1100 երեխա կա։ Մարտան, Սրբուհին և ես այստեղ ենք դասավանդում։ Այստեղի աղջիկները Մարաշի և Հարունիեի մեր երեխաների նման չեն։ Գրեթե բոլոր մեծ աղջիկներին հավաքել են արաբական, քրդական և թուրքական տներից․ դժվար է նրանց հետևելը։ Կրոն չենք դասավանդում, քանի որ երկու քահանաներ կան, որոնք անում են դա։ Երբ հնարավորություն ենք ունենում, խոսում ենք երեխաների հետ։ Դեռ լսում են մեզ։ Հենց որ խոսում եմ նրանց հետ երկնային կյանքից, խփում են կրծքին և ասում․ «Ի՞նչ է լինելու մեզ հետ»։ Աղոթում են և աղերսում․ «Ավելի շատ պատմեք Հիսուսի մասին»։ Մի տասներկուամյա աղջիկ, որին հետ էին վերցրել արաբներից, ինձ հարցրեց․ «Դա՞ էլ է մեղք։ Արաբներն իրենք ուտում էին, իսկ ինձ սոված թողնում։ Երբ էլ չկարողացա դիմանալ սովին, հաց գողացա ու կերա։ Ինչպե՞ս պետք է զղջամ այդ զանցանքի համար»։

Այստեղ այնքան գործ կա քո նմանների համար։ Չես կարո՞ղ Հայաստան գալ։ Վերադարձի՛ր մեր խեղճ, ընկած ժողովրդի մոտ։

Ուսուցիչներից մեկը՝ Հովհաննեսը, 1921 թվականի փետրվարին գրում է Մարաշից․ «Մեր կյանքն այստեղ աղոթքների կյանք է և այն, որ դեռ ողջ ենք, հրաշք է։ Շատ անգամներ եմ մտածել, որ արժանի չեմ այսպիսի հրաշքների, բայց Նրա գթասրտությունը մեծ է․․․ Չգիտենք՝ երբ գնանք Ամերիկյան քոլեջ ու վերադառնանք, արդյոք կվերադառնանք նույն վայրը կամ արդյոք կվերադառնանք կոտրված գլխով կամ վերջույթներով, որովհետև թուրքերը միշտ պարեկում են, մենք էլ՝ աղոթում նրանց հետևում։ Երկու ամիս առաջ 18-29 տարեկան հայերին