Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 3.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նորից զորակոչեցին։ Բանվորներ և արհեստավորներ են։ Բանվորները մաքրում են թուրքերի տները, իսկ արհեստավորները՝ աշխատում զինվորականների համար։ Այս օրերին կառավարությունը կբռնագրավի նրանց տները, որոնք կփախչեն ֆրանսիացիների հետ, նույնիսկ նրանց տները, որոնց ընտանիքի միայն մեկ անդամն է փախել, որ փրկի իր կյանքը։ Այսպես, գրեթե 2000 մարդ է անտուն և ստիպված է ապրել փողոցում, որովհետև այն քիչ տները, որ դեռ կան, խիտ բնակեցված են։ Բայց մենք աղոթում և աղերսում ենք Աստծուն, որ օգնի և համոզված ենք՝ Նա կօգնի մեզ։ Այլևս բողոքական եկեղեցի չունենք, որովհետև պատերազմի ժամանակ երկու եկեղեցի հրդեհվեց, իսկ 10 օր առաջ էլ երրորդը հրդեհվեց»։

Տղաներն այստեղ աղոթում են սիրով և հավատով՝ հայերի և թուրքերի ապաշխարելու, իրենց տները պաշտպանելու համար։ Ամեն ինչ պատրաստում ենք և ամբողջ գիշեր՝ մինչև ժամը 6-ը արթուն մնում։

Անկողին եմ մտնում ամբողջովին հագնված․ լամպը լուսավորում է սենյակս մինչև առավոտյան ժամը 7-ը։

Այս նամակներից հասկանում ենք, թե ինչ մեծ է կարիքը, բայց նաև նկատում ենք, թե ինչպես է Աստված ամեն ինչի միջով հոգիները քաշում դեպի իրեն և իր հաստատակամ հրաշքները գործի դնում ամենամեծ վտանգների և դժբախտությունների ժամանակ։ Գովաբանեք Աստծուն Իր գթասրտության համար։ Եկեք շարունակենք աղոթել Մարաշի վերածննդի համար, որպեսզի մնացած մարդիկ էլ կարողանան փրկվել։

Նախորդ օրը մի սքանչելի նամակ ստացա տիկին Գրյունհագենից։ Նա և օրիորդ Յոհանսոնն աշխատում են Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Սկյուտարի հայ փախստականների շրջանում, մինչև որ բացվի Մեզերե տանող ճանապարհը։ Նա ասում է, որ այս փախստականները բարեխոսության մեծ կարիք ունեն, քանի որ գտնվում են թմրության և հուսահատության խորը ջրերում։ Նրանց էներգիան կոտրված է, և երկար, դժվարին տարիներն արել են իրենց գործը։ Տիկին Գրյունհագենն ասում է․ «Գրեթե անհնար է հասկանալ, որ նրանք դեռ կենդանի են այս բոլոր տառապանքներից հետո, որ ստիպված են եղել ապրել։ Օ՜, թող Աստված միջամտի և ցույց տա Իր ուժը։ Նրանք այնքան են երջանկանում ամեն մի բարի խոսքից, բայց նրանց համար շատ դժվար է լուռ մնալ Աստծո առաջ, որը, ըստ նրանց, բացարձակապես չի ընդունելու իրենց։ Հասկանում եմ նրանց,- ասում է նա,- երբ խոսում են իրենց դժբախտությունից։ Ինչպես են օգնություն ճչում, բայց ոչինչ չեն ստացել, ամենադաժան բաներն են կատարվել նրանց հետ։ Հեշտ չէ նրանց օգնել, որովհետև մի մեծ սենյակում հաճախ ավելի քան 50 մարդ է լինում․ օգնում ես մեկին, մյուսը նախանձում է։ Թող սիրելի մարդիկ փնտրեն հին ուղիները և հոգով ու ճշմարտությամբ փնտրեն Աստծուն։ Իսկապես, Նա կլսի նրանց ճիչը»։

1921 թվականի մարտին Լոնդոնի հայկական հյուպատոսարանի նամակից իմացա, որ թուրքերը Կարսում և Ալեքսանդրապոլում վերջին երկու ամսվա ընթացքում սպանել են նվազագույնը 40 000 հայի։ Սպանվածների մեջ կային նաև հազարավոր հայեր Սասունից, Մուշից և Վանից։

Բազում սրտագին ողջույններ Հայաստանի մեր բոլոր ընկերներին, որոնց ճանաչում եմ։

Ձեր երախտապարտ,

քույր Բոդիլ

Երեմիայի ողբերը 3, 22–26, 31–33։