Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 4.pdf/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ թշվառներին կարողանալ խնամելը։ Թուրքերից անկողին առա, որը կոտորածի ժամանակ գողացել էին հայկական տներից։ Սրբուհին կտրեց և հագուստներ կարեց իր մի երիտասարդ բարեկամի հետ, ում ամուսնու ընտանիքը ուզեցել էր ստիպել իսլամ ընդունել՝ աքսորից խուսափելու համար, նա էլ եկել էր մեզ մոտ և օգնում էր։ Շաբաթը մեկ անգամ հացահատիկ, ճարպ և այլ սնունդ էր գնվում և բաժանվում, քանի որ այդ վայրերում սննդի մեծ պահեստներ չէին կարող ունենալ․ թուրքերը կխլեին ամբողջը, դրա համար էլ ամեն ինչ պահում էին իմ նկուղում, և մթնշաղին ամեն «ընտանիքից» մեկը գալիս էր և տոպրակով ուտելիք էր վերցնում։ Ամեն օր փախստականներ էին գալիս, ում ստիպված էինք թաքցնել կամ օգնել։

Բ Կորնթացիս‎ 1, 8-11 ա։

Փախստականներից շատերը հիվանդ էին և մահացան, բայց չենք կարող սգալ նրանց համար, որոնք խաղաղ մահացան իրենց անկողնում։ Այդ ժամանակ մի բարեսիրտ մութասարիֆ կար՝ մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա այդ շրջանում, որն ինձ տարբեր հարցերում օգնեց։ Օգնություն ստացա նաև Ն․ ոստիկանից, ում կնոջը նախկինում օգնել էի։ Այս ոստիկանի օգնությամբ վերադարձրի այն փոքրիկ տունը, որտեղ ապրել էի նախկինում և որը պատկանում էր միսիոներական կազմակերպությանը։ Մի օր նա ինձ ասաց․ «Քույր Բոդի՛լ, մեծ անակնկալ ունեմ, որը շատ կհավանեք․ իմ տան մի սենյակում երկու երիտասարդ հայի եմ թաքցրել․ պետք է մի երեկո գաք և այցելեք նրանց»։ Շատ էի ուրախացել և հուզվել, թե ովքեր կարող են լինել։ Այնտեղ էլ հանդիպեցի Մուշեղին և Հայկին, որոնք շատ հուզվեցին տեսնելով ինձ։ Մուշեղն ասաց․ «Մենք կորցրել ենք մեր բոլոր սիրելիներին։ Եվ հիմա կարծես մեր մայրն եկավ մեզ մոտ, երբ նորից տեսանք քեզ։ Ի՜նչ երջանիկ ենք մենք, որ դու եկար մեզ մոտ մեր միայնության մեջ»։

Երկար ժամանակ թաքնվել էին, օրեր շարունակ փակվել էին այս սենյակում։ Շատ հաճելի էր նրանց հայկական Աստվածաշունչներ և երգարաններ ստանալ․ շատ խոսեցինք հավիտենական բաներից։

Պատմեցին նաև կոտորածի ժամանակ իրենց փախուստի մասին․

Մուշեղի տունը բարձրադիր վայրում էր և հաջողացրել էր փախչել Սասուն, երբ սկսվեցին սպանությունները։ Սասունում շատ հայեր էին հավաքվել, որ պայքարեն, նրանցից շատերը փախել էին Մուշից և մի քանի ամիս պայքարում էին։ Լեռնային հովտում թուրք զինվորները սպանել էին մոտ 30000 մարդու, որոնցից շատերը կանայք էին և երեխաներ։ Որոշ տղամարդիկ ուղևորվեցին դեպի Ռուսաստան և հետ փախան Մուշ ու թաքնվեցին այնտեղ․ շատերն էլ ապրում էին քարանձավներում և լեռներում։ Մուշեղը հետ փախավ Մուշ և չմասնակցեց թուրքերի դեմ պայքարին։ Կարճ ժամանակ անց ժանդարմների հրամանատարի հետ կացարան փնտրեց, բայց երբ հասկացավ, որ վերջինս կարող է վնասել իրեն, փախավ Ն․ ոստիկանի մոտ, ում վաղուցվանից էր ճանաչում և որն ավելի բարյացակամ էր հայերի նկատմամբ։

Հայկին էլ էր հաջողվել փախչել Սասուն, որտեղ մասնակցեց թուրքերի դեմ պայքարին, հետո փախավ Մուշ, որտեղ Ն․ ոստիկանին խոստացավ տալ նրան այն գումարը, որը հայրն էր թաքցրել տանը՝ նախքան աքսորվելը, եթե նա թաքցներ և ապահովեր իրենց ամեն ինչով։ Մի ուշ գիշեր նա և Ն․-ը գնացին ավերակներ, փորեցին և գտան գումարը, որը վերցրեց Ն․-ը։ «Ի՞նչ էի անելու այդ փողը․ պետք է փրկեի կյանքս։ Ծնողներս հավանաբար սպանվել էին, քրոջս էլ քուրդ էր փախցրել․ սա իմ միակ փրկությունն էր»,- ասաց Հայկը։

Թուրքերին անհրաժեշտ որոշ հայ արհեստավորների թույլ տվեցին պահպանել իրենց կյանքը, բայց թուրքերը սպառնացին նրանց և ասացին, որ կսպանեն, եթե իսլամ չընդունեն․ շատերն այդպես արեցին մահվան վախից։

Ոստիկան Ն․-ը ասաց, որ այլևս չի կարող թաքցնել Մուշեղին և Հայկին․ նրանք էլ պետք է սկսեն որպես արհեստավոր աշխատել և հավատափոխ լինեն, ինչը դժբախտաբար արեցին, բայց թույլ չտվեցին իրենց թլպատել, ինչը թուրքերը պահանջում են, երբ մահմեդական են դառնում։ Մուշեղն ու Հայկը որոշ ժամանակ դերձակությամբ էին զբաղվում։ Նորից սպանություններ սկսվեցին և նորից