Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 4.pdf/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայերին փնտրում էին, որ մահվան գիրկն ուղարկեն։ Մի օր շատ տառապեցի իմ երկու երիտասարդ ընկերների համար, երբ ոստիկան Ն․-ը Բիթլիսում էր․ անհանգիստ ժամանակներն էին։ Երբ վազեցի, որ հարցնեմ նրանց մասին, ոստիկանի մայրն ասաց, որ թաքցրել է նրանց։ Մի քանի ժամ ստիպված էին կռացած կանգնել, քանի որ սենյակի առաստաղը, որտեղ թաքնվում էին, շատ ցածր էր․ խոնավ, մութ սենյակ էր։ Մուշեղը փախավ մի թուրք վաճառականի մոտ, որն իր հոր ծանոթն էր, իսկ Հայկն էլ մի շաբաթ ինձ հետ թաքնվեց մի փոքր սենյակում։

Շատ անհանգիստ օրեր էին, բայց Աստված լսեց մեր լացը և իմ խնդրանքով մութասարիֆը թույլ տվեց ինձ օգնական վերցնել մի հայի, որը լավ թուրքերեն գիտեր։ Մուշի երեք ղեկավարներից մեկն էլ (պատերազմի ժամանակ նրանք երեքն էին), ում ճանաչում էի, օգնեց ինձ վերադարձնել Հայկին։ Ոչ ոք բացի ոստիկան Ն․-ից տեղյակ չէր, որ նա ինձ մոտ է թաքնվում։

Բայց այս երկու երիտասարդներն ապահով չէին, որովհետև այդ ժամանակ թուրքերը չէին սիրում այդպիսի երիտասարդ, բարետես հայերի, հատկապես նրանց, որոնք ավելի լավ ընտանիքից էին և կրթված էին։ Ամեն օր Հայկը սպառնալիքներ և կշտամբանք էր լսում, երբ դուրս էր գալիս ինձ համար գնումներ կատարելու կամ երբ ընկերակցում էր ինձ տների նկուղներ։

Այս մութ նկուղներում ամեն կիրակի կեսօրին հավաքվում էինք միասին կարդալու Աստծո խոսքը և աղոթելու․ թուրքերի վախից կողպում էինք դռները, որովհետև եթե պատահաբար թուրքեր մտնեին, կսպանեին հայերին։ Այո՛, տարօրինակ և անհանգիստ ժամանակներ էին, որտեղ մենք զգում էինք խաչի զայրույթը և Քրիստոսի որոշ տառապանքները, բայց Աստված շատ մոտ էր մեզ․ ամեն օր զգում էինք նրա հավատարմությունը, հոգատարությունը, օգնությունը և պաշտպանությունը։

Ի՜նչ լավ, հանգիստ Սուրբ ծնունդ նշեցինք մեր մի քանի ընկերների հետ։ Այդ ժամանակներում գրեթե չէինք երգում, բայց Սուրբ ծննդի նախօրեին պետք է երգեինք և շնորհակալություն հայտնեինք Աստծուն։ Հայկը շատ բաց էր, ուրախությամբ էր լսում Աստծո խոսքը․ միասին նաև շատ աղոթեցինք։ Մի օր նա ասաց ինձ․ «Քո՛ւյր Բոդիլ, ես մերժել եմ Հիսուսին․ կարծում ես Աստված կների՞ ինձ այդ մեծ մեղքը, եթե 8 թուրքի կարողանամ հավատափոխ անել»։ Նա դեռ չի գիտակցել Քրիստոսի գթասրտության չափը, բայց և՛ Մուշեղը, և՛ Հայկը զգում էին, որ մեղք են գործել իսլամ ընդունելով։ Ես նրան ասացի, որ եթե ապաշխարի և ներում խնդրի Աստծուց, Աստված կների իրեն հանուն Հիսուսի․ նա դեռ զգում էր, որ չի կարող քավել իր մեղքը։ Մի երիտասարդ ծանոթ թուրք էր երբեմն այցելում Հայկին, և մենք զրույցը տանում էինք դեպի հավիտենական ճշմարտություններ։ Մի օր Հայկն ասաց նրան․ «Ասա՛ ինձ, ըստ քեզ՝ ո՞վ է ավելի մեծ՝ Քրիստո՞սը, թե՞ Մուհամեդը։ Քրիստոսի մասին մահմեդականները գիտեն, որ նա ողջ է և նորից է գալու, իսկ Մուհամեդի մասին գիտեն, որ նա մահացած է։ Բայց նա, ով ողջ է, պետք է ամենամե՞ծը լինի»։ Մահմեդականները խորհեցին սրա մասին, և նա զգաց իր ճշմարտացի լինելը։

Հայկը սկսեց լրջորեն փնտրել Աստծուն և նվիրվեց նրան։

Ե՛վ Մուշեղը, և՛ Հայկը մտածում էին փախչելու մասին, քանի որ դեռ վտանգի մեջ էին։ Մի ծանոթ թուրք մի քանի օր թաքցրեց նրանց իր տանը, որտեղից էլ մի քանի քրդերի օգնությամբ պետք է փախչեին Ռուսաստան, բայց ծրագիրը չհաջողվեց իրագործել, և Հայկը վերադարձավ ու ինձ հետ մնաց մինչև ես փախա 1916 թվականի փետրվարի կեսին։ Հետո նա մի քանի այլ հայերի հետ թաքնվեց Մուշի քարանձավներից մեկում, որտեղ սնունդ և այլ պետքական իրեր էին հավաքել, եթե այնպես պատահեր, որ երկար մնային։ Երբ ռուսները մտան քաղաք, նրանց հետ փախան Կովկաս։

Երբ ժամանեցի Դիարբեքիր, ոստիկան Ն․-ը ինձ ասաց, որ Մուշեղն էլ է այնտեղ, ձերբակալված է։ Ն․-ը էլ էր փախել Դիարբեքիր։ Դժբախտաբար չէր թույլատրվում այցելել բանտարկյալներին, բայց Ն․-ը խոստացավ դուրս հանել Մուշեղին և ապահով տեղ ուղարկել։

Ոչ ոք հայրենիքումս չի կարող պատկերացնել, թե ինչ տանջանքների են ենթարկվում ճանապարհներին աշխատող հայերը։ Կարծես ստրուկներ լինեին, որոնց վերահսկողները վերաբերվում էին այնպես, ինչպես ուզում էին․ ի՞նչ արժեր այդ ժամանակ հայերի կյանքը։ Օրեր շարունակ տեսնում էի նրանց Մուշում։ Ամեն առավոտ և երեկո մի փոքր ուտելիք էին ստանում, գիշերը կողպվում էին մի սենյակում, որտեղ քնում էին