Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 4.pdf/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հատակին՝ առանց անկողնու և հաճախ խոնավ շորերով։ Առավոտյան նրանց քշում էին աշխատելու խիստ հսկողության տակ․ ամբողջ օրը փողոցներն ու ճանապարհները, հայերի ավերված տներն էին վերանորոգում։ Տեսնում էի, թե ինչպես էին Սասունի լեռների բազում հպարտ տղամարդիկ հալածվում վերահսկողների կողմից՝ նիհար, սոված և թշվառ․ մի տեսարան էր, որը հեշտ չի մոռանալ։ Աղերսելով ձեռքերը դեպի ինձ էին մեկնում, երբ հանդիպում էինք․ օ՜, ինչքան էի ուզում օգնել նրանց, բայց չէի համարձակվում․ ամեն ինչ այդ ժամանակներում պետք է գաղտնի արվեր, քանի որ թուրքերը հսկում էին իմ ամեն մի քայլը, դրա համար էլ ձևացնում էի՝ իբր չեմ տեսնում նրանց, բայց գաղտնի հաճախ էի օգնում։ Նրանց կյանքը երբեք անվտանգ չէր, հաճախ, երբ ճանապարհների շինարարությունն ավարտվում էր, նրանց սպանում էին։ Երբ տեսա նրանց, մտածեցի՝ ահա, թե ինչպեսին էր ստրուկների վիճակը, այնպես որ հասկանում եմ, թե ինչի միջով է անցել Մուշեղը Դիրաբեքիր մոլեռանդ քաղաքում։

Ի՜նչ հրաշալի է զգալ, որ Աստված լսում է աղոթքները և փրկում ամենամեծ փորձանքներից։ Սիրելի՛ ընկերներ, հիշեք այս երկու երիտասարդներին շնորհքի աթոռի առջև, նրանք բարեխոսության կարիք ունեն։

Այս ամառ նամակ ստացա նաև Զմյուռնիայի իմ ընկերներից։ Մուշի մեր նախկին ուսուցիչը՝ Հակոբ Եղիազարյանը և կինը՝ Էլմասը, անկեղծորեն շնորհակալություն են հայտնում 500 կրոն մեծ նվերի համար, որ դուք և Նորվեգիայի ձեր ընկերներն ուղարկել էիք նրանց․ այս տարի նոր ստացան գումարը, քանի որ չեկը կորել էր։ Շատ շնորհակալ են, որովհետև սիրալիորեն օգնեցիք նրանց իրենց դառնության ժամանակ։ Չորս երեխա ունեն, Էլմասի քույրն էլ է իրենց հետ ապրում։ Ինչպես հիշում եք, ստիպված էին ամեն ինչ թողնել և փախչել, բայց վերջապես հասան Զմյուռնիա, որտեղ հիմա նրանք ապահով են և լավ։

Մոտ երեք շաբաթ առաջ նամակ ստացա քույր Ալմա Յոհանսոնից։ Նա գրում է, որ ինքն ու տիկին Գրյունհագենը դեռ Սկյուտարում են։ Մի քանի անգամ Մեզերե տանող ճանապարհը կարծես պետք է բացվեր, բայց այդպես էլ չբացվեց։ Հունիսին քույր Ալման ճանապարհորդելու թույլտվություն ստացավ և Սև ծովով միացավ Սամսունի՝ օգնություն տրամադրող ամերիկացի աշխատողներին, բայց դժբախտաբար ստիպված էր նորից վերադառնալ Կոստանդնուպոլիս, քանի որ քեմալականները նրան թույլ չտվեցին երկիր մտնել։ Քույր Ալման երջանիկ է Սկյուտարի փախստականների շրջանում կատարած աշխատանքով։ Ենթադրաբար այնտեղ Հայաստանի հայերը չեն։ Նա ասում է․ «Հետաքրքիր է, որ դառնությունն ու տառապանքը փոխել են նրանց։ Ընդհանուր առմամբ, նրանք ինձ հիշեցնում են Հոբին, որը խառը ժամանակներում շատ քիչ էր խոսում Աստծո հետ, բայց չէր կարող բաց թողնել Աստծուն, և դա նրա փրկությունն էր»։

Տիկին ֆոն Դոբելերը զմյուռնիացի մի հայ կնոջից լսել էր, որ Սամսունում քրիստոնեացիների կոտորածներ են եղել, Կոնիայից էլ բոլոր հայերին վտարել են։ Ի՜նչ սոսկալի պետք է եղած լինի Կոնիայի խեղճ ժողովրդի վիճակը, որոնք արդեն վայելում էին իրենց ազատությունը։ Բացի այդ, Մարաշի թուրքերն էլ ազատվել են արական մեծ որբանոցի ամերիկացիներից, և բոլոր դպրոցներն այժմ փակ են։ Բացի այս ամենը, ամերիկացիները պետք է լռեն։ Մարաշում ամերիկյան միսիոներական աշխատանքի ղեկավարը շատ է տառապել թուրքերի ձեռքից։ Պետք է նաև որոշ տխուր տեղեկություններ հայտնեմ Հայաստանի մասին, որը տեղ էր գտել «Արևածագ»-ի վերջին համարում։

«Արևելքում թուրքերի և հույների միջև պատերազմը նոր թափով բորբոքվեց։ Եթե հետևանքը շահեկան չլինի թուրքերի համար, նրանք պետք է վերջ դնեն օտարների նկատմամբ իրենց ատելությանը, որն արդեն իսկ Համաշխարհային պատերազմի ժամանակ և նույնիսկ քեմալականների առաջընթացից շատ ավելի ուշ, բավականին ակնհայտ էր։ Տառապող երկիրը չի կարող առաջ շարժվել առանց արտաքին օգնության։ Պատերազմի տարիներին երկրի ներսում տիրող կարիքը՝ ներառյալ մահմեդական բնակչության շրջանում եղած կարիքը, արդեն մեծ էր․ անհասկանալի է, թե ինչպես են թուրքերը շարունակում պայքարել»։

Կարճ ժամանակ առաջ թուրքերը Մարսովանից ոչ միայն աքսորեցին մոտ 20 ամերիկացի միսիոների, այլև Սամսունում ձերբակալեցին գնդապետ Քումբսին, «Near East Relief» կազմակերպության ղեկավարին և