Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 4.pdf/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բաց թողեցին միայն տուն վերադառնալու կամ իրենց վերահսկողությամբ աշխատելու պայմանով։ Բացի այդ, ամերիկյան օգնություն տրամադրող կազմակերպության աշխատանքը դրել էին մի քեմալական սպայի վերահսկողության տակ և պահանջում էին, որ օգնություն տրամադրվի ցանկացած կրոն դավանողին։ Սա ցույց է տալիս քեմալականների թշնամական վերաբերմունքն այդքան հարգելի ամերիկացիների նկատմամբ․ հասկանալի է նաև այն, որ մահմեդական բնակչությունն էլ էր դիմել օտարերկրյա օգնության։ Այնտեղ միսիոներական աշխատանքն ավելի հեշտ կամ ավելի դժվար է դառնում՝ կախված իրավիճակից։ Միգուցե Արևելքում ծավալվող պատերազմը միսիոներական աշխատանքի հիմք դառնա։ Հայաստանի քաղաքական անկախությունը անհույս է երևում։ Չի էլ քննարկվում, որ թուրքերը երբևէ կհանձնեն հայկական նահանգները, ինչպես որոշվել էր Սևրի պայմանագրով, և ոչ ոք ջանք չի էլ գործադրում դրա համար։ Բայց Կովկասի Հանրապետությունն էլ է մոտենում իր վախճանին։ Ինչպես հայտնի է, մայրաքաղաք Երևանում իշխանության է եկել բոլշևիկ կառավարություն, որոնց մեջ հայեր չեն, այլ ռուս բոլշևիկներ։ Հայկական կառավարությունը, որը ղեկավարում էր երկիրը, իր նստավայրը տեղափոխել է Զանգեզուրի շրջան։ Որպեսզի համաձայնության գան ռուսների հետ, հետևյալ առաջարկներն են արել․ պետք է երաշխավորվի Հայաստանի անկախությունը, պետք է լինի խառը՝ հայ-բոլշևիկյան կառավարություն, Կարմիր բանակն էլ չպետք է գրավի Հայաստանի բարձրադիր շրջանները, բայց Երևանի բոլշևիկյան կառավարությունը մերժեց այս առաջարկները, պահանջեց հպատակություն՝ առանց նախապայմանների և զորք ուղարկեց Զանգեզուր՝ հայկական կառավարությանը ստիպելու հպատակվել։ Այս ամենը Հայաստանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կիսելու մասին է և հայերի՝ ազատ և անկախ հայրենիք ունենալու վերջին հույսի անսփոփելի կորուստն է։

Ավելին, այս շրջանում մեծ թշվառություն է տիրում։ Մի ամերիկացի բժիշկ միսիոներ տեղեկացնում է, որ Ալեքսանդրապոլի նրանց որբանոցներից մեկում մի շաբաթում 170 երեխա է մահացել սովից։ Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ է ուրեմն կատարվում փողոցում մնացած մարդկանց հետ։

Հիմա մենք հասկանում ենք, թե ինչ հուսահատ իրավիճակ է ստեղծվել վշտալի ժողովրդի համար, բայց ուզում եմ քեզ նորից հիշեցնել Հռովմայեցիս 4, 18-ում գրված խոսքերը՝ «Առանց յոյսի՝ յոյսով հաւատաց»։ Մենք Փրկիչ ունենք, որը կարող է օգնել և փրկել։ Եկեք անկեղծորեն աղերսենք Աստծուն, որ փրկի և պահպանի մեզ մինչև կգա պատասխանը․ կարող է նաև ստիպված լինենք երկար սպասել։ Ղուկաս 18, 1-8։ Հոբ 35, 14։

Եվ եկեք աղոթենք զարթոնքի համար, որ փրկվեն հոգիները սարսափելի փորձանքի ժամանակ և հավատացյալների հաստատակամության և հաստատունության համար, որոնք մենակ կանգնած են թշնամու ցասման առջև։ Աստված բավականաչափ հզոր է, որ պահպանի նրանց։ Ես էլ եմ դեռ սպասում, քանի որ «Ամերիկյան հարթակներ» առաքելության վերջնական որոշումը, որին համաձայն է նաև «Կանանց առաքելության աշխատողներ»-ը, դեռ հայտնի չէ։ Ենթադրաբար Կոստանդնուպոլսից հեռու չեմ կարողանա գնալ, բայց քանի որ այնտեղ պետք է որ շատ փախստականներ և շատ հայ բնակիչներ լինեն, շատ էլ անելու գործ կլինի։ Այլապես Աստված ամեն ինչ դասավորել է ինձ համար հայրենիքում և ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին իրենց հավատարիմ բարեխոսության համար։ Շատ եմ ցանկանում հասնել այն մարդկանց, որոնք այնքան սիրելի են դարձել ինձ, միգուցե որովհետև սարսափելի տառապանքների միջով են անցել և դեռ կատաղի փորձության մեջ են։ Երբ Աստված կանչի, ուրախությամբ կգնամ, բայց իմ ժամանակը նրա ձեռքերում է։ Աղոթե՛ք, որ նա ինձ լցնի իր հոգով և ուղղորդի ինչպես կամենա ինձ համար պատրաստված ուղով, որպեսզի կարողանամ նրա թագավորությունը գովաբանեմ այնտեղ։

Շատ սրտագին բարևներ բոլոր սիրելի ընկերներին

Ձեր երախտապարտ,

քույր Բոդիլ