Էջ:Lilit 17.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անուշաբուրումները, որ խնկում են և անուրջների մեջ սուզում դրախտի արահետները։

Եվ նորից ավելի բուրումնավետ է քո կուրծքը, քան երկնացող բրաբիոնները[1] և քան բալասանն ու ստաշխը[2], որ ծորում են դրախտի ծառերից՝ օծելու համար աստծու քայլափոխները։

Եվ կրակոտ շրթներով համբուրում էր Ադամ Լիլիթի մարմինը և հոտոտում էր նրա կողերի անուշաբույր թարմությունը, որ ավելի թարմ էր, քան ստեղծման օրվա անդրանիկ ցողը՝ սեզերի[3] և սաղարթների վրա։

Եվ հրաբորբոք մատներով շոյում էր Ադամ Լիլիթի ստինքները և հոգու սրտով խոսում էր․

— Սիրելով, սիրելով սիրում եմ քո ստինքները, հրեշտակներից գերազա՛նց Լիլիթ։ Քո ստինքները երկու լուսաբույր փունջեր են՝ շահպրակների[4] և շահոքրամների[4] լուսաբույր փունջեր՝ կնքված կույս վարդերի զույգ կոկոններով. երկու ցնորական֊խենթացուցիչ փունջեր, որ հարբեցնում են հոգիս և հոգիս մարմնիցս բաժանում․․․

Եվ համբուրեց Ադամ Լիլիթի ստինքները և սարսռուն շրթներով համբուրեց կնիքները ստինքների։

Լիլիթ գոցել էր աչքերը, անտարբեր էր և անուշադիր և չէր լսում Ադամի ձայնը։

— Լիլի՛թ, աստվածայի՛ն Լիլիթ, թույլ տուր համբուրեմ քո շրթները։ Քո շրթների միայն մի անհուն համբույրով ես ողջ դրախտը վայելած կլինեմ։ Լիաճոխ ճաշակած կլինեմ ողջ տիեզերքի հավերժությունն ու անեզրությունը քո շրթների՝ անանուն, անգին, աննման համբույրովը միմիակ․․․

Ադամ մոռացել էր ինքն իրեն, և ոչինչ բան գոյություն չուներ այլևս իրեն համար։ Եվ կային Լիլիթի շրթները միայն, որ համբուրում էր Ադամ, համբուրելով անհագ ու անդուլ. ծծելով, ծծելով Լիլիթի քաղցրությունը բոլոր, էությունր ողջ՝ չէր հագենում Ադամ, և սպառվում էր Ադամի հոգին՝ համբույրների անհունի մեջ հատնելով․․․

Եվ հանկարծ թափով գալարվեց Լիլիթ՝ ազատելով իրեն Ադամին հյուծող, արյունոտող համբույրներից. ցատկեց և թռավ տաղավարից դուրս և անհայտացավ գիշերային դրախտի բավիղների մեջ։


Ադամ ընկել էր ուշաթափ մինչև լույս։

Երբ ուշքի եկավ, հիշեց, որ Լիլիթ փախավ գիշերվա մթին։

  1. բրաբիոն — ծաղկի տեսակ
  2. ստաշխ — արևադարձային մի քանի բույսերից ստացվող անուշահոտ նյութ
  3. սեզ — կարճ խոտաբույս
  4. 4,0 4,1 շահպրակ, շահոքրամ — խավածաղկավորների ընտանիքին պատկանող ծաղկաբույսեր