Էջ:Lilit 18.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սրտաբեկ ոտքի կանգնեց։

Փորձեց նորից գտնել Լիլիթին, մի անգամ էլ աղերսելու, որ իրեն չլքե։

Ցավալլուկ[1] և պաղատագին կոչեց Լիլիթի քաղցր անունը և լսեց միայն իր ձայնի ունայն արձագանքը։

Ամենուրեք որոնեց նրան լճափներում և աղբյուրների շուրջը, պուրակներում և այրերի մեջ։ Եվ ո՛չ մի տեղ չգտավ, չգտավ Լիլիթի հետքը։

Երկար պահերով դեգերում էր Լիլիթի անցած արահետներով՝ կարոտագին համբուրելով սեզերն ու հողերը, ուր դիպել էին Լիլիթի քայլերը։

Երկար պահերով նստում էր Լիլիթի ապրած վայրերում և աչքերը գոցում էր՝ Լիլիթին տեսնելու համար։

Եվ իր տեսիլների մեջ Լիլիթն ավելի ցանկալի էր ներկայանում, ավելի ցանկալի և աննվաճ փափագելի։

Եվ տեսիլների միջից սթափվում էր Ադամ սրտի կսկիծով․ և խենթի պես վազում էր ու վազում․․․

Արդեն հասել էր դրախտի սահմաններին, որտեղից այն կողմ ծավալվում էր ամայի և խոպան երկիրը։

Հոգնած էր շատ։ Նստեց հանգստանալու։

Եվ գլուխն առած ափերի մեջ՝ ողբում էր իր տառապալից վիճակը և խորհում էր այրող հուշերով Լիլիթի անմոռաց և խուսափուն հրապույրների մասին, երբ, ինչպես թե երազի միջից, լսեց Լիլիթի ուրախ լուսածիծաղը, որ գարնան ողջույնի պես թունդ հանեց նրա սիրտը։

Աչքերը հույսով դարձրեց ծիծաղի կողմը․․․ Եվ տեսավ մի ահավոր պատկեր, որ սև շանթի պես խավարեցնելով ու կիզելով՝ անցավ իր հոգու խորքով։

Տատասկոտ և մռայլ երկրի կողմից, դրախտի ցանկապատի վրա տեսավ նա սատանայի գլուխը սևափայլ աչքերով՝ չար ու նենգ։

Տեսավ սատանայի պարանոցից կախ ընկած Լիլիթին՝ տարփաբույր[2] մեկոններով[3] վարսերը պսակված։

Եվ անհուն ցանկությամբ համբուրում էր Լիլիթ սատանայի շրթները։ Եվ ծիծաղում էին միասին գոհ ու երջանիկ։

Ադամ նախանձից խելագար՝ մռնչաց կատաղի․

― Լիլի՛թ, Լիլի՛թ, Լիլի՛թ, այդ դո՞ւ ես․․․

Լսեց սակայն հաղթական սատանայի ահեղ քրքիջը, որ ամպի պես որոտալից ճայթեց իր գլխին։

  1. ցավալլուկ — ցավից լլկված՝ տանջված, տառապած
  2. տարփաբույր — սիրատենչ
  3. մեկոն — խաշխաշ բույսը