Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ե՜յ, աղա Բաղդասար, ում հայտնի յե, ում չե, ինձնից հո թագուն չի, հաստատ մնա մեր գետը, ավազին հաշիվ ու համար չկա, ինչքան քո սիրտը կուզի՝ ավելացրու։


— Այ յեղբայր, տանուտեր, մեկն ասում ես մյուսը թողնում, չգիտես, թե ամեն մի հատիկի վերա քան աչք կա, եդ մի փոքր խառնուրդն ել վոր չլինի, խեղճ փոդրաթչին վոր մեկի ծակ աչքը պետք ե կշտացնի դու հավատում ես, վոր ձեռքիս մեկը քսակիցս չի դուրս գալիս, մեծ կնյազին հարկավոր ե, փոքրին՝ նմանապես, գրագրի պետք ե տաս, յասավուլի ռեխը կրծելու վոսկր պետք ե քցես, ղազախն արաղի փող ե ուզում, միկիտան Սաքոյի բերանը յոթը խուրձ խոտով չես կարող փակեր հիմի ես կողմն արի, — տանուտեր կա, գզիրը նորա պոչիցը կպած ե, գյուղի իշխանավորը մի կողմիցն ե փեշդ քաշում, ծառան ձեռքն ե դեմ անում, վոր մեկը համարեմ, լեզվով ասելը հեշտ ե, սրանց փող կդիմանա, խոտի նման սարի թմբին հո չի՞ բուսնում։


— Վնաս չունի, խոջա Բադդասար, փոդրաթչին մի մարդ ե, հասարակությունը հարյուր ու մի, դու ինձ լսիր, խալվարը 25 մանեթով հաշիվ արա։


— Մեջտեղն իմ ոգուտն ի՞նչ ե։


— Յեթե կամենաս, յերեսուն մանեթի ստացական տանք, հինգը դու վերցրու։


— Վոչ, յերեսունը շատ ե աչքի ընկնում, քսան և հնգի գիր տուր, քսան ստացիր, դրանից՝ տասնութը ժողովրդին՝ յերկուսը քեզ, հոգ չե, մեր տանուտերն ես, դու յել ոգուտ տես։


— Հետո քո բաժինը շատ չի լինում։


— Ա, պա՜, պա՜, պա... ինձ հարամ լինի, են հինգն ել պետք ե մտնի վերեն հիշածս մարդկանց փորը։


Յեվ Բղդեն 20 մանեթով համարեց տանուտերի հառաջ 30 խալվարի գինը ու 25—ով ընկալագիր ստացավ։


Ապահովագրին բացի տանուտերից ստորագրել եյին և յերկու գյուղական առաջավոր անձինք։


— Ես յերկսի կտուցն ել մի քէչ մեղր քսիր, մատնացույց արեց տանուտերը Բղդեյին ձեռք քաշողների ստորագրությունը։


— Ի՞նչ ես ինձ ձեռն առել, տանուտեր, յերեսս կակուղ տեսար ատամներս համարեցիր. յես չգիտեմ, վոր ցորենատիրոջ գրպանը կոպեկ չպետք ե մտնի, բոլորը մարսելու յեք դու և քո այդ ձեռք քաշող մարդիկը. մի գոգ փող եմ համարել առաջիդ, յեթե դու ապերախտ մարդ չես, պետք ե դորա մի մասն ինձ բաժին հանես, այ, թեկուզ այս յերկու հատ թղթի կտորը։