Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԵՊՈ

Ինձ տու, վոր տամ, ե՜. ախըր ես վոր տալիս ես, մասխարա յես գցում, թե ինչ խաբար ե։

ԱՐՈՒԹԻՆ

Արի ու սրա պեսերուն վարցք արա։ Տո, վոն՞ց չես իմանում, վոր պարտ չեմ յես ձեզ ու ետ ել ինչ վոր տալիս եմ, հոգուս համար բախշում եմ։

ՊԵՊՈ

Բաշխում ես... Ընչի, յես աղքատ եմ, եկել եմ վողորմություն եմ ուզում քեզնից. յես իմ հախն եմ ուզում, իմ հախը. ինչ կանեմ յես քու բախշիշը։

ԱՐՈՒԹԻՆ

Տո, գժվել ես, թե ինչ խաբար ե. ինչ ես ուզում ինձանից։ Զոռով պարտք կըլի աշխարհքում՝ շլինքս ես գցում։

ՊԵՊՈ (առաջ գնալով)

Արա յերդում կեր, թե պարտ չես. յերդում կեր, ելի. մարդ կըլես յերդում կուտես։

ԱՐՈՒԹԻՆ

Յերդում, հավատք աստոծ, (Պեպոն զարհուրանք ե արտահայտում) յերկինք, իմ վորդկերանց արևը գիտենա, վոր վոչինչ պարտ չեմ...

ՊԵՊՈ (զայրացած)

Ա՜յ, աստոծն ու յերկինքը խռով կենան գլխիդ: (Խփելով փողը Արութինի յերեսին) Հը՛, բռնի, աչքդ դի, կնկադ համար բան կունենաս առնելու։

ԱՐՈՒԹԻՆ (աղաղակելով յեվ տեղից վեր թռչելով)

Ոգնեցեք, ղարավուլ. սպանեցին, մորթեցին... Ո՞վ կաք ետեղ... (Ներս են թափվում ձախ դռնից Եփեմիան, աջ դռնից Սամսոնը, հագնված յեվ զարդարված, ինչպես պատվիրել եր Եփեմիան յերրորդ տեսիլում, իսկ դիմացի դռնից յերկու ծառա ֆրակով յեվ սպիտակ ձեռնոցներով: Տեսարան):


ՏԵՍԻԼ XV

ՆՐԱՆՔ, ԵՓԵՄԻԱ, ՍԱՄՍՈՆ, ՅԵՐԿՈՒ ԱՅԼ ԾԱՌԱ

ՊԵՊՈ (ձախ ձեռքով ցույց տալով ծառաների վրա)

Ես ե քու մարդությունն ելի... (Յերկար լռություն) Այ, հարամ ըլի քեզ քու հարստությունը։

ԱՐՈՒԹԻՆ (սաստիկ շփոթված, ծառաներին)

Տո, ոգնեցեք, ե. ինչ եք թամաշա անում. տեսնում եք ուզում ե ինձ սպանի։ (Սամսոնը յեվ ծառաները մոտենում են Պեպոյին):