Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Գիշերային լապտերները վորպես ծերության հոգնած, մշուշապատ աչքեր, այստեղ, այնտեղ հազիվ պլպլում եյին։ Նրանց խղճուկ ցոլքերի մեջ ձյունի թերթիկները նշմարվում եյին իրենց քմահաճ ու խենթ պտույտներով, ինչպես գիշերային թիթեռնիկները, վորոնք խուռն յերամով ճախրում եյին լույսերի շուրջը։


Ցուրտ եր։


Ամայի ու խավար փողոցում վոչ վոք չկար:Միայն մի լուսավոր ու փարթամ շենքի առաջ մեն֊մենակ կանգնած եր մի լծված կառք։ Ձյունը հաստ շերտով վաղուց եր պատել և՛ կառքը, և՛ մի հատիկ ձին, և բարձրում նստած ծեր կառապանին։ Բայց մենավոր կառքը միշտ այնտեղ եր անշարժ ու հնազանդ՝ ինչպես արձանը։


Յեվ ձյունը թափվում եր, թափվում եր... Քաղաքային տան վրա խփեց ժամը յերկուսը։ Հեռու, հեռու լսվեց մի սուր ու գալարուն սուլոց, հետո դարձյալ մի սուլոց, ապա լռեց։


Այդ վոստիկաններն եյին ազդանշան տալիս իրար, ով գիտե, ինչ մութ գործի համար։


Կառքից մի փոքր հեռու, կիսաշեն տան պատի տակից, մեղմ ու ցավագին լսվում եր մի մլավյուն. այն մի կատու յեր, մի հիվանդ ու ծեր կատու, վոր փողոց եր շպրտված ու մնացել եր անապաստան։ Շները հալածել, խեղդոտել եյին նրան, անողորմ կերպով բզկտել նրա մորթին, մանուկները քարկոծ եյին արել, և այժմ ուշ գիշերին մի քարի տակ կծկված՝ խեղճ ու դժբախտ նա մլավում եր, գանգատվում եր, վոր գլուխ դնելու տեղ չունի։ Յեվ մի ծանր ու անհունորեն հուսահատ բան կար խեղճության ու անտերության այդ մենավոր տնքոցի մեջ, վոր լսվում եր միակերպ, անվերջ և անպատասխան խեղդվում եր խավարի ու ձյունի ծանրության տակ։


Կառապանն այնպես կուզեր, վոր այդ ցավոտ ձայնը չլսեր, և կամ այնքան միակերպ, այնքան հուսահատ չլիներ։ Ձին ել գլուխը քաշ ձգած ձյունի ծանրության տակ, ասես խորհում եր աշխարհի իրերի մասին, խորհում եր նաև այն մասին , թե ի՞նչու յե կատուն մլավում այնտեղ, և ինչո՞ւ ինքն ու իր տերը, այսպես ուշ գիշերով, ձյուն-ձմռանը մնացել են դուրսը, յերբ արար-աշխարհ կծկվել ե հարկի տակ։


Յեվ կարծես իր տիրոջը հիշեցնելու համար իրենց ծանր կացությունը, նա մերթ ընդ մերթ ուժգին փնչացնում եր կամ վոտքերով դոփում գետինը։ Սակայն կառապանին այդ բոլորը հիշեցնելու պետք չկար. նա յել եր մտածում այդ բոլորի մասին. գի-