Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մե բարի ձեռ նրա ճղերը կտրի ու կրեն պատվաստի մալաչի դալար շվիր (շյուղ), կտենաս մե երկու, տարուց հետո եդ քարճինի ծառը մալաչի տանձեր կբերա, համով, հոտով, ու կերածդ վախտն ել բերնիտ ջուրը կերթա։ Մեր գեղցին ել վոր կա, մեշի ծառ ա, քոթուկը (բուն) հաստ, արմատները ղայիմ, համա պտուղը քարճին ա. մե ուստա ձեռ ա պետք, վոր ճղերը կտրի, կրեն պատվաստ անի, կուզես մեղրիկինի, կուզես գյուլ-աբի, են վախտն ել ընդու պտուղն ել են կըլնի,ինչ վոր պատկաստելիս , համով, հոտով, սիրունութենով։ Մալականը վոր կա, պատվաստած ծառ ա, վո՞րն ա ընդու պատվաստողն,չիմ գինա, ամա տենում ենք պտուղը համով ա։ Հենա Գյանջու կողմն ել նեմեցներ կան, ընդոնք ել մալականներից են շնորհքով, երևում ա ընդոնք ել են պատվաստ արած, ընդուր վոր ըեդոնց արած բաներն ել են ղայդով (կարգին) լավ, ընդոնց գեղն ել ա թամուզ-իստակ, ծառով լիքը, վարժատունը մեջները, ժամն ել պայծառ, բոստան ու բախչեն դեմներն... Մեր գեղը ըդենց բաներ չկան...Մալականը ինչ վախտ վոր ուզում ա գեղ քցի, յաթե չե իր համար շենլիկ շինի, մեկ ել տեսնում ես հմմեն յանից մարդիկ են բսնում, ասում են, բարեկամ, ես եսենց շինա, են ընենց շինա, յա ծուռ ա, դրստի, են պստիկ ա, ջոջացրու (մեծացրու), մե խոսքով, խորհուրդ են տալում, խելքում-խրատում, գլխու քցում։ Մալականն ել բարի խրատն ընդունում ա, չգիտցածը սովրում, ու բանը անում:


Կամսարյանի գլխին, կարծես, ջուր մաղեցին: Իր հարին նա չեր սպասում այսորինակ պատասխան:Դա, իսկապես, դատապարտության մի վճիռ եր, վոր տանուտերը կարդաց իր յերեսին։ Ախր չե՞ վոր այն ամենը, ինչ այդ գյուղացին ասաց, հայտնի եյին իրեն վաղուց ։Չե՞ վոր հենց իրենց ընկերական ժողովներում հաճախ այն միտքն եր արծարծվել, թե հայ գլուղացին տգետ, հետամնաց, հետևապես և թշվառ ե մնում այն պատճառով, վոր բոլոր իր կյանքում զուրկ ե մնում առաջնորդից, սրտացակ խորհրդատվից, բարի որինակից: Լինեյին դրանք, և նա կազատվեր դարերի ընթացում իր վրա բռնացող ճակատագրական թշվառությունից: Արդ,ինքը յեկել եր այդ առաջնորդը, այդ խորհրդատուն լինելու: Ինչո՞ւ յեր, ուրեմն, յերկար ու բարակ տանուտերին հարցուփորձում: Չե՞ վոր նրա համար, վոր իր դրած ուխտն այժմյանից արդեն ծանր եր թվում իրեն, և նա նրանից կամենում եր խուսափել... Մի՞թե ամոթ չեր այդ։


Այս հետադարձ միտքը ձգեց յերիտասարդին վարանքի մեջ. խղճի մի թագուն խայթ սկսավ անհանգստացնել նրան, ուստի դադարեց հարցեր առաջարկելուց: