Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ միջոցին վերադարձավ տան տիրուհին՝ ձեռքին մի քանի նորաթուխ լոշեր։ Ըստ յերևութին, նա այդ որը թազա հաց չունենալով՝ ըստ գյուղական սովորության՝ փոխ եր առել հարևանից, վորպեսզի նորեկ հյուրին ոթեկ հացով չկերակրե։ Տանուտերը կնոջ տեսնելուն պես՝ վեր թռավ տեղից, ինչպես մեծ հանցանք գործածին մեկը։


— Ներողություն, աղա,— ասաց նա, — ախր դու ճափխից ես գալում, անոթի կըլնես. յես դինջ նստեր եմ, քե հետ գյալաջի (զրույց) եմ անում։ Դե, Սալվի, շուտ արա, հացի թադարեք (պատրաստություն) տես,— դարձավ նա դեպի կինը, վոր արդեն մտնում եր տուն։


Այսպիսով Կամսարյանը միայնակ մնալով՝ սկսեց լսածների մասին լրջորեն մտածել։ Այս առիթով նա նորից հիշեց անցյալը, ուսանողական ժամանակի փայփայած մտքերը, իր վոգևորությունը, խիզախ վորոշումը և այդ ամենին հակադրելով իրականությունը, յեկավ այն յեզրակացության, վոր ինքն սխալվել ե, թեթև աչքով նայելով առաջադրյալ խնդրի վրա, կամ սպասելով, վոր գործը դյուրությամբ սկսվի և դյուրությամբ շարունակվ:


— «Այստեղ, հաստատուն կամքի հետ միասին, պետք ե ունենալ նաև մեծ համբերություն, — խոսեց նա ինքն իրեն. — ծառից՝ ծառատակը միշտ մոտ ե յերևում, բայց յերբ թռչում ես, այն ժամանակն ե միայն տարածությունն իմացվում: Մինչև այժմ յես դեռ թռչելու վորոշումն եմ արել և արդեն տարածությունն անհուն ե թվում. ինչ կլինի, յեթե սկսեմ թռչել... արդյո՞ք ուժերս կներեն. թևերս չե՞ն թուլանալ»...


Այս մտածության հետ միասին անսպաս տեղից ծնունդ առավ նրա սրտում պատվասիրության զգացումը. — «Եհ, ամոթ ե վերջապես փոքրոգի լինել այսքան և վախենալ կյանքի գալոց զրկանքներից... Այս գյուղացիներն ել մարդիկ են և ահա ապրում են զրկանքներով լի այդ կյանքով և չեն մեռնում։ Ինչո՞ւ ուրեմն չփորձեմ մի փոքր ել ապրել նրանց հետ և նրանց նման. գուցե հենց այդ փորձի մեջ գտնում եմ յես հնարն իմ խոստման տեր մնալու։ Ինչո՞ւ հուսահատվել դեռ վոչինչ չգործած, դեռ ուժերս չփորձած»...


Այսպես մտածեց Կամսարյանը տանուտերի խոսքերի թարմ ազդեցության տակ և վորոշեց անպատճառ «փորձել» իր ուժերը։


Այդ վորոշումն անկեղծ եր. անձնասեր «յես»-ի ձայնը լռել եր նրա մեջ առ րոպե։