Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թուքը կուլ տալով՝ ձեռը ջեբը տարավ մեր նախրչին ու հետ արեց յուր հասարակ կտավե քսակի բերանի կապը։ Նա տասը մանեթ պարտք եր արել մի չնչին գործի համար, Սև ջրի գլուխն յեկել. վերջին յերկու մանեթն ել Սաքոյին տվեց ու խնդրեց, վոր գնա թե չե, մնացածը առաջին յեկողի հետ ղրկի:


— Քn ցավը տանի, թեկուզ ըսկի[1] մի ղրկիլ, կամ թե ունեցած ժամանակդ ղրկի, քեզ վրա կորած հո չի, հանգստացնում ե նրան Սաքոն ու ճանապարհ ձգում։ Նա լավ գիտի, վոր նախրինչ չե տանուտերն ել չի համարձակվիլ յուր մի կոպեկն ուտել, մանավանդ, վոր իրեն հասնելիքի քառապատիկ կամ հնգապատիկն արդեն ստացել ե. բացի դրանից կողմնակի ճանապարհով նախրչու տասը մանեթի մեծ մասն ել յուր գրպանն ե մտել, ում ինչ տվել ե նախրչին, Սաքոյի ձեռքովն ե անցկացել։


Յես չգիտեմ Սաքոյի նախորդ գինեվաճառներն ել սույն և մի անունն ու խելքն ունեյի՞ն, թե վոչ։ Հավանական ե, վոր.յես կարծեմ Սաքոյի իրան հանճարն եր այդպես հանրահռչակ արել։ Թթու յե թան չի, ամեն մարգի բան չի. ով եր կարող Սաքոյի պես վստահ գործ բռնել . ո՞ւմ առաջին մովրովի դուռն այնպես բաց կլիներ, ինչպես մեր Սաքոյի։ Տեսե՛ք, թե մեր միկիտանն ի՞նչպես ե շարունակում իր տեսակցությունները մովրովի հետ։


Մութը գետինն առավ, վոտքը խաղաղվեց, ամեն մարդ մտավ յուր սենյակը։ Սաքոն հանձնեց գինետունը յուր սպասավորին և գնաց դեպի մովրովի ամարաթը։ Նա ուղիղ ճանապարհովը չի գնում. նա անցկացավ պատի տակն և շուտ շուտ խլշկոտալով իրան ձգեց մովրովի նախասենյակը։ Նրա համար առաջուց իմաց տալ չկա. յասավուլն իրավունք չունի արգելել նրան։ Սաքոյի ներս մըտնելուց հետո նա պարտավոր ե թողուլ նրան նախասենյակումը և դուրս գալ, դուռը հսկել, վոր ոտար մարդ չգա։ Բավական ե, վոր մովրովը տանն ե։ Ներսից դուռը փակած ել լինի, Սաքոն ունի յուր բաղխելու ձևը. իսկույն դուռը նրա առաջին կբացվի։ Մովրովի քնած ժամանակն ել Սաքոն կարող ե ուղղակի մտնել ննջարանն և զարթեցնել, այդ կնշանակե, վոր մի անհետաձգելի գործ կա։


— Տղայք, ով կա այդտեղ, ձայն ե տալիս մովրովն յասավուլին և նորից խստիվ պատվիրում՝ վոր վոչ վոքի չընդունեն։


Մտնում ե Սաքոն մովրովի մոտ, կանգնում դռան տակին և գլուխ տալիմ ձեռքերը կրծքին դրած։ Նա գլուխը չի բարձրացնում, մինչև մովրովը չհարցնի։ - Հը՛, ի՞նչ կա։

  1. Յերբեք: