Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/799

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընկերս յեկավ, քրտինքս տեսավ, ասաց՝ ել չվախես, պրծել ես։ Պատմեց, վոր յերեք որ ուշաթափ եմ յեղել, վոր ինքը շատ ժամանակ ինձ մոտ ե յեղել. շնորհակալ եմ, գնացել ե դալլաք Սեթին բերել, թեև բոլորովին իմ միտս չեր, դալլաքն ինձ մտիկ ե արել, ասել ե՝ արյուն առնելու, ժամանակն անցել ե, նրա ճարը մի լավ քրտինքն ե, քրտինք բերող մի դեղ ե տվել ու գնացել։


Տասն ե չորս որից հետո կանգնեցի, թեև շատ նվազ եյի։ Ել չսպասեցի, ընկերներիս ասացի՝ գնում եմ տուն:


— Ի՞նչ ե յեղել քեզ,— հարցրին նրանք.— աշխատանքը լավ ե...


— Չուզեցի այսպես աշխատանքը,— ասացի,— մի կտոր չոր հացը յերեխաներիս հետ ուտեմ, բավական ե։


Ճնապարհ ընկա դեպի մեր տուն։


Շուշի մտա կիրակի որ, կեսորից հետո: Ամառ եր, յեղանակը հով, սիրուն։ Մարդ, կնիկ, տղա, աղջիկ դուրս թափված գնում եյին ման գալու։ Կասես բանտից եյի ազատվել։ Այնքան ուրախացա. սկսեցի համարյա վազել:


Հայոց հրապարակից բարձրացա, փոստի փողոցովն անցնում եյի. տունը մոտիկացել եր. այդ փողոցով սալ քարի վրա նստած եր սպիտակ չադրայի մեջ փաթաթված մի կին։ Վողորմություն եր խնդրում, գլուխը գցել եր գոգը, վոր մարդ չտեսնի, ձեռքի կեսը դուրս եր բերել, բաց արել, մի վոտի ձայն լսելիս ցած ձայն եր հանում։ Շատերը չեյին նայում, անցնում եյին։ Յես ձեռքս գրպանս տարա, վոր վողորմություն տան. մանր փող չկար։ Հա, ասացի, հետո կտամ։ Յեվ ելի վազեցի։


Հենց ինչպես հիվանդությանս ժամանակ տեսել եյի, այնպես ել յեղավ։


Յերեխաները կպան ինձանից։ Նրանց համար նոր եյի աշխարհ յեկել:


Մարմինս փշաքաղվեց, յերբ տեսա նրանց տկլոր։


Կնիկս տանը չեր։ Հարցնում եմ, թե ուր ե, լաց են լինում։ Յես ել լաց յեղա։ Աստված, անբախտություն չլինի պատահած, բայց Սիմեոնը ինձ հանգստացրեց, ասելով.


— Միշտ մթնած ժամանակն ե գալիս։


Վերջապես մթնեց։ Կնիկս սպիտակ չադրան շուռ կալած յեկավ: Ասացինք, խոսեցինք։ Ի՞նչ իմացա...


Փողոցում նստած մուրացկանը իմ կինն ե յեղել։ Արյունը գլխիս խփեց: Լեզուս ել չզորեց, վոր ուրախացնեմ, ասեմ նոր սնդուկ եմ բերել, ամենքի համար չիթ ու կտոր եմ բերել, մի տասը կամ քսան մանեթ ել փող։ Յես կատաղել եյի։ Բայց ո՞ւմ վրա։


Իհարկե, ինձ վրա...