Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ների։ Եվ այս ամենը, այս ընդհանուր գրությունն աոաջ է բերում պատմական ավանդություններ՝ երգեր ու զրույցներ կատարված դեպքերի ու եղելությունների շուրջը, և կազմվում է երկրորդ հայկական վեպը, իսկապես՝ երկրորդ ավանդական վեպի պատումների մի ցիկլ, որի էական խնդիրն է քաղաքական անկախության համար պայքար ընդդեմ պարսիկների: Դրա մեջ, հարկավ, ինչպես վեպերի մեջ սովորաբար լինում է, նշանավոր պատմական անձերի վրա ասվում են նաև ստեղծական արարքներ և ընդհանուր վիպական բնավորություն ունեցող մոտիվներ, բայց բոլորը պատմական իրականության ֆոնի վրա: Եվ ահա, ինչպես վերևում էլ նշվեցին մի քանի գծեր, մեր առաջ պարզվում է ֆեոդալական դրությունն իր շատ կողմերով, արտաքին հարձակումներ, ներքին խռովություններ, թագավորից ապստամբություն, նախարարների և նույնիսկ թագավորի եղբայրների,ապստամբ տոհմերի կոտորած խորամանկ ու խաբեական միջոցներով և երդմնազանցությամբ, արյան վրեժխնդրություն, նոր ազնվականության կարդում թագավորական հրովարտակով՝ գյուղեր և այլ կալվածներ տալով նրան ի ժառանգություն, ավարառություն ե այլն։ Բոլորը ֆեոդալական դարաշրջանին հատուկ իրականություն։

Մի հատկանիշ, որով այս երկրորդ հին վեպը տարբերվում է առաջինից, դա այն է, որ այստեղ պակասում է հրաշալին, գերբնականը։ Գործող անձերը, թեպետ հերոսական բնավորությամբ, բայց մարդիկ են։ Չկան հին առասպելները վիշապների մասին։ Նյութն ընդհանրապես շատ ավելի պատմական գույն ունի, մոտիկ է իրական պատմությանը, քան վիպասանքի մեջ։ Դրա պատճառն այն է, որ պատմագիր Բուզանդը, որից դիտենք այս Վեպը մեծ մասամբ, կատարելապես արհամարհում է հեթանոսական առասպելականը։ Ուստի եթե եղել են հրաշալի պատմվածքներ, Նա դրանք չի առել իր պատմության մեջ։ Բայց որ գլխավորն է՝ այս պատմական վեպի երգերն ու զրույցներն իրենց դրվելու ժամանակ՝ երկար դարեր չեն ապրած եղել այն դեպքերից ու անձերից հետո, որոնց վրա հորինված են դրանք։ Որքան վեպի մեջ հիշված դեպքերն ու անձերը ժամանակով, ավելի մոտենում են 5-րդ դարին, այնքան ավելի իրական, պատմական են նրանք: Եվ այս հասկանալի է, թե ինչու։ Վեպի այդ մասերը պակաս մամանակ ապրած լինելով, պակաս էլ ենթարկված են ավանդական վեպի համար սովորական փոփոխությունների, աճումների ու հարակցությունների և, այսպես ասած, առասպելականացմանը: Բայց և այնպես այդպիսի վերջին մասերն անգամ ոչ թե իրական պատմություն են, այլ վիպական բանահյուսություն։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ 1. Խոսրով և Տրդատ:-«Պարսից պատերազմի», ինչպես մեր «Սասնու Ծռերի», սկիզբը կապված է նոր տոհմերի ծագման հետ, մի կողմից` Հայոց Մամիկոնյան սպարապետության, մյուս կողմից` Պարսից Սասանյան հարստության։ Հայ Արշակունիների և Սասանյանների մեջ սկսվում է մի մեծ