Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հրաշալի գեղեցիկ դիցազն է Գիլգամեշը, որին սիրում է Իշտարը։ Դիցուհին ինքն իրեն առաջարկում է գեղեցիկ երիտասարդին, մեծ պարգևներ և իշխանություն խոստանալով նրան, որ իր կամքը կատարե։ Բայց Գիլգամեշը մերժում է նրա բոլոր առաջարկությունները, ասելով թե նա կորստի է մատնել իր բոլոր սիրականներին: Այն ժամանակ Իշտարը զայրանում է և ուզում է սպանել Գիգլամեշին։ — Իրոք նա սպանում է իր մի ուրիշ տարփածուին, Թամմուզին, որի մահը ողբում է նա և Սանդարամետ է իջնում անմահության ջուր ձեռք բերելու և նրան հարություն տալու[1]։

Այս առասպելի պաշտամունքն ևս կար իր արարողություններով։ Տիրոսում նույնիսկ Թամմուզի հարության տոնն էին կատարում։ Նույն առասպելն ու տոնը կար նաև հունական Ափրոդիտեի և Ադոնիսի համար։ Այդ տոնը շատ մեծ հանդեսով կատարում էին Բիբլոսում (նավահանգիստ Միջերկրականի ափին, Տրիպոլսի և Բեյրութի միջև)․ տոնի առաջին օրը սգում էին երիտասարդ սիրականի մահը, կատարում էին Թաուզզի ողբը, որին մասնակցում էին դիցուհու հերոդուլներն իբրե ողբասաց կանայք։ Երկրորդ օրն ուրախության հանդես էին անում նրա հարության համար։

Արդ՝ այո առասպելի հայկական պատումն ունենք իբրև Արա Գեղեցիկի և Շամիրամի վեպ, որ գեղեցիկ մշակած բերել է Մ․ Խորենացին (Ա. 15) ոչ իբրև աստվածուհու և դիցազնի առասպել․ Արան Հայաստանի իշխան է, իսկ Շամիրամիը՝ Ասորեստանի թագուհի։ Բայց ինչպես «այրասիրտն այն և կաթոտն Շամիրամ» նույնն է, ինչ որ իր մայրը, սեմականների սիրո աստվածուհին, մարտիկ և տարփագին դիցուհին Իշտար, Գերկետո, նույնպես և մեր Շամիրամի և Արայի զրույցը նույնն է, ինչ որ Իշտարի և Թամմուզի առասպելը։ Մեր Արան նույնպես գեղեցիկ է, ինչպես Թամմմուզ, Ադոնիս և մյուսները։ Ինչպես Իշտարն իր տարփածուին, նույնպես և Շամիրամն Արային իշխանություն և պարգևներ է խոստանում իր կամքը կատարելու համար։ Բայց Արան հավանություն չի տալիս։ Իշտարը զայրանում, մահացնում է տարփածուին․ այսպես և Շամիրամ տիկին «ի սաստիկ ցասման լեալ» գալիս, կռվում է Արայի դեմ, և Արան սպանվում է։ Այնուհետև մեծ մայր Իշտարը սաստիկ ցավում է և Սանդարամետ է իջնում իր տարփածուին հարություն տալու համար։ Նույնը և հայկական առասպելի մեջ, միայն մեր հեթանոս հայերի հավատալիքով պատմված, և այս շատ բնական է։ Հայտնի է, որ ըստ հեթանոս հայերի հավատքի՝ եղել են Արալեզք կամ Առլեզք կոչված ոգիներ, որ պատերազմի ընկած վիրավոր քաջերին կամ դիցազներին լիզում և ողջացնում էին։ Այդպիսինների դիակները դնում էին բարձր տեղերում, աշտարակների տանիքներում, որպեսզի Առլեզներն իջնեն և ողջացնեն։ Արդ՝ մարտի դաշտում իբրև քաջ ընկնում է Արան, և Շամիրամը նրա դին դնել է տալիս ապարանքի տանիքում և ասում․ «Հրամայեցի աստուածոցն իմոց լեզուլ զվէրս նորա, և կենդանացրի»․ Մ․ Խորենացու Պատմության մեջ առասպելի վերջը փոխված է, բայց Արան կենդանանում, հարություն է առնում ըստ ժողովրդական հավատքի[2]։
30

  1. Lehrbuch der Relligionsgeschichle, heraug voo P. D. Chaoteple de la Saussaye. Lelpzig, 1897. 1, էջ 193, 213։ Tobingeo, 1905, էջ 208
  2. Մ․ Աբեղյան — Հայ ժողովրդական առասպելները, էջ 528 և հան: «Առլեզք և Արայի հարությունը», էջ 538 և հան: «Լեզքի և Արտամետի զրույցները»