Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցածին գործերով, և զգուշացնել անարիներին և վատերին դավաճանների օրինակով՝ պարսավելով նրանց արարքները և պատժել տալով նրանց։ Այս նպատակն է դնում Վահանը պատմության համար[1], նույնպես և ինքը Ղ․ Փարպեցին և ընդհանրապես հին պատմագիրները։ Չպետք է կարծել, թե այն, ինչ որ պատմագիր Ղազարն ու զորավար Վահանը մտածել և գործադրել են գրավոր կերպով, նույնը չեն արել առաջ, գիր չեղած ժամանակ, ուրիշ զորավարներ ու թագավորներ և գուսանները։ «Տարեգրությունների և էպոսի սոցիալական միտումը միևնույնն է։ Տարեգրությունները, ինչպես և վեպը, գովաբանական են»։ Նրանց բովանդակությունն էլ ընդհանրապես նույնն է. թագավորների և իշխանների պատերազմներ, հաղթություններ, ազգաբանություններ, մահեր և այլն, միայն վեպի մեջ այղ ամենն առանց որևէ ժամանակաբանության և ավելի չափազանցրած և ընդհանուր վիպական մոտիվների հետ ավելի խառն։


ՎԵՊԻ ՀՈՐԻՆՎԱԾՔԸ


1. Սյուժետները։— Մեր այս վեպը բավական հարուստ է զանազան սյուժետներով։ Կան նաև նույն սյուժետների փոփոխակներ, որոնց վկայում են, որ Վեպը բերանացի ապրել և զարգացել է մինչև 5-րդ դարի կեսերը։ Դրանից է առաջացել այն, որ մեր այս Վեպի մեջ պատմագիր Բուզանդը կամ հենց վիպասանները մտցրել են կրկին պատմվածքներ, այսինքն՝ միևնույն դեպքը, փոքր ինչ փոփոխված ձևով, պատմվում է երկրորդ անգամ։ Այսպիսի կրկին պատմվածքներ են անպայման հյուսիսային ազգերի արշավանքները Խոսքով Կոտակի, սրա հոր՝ Տրդատի, սրա հոր Մեծն Խոսրովի օրով, և եթե ավելի բարձր գնանք ըստ Խորենացու, Մեծն Խոսրովի հոր՝ Վաղարշի օրով ևս, որ թոռն է վիպական Արտաշեսի, որի օրով նույնպես արշավում են հյուսիսականները։ Դա մասամբ, անշուշտ, անդրադարձում է կյանքի մեջ իրոք կրկնված նման եղելությունների։ Կրկին պատմվածքներ են Արշակի երկու անգամ փախչելը Պարսից Շապուհի մոտից (Բուզ․ Դ. 16, 20), և պարսիկների բազմաթիվ հարձակումները միևնույն թագավորի կամ զորավարի օրով, ինչպես Խոսքով Կոտակի, մանավանդ Արշակի, Վասակի ու Մուշեղի։ Խորենացին, օրինակ, մի Զիրավի ճակատամարտով վերջացնում է պարսիկների դեմ կոիվը Պապի ժամանակ, իսկ Բուզանդը, որ հավատարիմ է մնում ժողովրդական պատմվածքին, երեք անգամ Շապուհին հարձակվել է տալիս հայերի վրա. իսկ Արշակի ժամանակ շատ ավելի անգամ։ Հիշենք նաև Աղձնյաց րդևշխի ապստամբությունը և պատժվելը մեկ՝ Խոսրովի օրով, երբ Բակուր բդեշխի որդիներից մեկն ազատվում է, մեկ էլ՝ Արշակ թագավորի օրով, երբ ամենից աոաջ Աղձնյաց բդեշխն է անցնում Շապուհի կողմը, «և պարիսպ ածէին ի Հայոց կուսէ, որ Ձորայն կոչեն, գրունս գնէին և զատուցին զիւրեանց աշխարհն ի Հայոց»։ Պապի ժամանակ Մուշեղը բոլոր ապստամբ իշխանների հետ, ինչպես վերևում գրեցինք, պատժում է և Աղձնյաց իշխաններին․ «Ձերբակալ արարեալ զբդեաշխն Աղձնեաց։

  1. Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1907, էջ 18