Այդ կատարելիս՝ առասապելների համար նկատի պիտի ունենալ, որ միթական ընդավորություն ունեցող զրույցները հեշտությամբ չեն մոռացվում ժողովրդի մեջ այլ երկար պահվում են, միայն կերպարանափոխ լինելով և ուրիշ առասպելների հետ կցվելով, և կամ իրենցից մասերը մոռացության տալով։ Մյուս կողմից՝ դիցաբանական բնավորություն ունեցող առասպելները մեծ մասամբ միայն մի ազգի չեն պատկանում։ Ուստի և շատ բնական է, որ մեր հին վեպի մեջ մտնող առասպելները, ոչ միայն ընդհանուր գծերով, այլև մասնավոր միջադեպերով, գտնենք այժմ թե հայերի և թե ուրիշ ազգերի մեջ: Իսկ վեպի պատմականության համար պիտի իմանալ, որ վեպի հիմնական մասը միայն պատմական է։ Դրա մեջ պահված է լինում պատմական անցքերի հիշողություն, բայց մեծ անաքրոնիզներով և այլափոխությամբ։ Այդ առաջանում է վեպի էությունից։ Պատմական երգ ու զրույցը և վեպը, իբրև ավանդական բանահյուսություն, դարեր շարունակ ապրելով վիպասանների բերանին, անզգալի կերպով փոփոխության են ենթարկվում։ Ավելի մեծ է այն փոփոխությունը, որ, կատարվում է ուրիշ նշանավոր իրողությունների և պատմական անձերի ազդեցությամբ։ Ավանդական երգն ու վեպը ժամանակաբանություն չունի: Ուստի անջատ երգերն և ավանդությունները, որոնք առաջ են եկել զանազան նշանավոր պատմական անձերի և դեպքերի մասին, իրերի բնությամբ հարակցվում են հետզհետե միմյանց հետ։ Հինը հաճախ մնում է, թև մթնած ու ետ մղված։ Հնի վրա ավելացնում է նորը, հետագայում կատարված դեպքերի զրույցը։ Այդ ժամանակ զրույցներն ու երգերը սովորաբար ներքին փոփոխության են ենթարկվում և ոչ թե մեքենայաբար կցվում իրար: Բնականաբար ամենից ավելի տուժում են հերոսների անունները։ Միացման համար իբրև հանգույց ծառայում է գյխավորապես՝ զանազան անձերի գլխին եկած դեպքերի կամ նրանց կատարած գործերի համանմանությունը։ Նման դեպքերի ազգեցության տակ՝ հին պատրաստի վիպական երգը, և նույնիսկ վեպը, իր մեջ ընդունում է նոր տարրեր նոր պատմական անցքերից։
Բացի տարբեր պատմական անձերի և նրանց գործերի այսպիսի միացումից, վեպի մի էական կողմ էլ այն է, որ հերոսները հարում են իրար ազգակցական կամ այլ կապերով։ Մի հին վիպական հայացք է՝ ցեղակցությունն ու ժամանակակցությունը տեսնել ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես։ Այս նախնական հայացքով քաջերը, բնականաբար, իրար ցեղակից ու ժամանակակից են համարվում[1]։ Ուստի ավանդական վեպի մեջ, նրանք համախմբվում են կամ մի մեծ նշանավոր իրողության շուրջ, ինչպես ռուսական վեպի մեջ, կամ ինչպես հունական վեպի մեջ, մի նշանավոր իրողության շուրջ՝ դառնալով մի մեծ գործի ժամանակակից ու մասնակից։ Հաճախ սկզբնապես իրարուց անկախ երգերի ու զրույցների հերոսները դառնում են եղբայրներ, կամ հայը ու որդի և հաջորդում են միմյանց, որով առաջանում են վեպի ճյուղերը կամ սերունդները։ Այս վերջին եղանն են ընտրել հայ վիպաաանները թե՛ մեր հին վեպերի և թե՛ նոր վեպի համար։ «Սասնա Ծռերի» հերոսները՝ Սանասարը, Առյուծաձև Մհերը, Դավիթ և Պստիկ Մհեր՝ քաջերի մի սերունդ են, հորից որդի հաջորդությամբ, որոնց շուրջն իբրև ազգականներ դրված են՝ Ձենով Հովհան, Վերգո, Քեռի Թորոս, Խոր Մանուկ և ուրիշներ։ Պատահում է, որ տարբեր անձերի տարբեր ժամանակներում կատարած արարքները հավաքվում են ի մի և վերագրվում մեկ անձի, ինչպես և բազմազան ու բազմաթիվ զրույցներ, նյութով ցեղակից լինելով, միանում են և մի ամբողջություն կազմում։ Այդ ժամանակ նշանավոր հերոսներն ու սիրելի անուններն իրենց են քաշում ուրիշների վրա եղած երգերն ու զրույցները, և նրանց պատկերը հարստանում է։ Այսպես՝ ֆրանսիական վեպի մեջ Մեծն Կարլոսի անվանն են կապված շատ արարքներ և գծեր,
- ↑ Այս հայացքը վիպասաններից անցել է հին պատմադիրներին, որոնց գրածը շատ բանում չի տարբերվում ավանդական վեպից, որովհետև նրանք էլ հաճախ չեն զանազանում բանաստեղծություն, առասպել ու պատմություն:Այսպես, օրինակ, Խորենացու Հայոց Պատմության մեջ գտնում ենք ցեղակցության և ժամանակակցության այդ հին վիպական հայացքը: Նա Ա. գրքի Ե. գլխի մեջ հայտնուն է, թե Նինոսը Բելի որդին չէ, բայց կան այդպես ասողներ, որ «ըստ նշանաւոր և անուանի լինելոյ» պատեհ են համարել այսպես կարգել «զհետին մտաւոր»: Եվ ինքն իսկ Խորենացին ուրիշ տեղ (Ա. 31) գրում է․ «Սիրեմ կոչել այսպէս ըստ քաջութեան՝ Հայկ, Արամ, Տիգրան, քանզի ըստ իմ քաջաց ազգք քաջքն, իսկ միջոցքն՝ որպէս դէպ ումեք թուիցի կոչել»։