Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ների անվան հետ: Դրանք կազմել են երգ ու զրույցների Արտաշատյան ցիկլը:

Վեպի մեջ հիշված Երվանդ, Երվանդաշատ ու Երվանդակերտ, Երվանդավան և Արմավիր անուններն ու նրանց մասին պատմածներն ավելի վաղ ժամանակից են գալիս, քան Արտաշատն ու Արտաշիսյան հարստությունը: Մեր թ. ա. 4-րդ դարում Հայաստանի մի քանի սատրապները կրել են Երվանդ անունը, և նույնիսկ վերջին կառավարիչը Սելեկյան իշխանության օրով, Արտաշեսի ու Զարեհի թագավորելուց առաջ, կոչվել է Որոնտաս, որ է Երվանդ։ Ստրաբոնը գրում է. «Արմենիային տիրել էին նախ պարսիկները և մակեդոնացիները, հետո՝ Ասորիքի և Մեդիայի իշխողները, և վերջո՝ կառավարիչ էր այստեղ Որոնտասը, որը յոթ պարսիկներից էր, իսկ ապա բաժանեցին երկու մասի հոոմայեցիների դեմ պատերազմող Անտիոքոս Մեծի զորավարները՝ Արտաշեսը և Զարեհը»[1]: Վեպն, ուրեմն, պահել է անունն Արտաշես Ա-ի նախորդի՝ Երվանդի, որ բնականորեն եղել է, ինչպես է և Վիպասանքի մեջ, Արտաշեսի հակառակորդը, երբ նա ապստամբել է Սելեկյան տիրապետությունից: Վեպի մեջ այս Երվանդի անվան հետ, սակայն, կապված են հիշողություններ նաև նախորդ Երվանդների և ուրիշների արարքներից Հայաստանում նախքան 2-րդ դարը մեր թ.ա., այլև հետո կատարված դեպքերից:

Ինչպես կտեսնենք, մեր աոաջին վիպասանության մեջ կարևոր տեղ են բռնում մարերը, ըստ առասպելին՝ վիշապազները, որոնք բնակվել են Արտաշատի մոտերից սկսած, Մասիսից դեպի արևելք մինչև Գողթն: Նրանց գավառում հենց Արտաշես Ա. թագավորը շինել է իր մայրաքաղաքը, իբրև Հայաստանի արևելյան և արևմտյան մասերը միացնող միակ հարմար տեղ: Բնականաբար առաջ է եկել ընդդեմ մարերի մի մաքառում, որ և մտել է վեպի մեջ: Այս էլ ցույց է տալիս, որ վեպը պիտի ծագեր ու զարգանար և ապրեր հենց այն կողմերում, կամ, այն կողմերի մոտիկ տեղերում, ուր բնակվել են մարերը կամ մարացիները: Սրա համար ունենք մի պատմական վկայութուն: Վեպը, ըստ Խորենացու, պահված է եղել Մարքի սահմանակից Գողթն գավառում. « Զոր պահեցին ախորժելով, որպէս լսեմ, մարդիկ կողմանն գինեւէտ գավառին Գողթան» (Ա. 30). «Ի վիպասանացն, որ պատմին ի Գողթան» (Բ. 49), «Երգիչքն Գողթան» (Բ. 61): Որ Գողթան գավառում երկար ժամանակ հարատևել է հին Վիպասանքն իբրև երգ ու պատմվածք, այդ բացատրվում է նրանով, որ այդ կողմերում, ինչպես հայտնի է, դեռ երկար մնում էր հեթանոսությունը, այսինքն նախաքրիստոնեական կրոնը: Կորյունը Մաշտոցի համար գրում է, թե՝ «Դիմեալ իջանէր յանկարգ և յանդարման տեղիս Գողթան» և ապա թե՝ «Գերեալ զամենեսեան ի հայրենեացն աւանդելոց և ի սատանայական դիւապաշտ սպասաւորութենէն՝ ի հնագանդութիւն Քրիստոսի մատուցանէր . . . Դիւացն փախստական լինելով՝ անկանէին ի կողմանս Մարաց»: Բնական է, որ եկեղեցու տեսակետով այդ «անկարգ և անդարման» տեղերի մարդիկը պահեին իրենց հայրենական ավանդությունները, «Գեգեըեաչ մաշէին … ի հնութիւն հեթանո-

42

  1. Թարգմ. ակադ. Հակ. Մանանդյանի: