սութեանց սովորօւթեանց», սիրեին «զիւրեանց Երգս առասպելաց զՎիպասանութեանն», ինչպես գրում է Բուզանդը։ Եթե Գողթնի բնակիչները նույնիսկ մարական ծագում ունեցած էլ չլինեին, նրանք կարող էին առնել ու յուրացնել և երկար պահել իրենց հարևան մարերի առասպելներն ու վեպերը։ Այսպես և մեր նոր վեպը՝ «Սասնա Ծռերը» մեր օրերում պատմվել է ավելի Մոկաց և ուրիշ կողմերում, ինչպես և հին Հունաստանում Աքայեցոց վեպը պահել ու զարգացրել են Հոնիացիները։ Թե Գողթնի սահմաններից դուրս ուրիշ որ կողմերում է տարածված ու պահված եղել Վիպասանքը, մենք այդ չգիտենք։
Մարերի մասին եղած հին ավանդությունները, ինչպես և Արմավիրյան ցիկլի երգ ու զրույցները, որոնք սկզբնապես աոանձին-աոանձին խմբեր են կագմած եղել, երգիչները, վիպասանները միացրել են Արտաշատյան ցիկլի հետ և կազմել մի վեպ։ Այդ կապված է եղել քաղաքական իշխանության միացման հետ։ Այդ վաղ դարերում արդեն Արտաշատի տերությունը ձգտել և հաջողել է առաջ բերել Հայաստանի զանազան մասերի միացում, և Արտաշատը դարձել է ընդհանուր կենտրոն։ Դրա համապատասխան՝ Արտաշատի շուրջը խմբված պատմական երգերն ու զրույցներն իրենց մեջ ընդունելով և ուրիշ ավանդություններ, ձգտել են «համազգային» դառնալու։ Այսպիսով առաջ է եկել մի ընդհանուր վիպասանություն Հայաստանի իշխողների մասին։ Հայոց հին Վիպասանքն, ուրեմն, կազմվել ու զարգացել է Հայաստանի կենտրոնական իշխանության հետևանքով։ Երկրի իշխանության միացումն առաջ է բերել և վիպական նյութերի միացում։ Այդ անհրաժեշտ է եղել Արտաշատի թագավորների համար։ Նրանց պետք էր իրենց իսկական կամ կարծեցյալ նախնիքների մասին մի վեպ, մի պատմություն, որի մեջ փառավորվեին նրանք, որ և լիներ միանգամայն իրենց դասակարգային շահերի և գաղափարների արտահայտությունը։ Եվ վիպասանները կատարող են դարձել նրանց վիպական պահանջին, հին երգերից ու զրույցներից և առասպելներից կազմելով մի վիպական պատմություն մի քանի ճյուղերով։
5․ Վիպասան և վեպ ավանդելու եղանակները։ — Վիպական բանաստեղծությունը մշակվել է պրոֆեսիոնալ արվեստավորների ձեռով, որոնք կոչվել են՝ երգիչ, վիպասան և գուսան։ Նրանք երգել են նվագելով մի գործիքի վրա, որ կոչվում է «փանդիռն»։ Որոշ թվով ձեռագիրների մեջ այս գործիքի անունն աղճատվելով՝ դարձել է «բամբիռն», և այս ձևով դա հայտնի է դարձել 10-րդ դարում մեր բանասիրության և բանաստեղծության մեջ։ Մ. Խորենացին այս գործիքը հիշատակում է Տիգրանի վեպի և Վահագնի առասպելի մասին գրելիս (Ա․ 24, 31), այլև Տարբան - Տարավնի զրույցը պատմելուց հետո՝ նա ավելացնում է. «Բայց աոաւել յաճախագոյն հինքն Արամազնեայց ի նուագս փանդռան և յերգս ցցոց և պարուց ղայսոսիկ ասեն յիշատակաւք» (Ա․ 6)։
Որ Խորենացին հաճախ «երգիչ», «երգել», «երգ» բառերն է գործածում (Ա․ 24, 30, 31, Բ․ 48, 49, 50, 54, 61), դրանից եզրակացրել են, թե իբր եղել է ամբողջություն կազմող մի մեծ «Երգ»։ Այս տեսակետին հետևելով՝ նույնիսկ «ասել» բառին տվել են «երգել» նշանակությունը և «վիպասան»