Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նույն ածանցիկ մասնիկը թե՛ ներգործականի և թե՛ կրավորականի իմաստ ունի: Եվ այսպես, «թուելիք» բառն իր երկու իմաստով ևս համանիշ է «վիպասնք» բառին, որը, ինչպես տեսանք, նույնպես նշանակում է թե պատմություն անողներ, ասող-պատմողներ, և թե արած պատմությունը, պատմածը, ասած-պատմածը: Միևնույն երգերի «վիպասանանց երգք» և «թուլելաց երգք» կոչումները, երկուսն էլ մտածության միևնույն եղանակով են կազմած, միայն տարբեր արմատներից, այսինքն՝ երկու կոչումն էլ վեպն ասելու եղանակից են առնված: Այդ ցույց է տալիս, որ մեր Վիպասանքը «թեւ է ասվել»: Մինչև մեր օրերն էլ, մեր նոր ժողովրդական վեպի, «Սասնա Ծռերի» պատմողները, «ի թիւ ուսած», այսինքն բերան արած, բարձրաձայն արտասանելով ասում, պատմում էին լոկ, միատեսակ ուժերով, միայն մեջե մեջ երգելով: Մեր հին վիպասաններն էլ տարբեր եղանակով չպետք է ասած լինեն իրենց վեպերը [1]:


ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ

1. Մեծն Տիգրանի վեպը և պատմական երգեր նրա մաին: — Վիպասանքի այս աոաջին ճյուղը պատմականորեն վերաբերում է աոաջին դարում (մ. թ. ա.) ապրող Մեծն Տիգրանին: Նրա ժամանակը, որ իրոք դիցազնական էր հայ ազգի համար, «քսան և հինգ ամք… անխառն յաջողութեան», երբ «հաւատային սուտակասպասք թէ ոգի իմն իցէ» Տիգրան, իր խորին տպավորությունն է թողել ժողովրդի երևակայության վրա, և վիպասանները, ինչպես հայտնում է Մ. Խորենացին (Ա. 24), փանդռի նվագակցությամբ երգել են Արտաշիսյան թագավորական ցեղի ամենից փառավորին, արքայից արքային, անվանելով նրան «Երուանդեան Տիգրան» կամ «Մեծն Տիգրան»: Կազմվել է մի վեպ, որ 5-րդ դարում երկու անգամ գրական մշակություն է կրել, աոաջին անգամ իբրև ներբողյան մի «արգասաւոր ի բանս» քերթողի ձեռով (տես՝ «Մ. Խորենացի» գլխի մեջ՝ § 8), երկրորդ անգամ Մովսես Խորենացու ձեոով: Վերջին մշակությունը և հայտնի է մեզ։ Շատ մանրամասնություններ ծագում են, հարկավ, այդ քերթողներից, բայց մնացել են և ավանդական գծերը:

Այս վեպը մի գեղեցիկ ժողովրդական պատմվածք է եղել, որի մեջ, ինչպես Մ. Խորենացու մշակածից երևում է, մեկ հիմնական նպատակ է ունեցել ֆեոդալին ծառայող վիպասանը, այն է՝ փառաբանել իր աշխարհակալ թագավորին: Ամբողջը հիմնված է մի խնդրի վրա, որ կազմում է գործողության միության կենտրոնը։ Դա է երկու հարևան ազգերի թագավորների՝ Հայոց Տիգրանի և Մարաց Աժդահակի՝ հարաբերությունը, այդ երկուսի հակադրությունը, Աժդահակի դավադրությունը Տիգրանի դեմ և նրանց բախումը:

Սկզբում բացատրվում է ընդհանուր դրությունը, որից ծագում է գործողությունը: Մեծն Տիգրանը բնիկ թագավոր է. նա հգոր է, իմաստուն,

45
  1. Տես՝ Մ. Ա բ ե ղ յ ա ն, Հայ ժողովրդական առասպելները, էջ 49-70, «Ասել վիպասանք, երգք վիպասանաց, ի թեւ ասել թուել, թուելեացն երգք»: