Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բազմաթիվ քառատող տներին՝ Քերթողը կարողացել է հմտությամբ լցնել այդ մեծ ծավալը, անելով սակավաթիվ կրկնություններ միայն, որոնք շատ զգալի չեն, որովհետև ցրված են ամբողջ մեկ երգի մեջ։

«Շարակնոցի» սկզբում Կոմիտասին ընծայված են «Սրբոց Հռիփսիմեանց կանոնի» ուրիշ շարականներ ևս. բայց դրանց Կոմիտասի գործը չեն ստուգիվ։ թե այս քերթողն ուրիշ երգեր էլ հորինած է եղել, թե չէ՝ այդ հայտնի չէ. բայց նա իրավացի պիտի դասվի ի շարս մեր լավագույն հին բանաստեղծների, այնքան նրա այդ մեկ երկը, «Հռիփսիմյանց Անձինքը», աչքի է ընկնում ուրիշների մեջ իր արվեստով ընդհանրապես, նաև մասնավորապես իր ոտանավորի չափով։ Դա անապեստյան ազատ քառոտանի (քառատակտ) ոտանավոր է. յուրաքանչյուր տողի մեջ կան չորս շեշտեր (կամ չորս ոտքեր), որոնցից երկուսը (աոաջինը և երրորդը, կամ երկրորդը և չորրորդը) ավելի ուժեղ են։ Մեր այս չափը, որ հայտնի է 7-րդ դարի սկզբից, համապատասխան է հնագույն գերմանական ոտանավորի չափին, որ գործածված է եղել մինչև 9-րդ դարի վերջը[1]։

Այս շրջանում հորինված մեր հոգևոր երգերը միայն Կոմիտասի այս մեկ քերթվածով չեն սպառվում, ունենք բազմաթիվ ուրիշ երգեր էլ։ Բայց նրանց հեղինակները ստույգ հայտնի չեն, և նրանց մասին խոսված է հետո՝ «Հոգևոր երգ» հատվածի մեջ։

ԴԱՎԹԱԿ ՔԵՐԹՈՂ

1. Կենսագրական։ — Կոմիտասից ժամանակով շատ հեռու չէ այս Դավթակ քերթողը, որ ժամանակակից է ՍաՀակ Ձորափորեցուն և Անանիա Շիրակացուն։ Նա էլ ծնունդ է 7-րդ դարի այն կուլտուրական վերելքի, որի ներկայացուցիչներն են այդ հեղինակներն և ուրիշները։ Նրանից մնում է միայն մի «Ոդրք ի մահն Ջևանշէրի մեծի իշխանին», որ կա Մովսես Կաղանկատուացու Աղվանից Պատմության մեջ[2]։ Աղվանից իշխան Ջեվանշերը, որ, ըստ Կաղանկատուացու, մեծ փառքով իշխել է 637—670 թ., դավադրությամբ սպանվում է իր բարեբարյալներից մեկի ձեռով իր իսկ պարտեզում։ Ամենքը սաստիկ ողբում են նրա մահը, ասում է Պատմիչը։ «Յայնժամ ճարտասան ոմն ի մէջ անցեալ, որ տեղեակ էր արհեսաական իմաստից, Դաւթակ անուն կոչեցեալ, հնարագիտական վարժիւք յաջողակ, և վերծանական քերթութեամբ յառաջադէմ։ Որ և առատաբեր ի բանիցն պաճուճանս ճարտարութեամբ էր քաջապէս հրաաարակող՝ լեզու ունելով նման երագադիր դրչի։ Սա յոլսվուք և աւուրք ժամանեալ յամէր ի դրան արքունի։ Արդ՝ իբրև հասանէր օրհասական շշուկն ի վերայ արևելից աշխարհիս սակս յանկարծահաս սպանման մեծի զորավարին,

  1. Մանրամասնությունները տեսնել Մ․ Աբեղյանի «Հայոց լեզվի տաղաչափություն (մետրիկա)», Երևան 1988, էջ 320-340
  2. Ամբողջը տպված է միայն այդ գրքի առաջին հրատարակության մեջ․ «Պատմութիւն Աղուանից արարեալ Մովսիսի Կաղանկատուացույ, ի լոյս ընձայեաց Կ․Վ․ Շահնդարեան», Փարիզ, Ա հատոր, էջ 354