Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անմիտ և անհանճար բանից յարմարանք», այլև երկու անգամ «անբանաթիւն» և մի անգամ «անմտութիւն» է անվանում (Ա. գրքի Հավելված), այլև «բարբաջմունք» (Բ․ 70)։ Արդ, «իրանացած» հայերի առասպելները հունական կրթություն ստացած Խորենացու համար, իրենց ձևով եթե ավելի անիմաստ չլինեին, ավելի իմաստուն էլ չէին լինի, քան պարսից առասպելները։ Նա Տորքի մասին առասպելը նույն ածականներով էլ հենց բնորոշում է, ինչ որ պարսից առասպելները, Բագրատունիների ծագման մասին զրույցը «յիմար, բայ բանք անոճ», իսկ Արծրունիների մասին առասպելը «բաջաղանք» (Բ. 7) է կոչում։ Այս ամենը նկատի ունենալով՝ հասկանալի է, որ նա չի գտնում հայերի մեջ երգեր, որոնք պարսից առասպելների պես «անճոռնի, փծուն, անհանճար (անիմաստ), անմիտ, անբան, և անոճ» չլինեին, այլ բանավոր, այսինքն իմաստալից, մտացի, «ոճով», «պերճ և ողորկ», մի խոսքով՝ ինչպես հունաց առասպելները, այն էլ գրված, ինչպես պարզ երևում է «երգարան» բառից։

Այսպես ուրեմն, հունական առասպելների հետ համեմատած՝ հայոց ավանդական երգերը, Վիպասանքն ու առասպելները Մ. Խորենացու աչքին՝ իրենց արվեստով շատ ցած են, շատ մոտիկ պարսկական առասպելներին։ Նրա այս քննադատությունը պետք է իրականության մոտ համարել։ Բայց և այնպես մեր հին վեպը, հարկավ, բոլորովին «անարվեստ» չի եղել։

2. Վիպասանքի ճյուղերը։ ― Վիպասանքը եղել է մի ամբողջություն, բայց ոչ այն իմաստով, թե դա, իբրև մի գրական մշակություն կրած երկ, ունեցել է իր ընդհանուր թեման, որով միացած լինեին երկի բոլոր մասերը սկզբրից մինչև վերջ։ Վիպական մեծ նյութը նրա մեջ մի հեղինակի ձեռքով չի մշակված և միացած եղել․ միացումը կատարված է եղել հետզհետե ժամանակի ընթացքում, առանց մի ընդհանուր ծրագրի։ Ուստի մեր այդ հին վեպը չի կազմել մի ամբողջական գեղարվեստական երկ, որի մեջ մարդիկն ու մարդկանց արարքները միմյանց հետ սերտ կապված լինեին մի ընդհանուր խնդրով ու գործողությամբ։ Արդարև, իբրև մի ընդհանուր սյուժետային թել երևան է գալիս հայերի հարաբերությունը մարերի հետ, ըստ առասպելականին՝ վիշապազների հետ, բայց և այնպես այդ ամբողջի մեջ բազմաթիվ և բազմազան նյութերը հարած են եղել միմյանց ոչ ներքին, այլ արտաքին մի լույծ կապակցությամբ։

Ինչպես «Սասնա Ծռերի» մեջ, այնպես և Վիպասանքի մեջ պատմվել են զանազան միջադեպեր նույն հերոսի, կամ իրար հաջորդող հերոսների կյանքից, կազմելով հաճախ առանձին վիպական ճյուղեր։ Այդ ճյուղերից յուրաքանչյուրն արդեն ունեցել է իր թեման, որով կազմել են մի-մի առանձին միություն։ Դրանց մեջ վիպասանները, ինչպես տեսանք վերևում, կարողացել են ժամանակակիցների համար կարևոր և հետաքրքիր այս կամ այն գաղափարի ու խնդրի շուրջ զարգացնել գործողությունը ոչ միայն պատմական և առասպելական դիպվածներով, այլև կենցաղային գծերով։

3. Վիպասանքի գաղափարական հերոսները։—Թեպետ և բնագիրը չունենք, բայց և այնպես վեպի բովանդակությունից բավական պայծառ հասկացություն ենք ստանում վեպի մեջ արծարծված խնդիրների, իդեոլոգիայի և կերպարների մասին։ Այդ արդեն տեսել ենք Մեծն Տիգրանի և

63