Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յունն ու խոհեմությունը։ Ինչքան էլ հռետորական արվեստով էր պահանջվում նույնը, բայց այդ գիծն ևս վիպական պետք է համարել։ Սիրելի Անահիտ դիցուհին, ինչպես 5-րդ դարի քրիստոնյա մատենագրից իմանում ենք, համարվել է «մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկային բնութեան», «որով կեայ և զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց», «որ է փառք ազգիս մերոյ և կեցուցիչ»։ Նրանից խնամակալություն են խնդրել աշխարհի համար։ Ուստի բնական է, որ մեր վեպի մեջ Տիգրանը ներկայանար «պարկեշտն ի կերակուրս և յըմպելիս և ի խրախճանութիւնս օրինաւոր․ զորմէ ասէին ի հինսն մեր որք փանդռամբն երգէին՝ լինել սմա և ի ցանկութիւնս մարմնոյ չափաւոր, մեծիմաստ և պերճաբան և յամենայն որ ինչ մարդկութեան՝ պիտանի»։ Անշուշտ, Խորենացու ճարտասանական մշակումը կա այստեղ․ բայց թե այս գովքը հիմնված է վեպի վրա, այդ երևում է նրանից, որ Խորենացին դրա համար իբրև աղբյուր հիշում է երգիչներին։ Այս գովքին պիտի ավելացնել և այն, որ արդարադատ և հավասար աչքով է նայում նա ամենքին. «Ոչ ընդ լաւագոյնսն խանդայր, և ոչ զնուաստսն արհամարհէր, այլ ամենեցուն հասարակաց հնարէր զխնամոցն ի վերայ տարածանել զգեստս»։ Ահա գուսանների և Մ․ Խորենացու գաղափարականացումը, և ցանկալի թագավորը։ Վիպական Տիգրանը ոչ լավագույններին, այսինքն բարձր դասի ազնվականներին է նախանձում և ոչ նվաստներին, ցածր դասի խեղճ ռամիկներին արհամարհում, այլ ամենքին խնամում է։ Այս հատվածը միակն է, որի մեջ հիշվում են «նուաստները», ինչպես կոչվել են մեզնում «տառապեալ» դասի մարդիկը։ Ձեռագիրների մի խմբի մեջ այդ «զնուաստսն» բառի փոխանակ է «զստրուկսն»։ Հիշվում են և ուրիշ երկուսը հասարակ դասից՝ Արտաշեսի ստնտուի որդի Գիսակը և Երվանդի «ընտանի» Տուրը։ Այս երկուսն էլ հավատարմությամբ ծառայում են բնիկ Արտաշեսին։ Գիսակը մարտի մեջ իրեն զոհելով՝ մահից ազատում է Արտաշեսին, իսկ Տուրը Երվանդի տնից քսություն է անում Սմբատին, որի համար և սպանվում է ինքը։ Արտաշեսն այդ երկուսի զարմերին էլ ազնվական է դարձնում, «սերեալ ազգ», կոչում է Դիմաքսյան և Տրունի։ Այդ էլ ֆեոդալական ժամանակի արտահայտություն է:

4․ Ոճն ու ոտանավորը։ — Վիպասանքի մեջ պատմվածքը շատ կենդանի է, տրամախոսություններով հարուստ: Նկարագիրները շատ գունագեղ են, առանձնապես Տիգրանի գովեստը պերճ է, վառ գույներով ու մակդիրներով լի»։ Ժողովրդական երգի մեջ արդեն մասամբ պատրաստ եղել են այդ մակդիրները, ինչպես, օրինակ, «հայկազն բազմաբիւրաւոր», որ ոչ թե Կյուրոսի ժամանակակից Տիգրանին է վերաբերում, այլ միայն պատմական Մեծն Տիգրանին։ Բայց և այնպես՝ ինչքան էլ բովանդակությունը, գուցե, սակավ բացառությամբ, Վիպասանքից է ծագում, նկարագիրները ոչ բոլորը երգից են։ Պատմագիրն, անշուշտ, իր սիրած ճարտասանական ոճով էլ ծաղկեցրել է ամենը։ Այնպես որ դրանցով ճիշտ հասկացություն չենք կարող կազմել Վիպասանքի ոճի մասին․ դրա համար պետք է առանձնապես նկատի ունենալ այն փոքրիկ հատվածները, որ բառացի մեջ են բերված առասպելներից ու Վիպասանքից։ Դրանցից մեկն է Վահագնի երգը, որ

67