Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 2.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նա, «կապ ունենալով Առաջավոր Արևելքի մահմեդական երկիրների քաղաքային կյանքի ընդհանուր զարգացման հետ», առատությամբ ըն­դունել է հարևան ժողովուրդների ստեղծագործության հարուստ արդյունքները»[1] և դարձել միջազգային մեծ քաղաք իր բազմազգ բնակչությամբ։

Գտնվելով մեծ առևտրական ճանապարհի վրա՝ Անին Բագրատունիների օրով արդեն բարձրացել է իր շահաստանով։ Այդ ժամանակ են շին­վել և նրա նշանավոր հզոր պարիսպները, ամրացված բազմաթիվ աշտա­րակներով։ Ոչ միայն Անիի, այլև Կարսի, Արծնի և ուրիշ քաղաքների վրայով էին անցնում տարանցիկ առևտրական մեծ ճանապարհի ճյուղե­րը․ ուստի և նրանք ևս դարձել են վաճառաշահ կենտրոններ և՛ ներքին, և՛ արտաքին առևտրի, և՛ ապրանքների փոխանակության համար։ Արտաքին առևտուրը լինում Էր և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի հետ։ «Ծով և ցամաք երկնէր և առատանայր կրել ի սմա զզօրութիւն իւր»,— ասում է Ա. Լաստիվերտցին իր հայրենի Արծն քաղաքի համար, «որ հոյակապ և ականաւոր էր ամենայն աշխարհաց»։[2] Ծովային առևտուրն անում էին Տրապիզոնի վրայով։ Նույն հեղինակը (էջ 91) Կարսի համար գրում է, թե «Ցանկասկածի կէին, հարստացեալք ընչեղութեամբ ի ծովէ և ի ցամաքէ ամբարեալ»։ Բարգավաճում էին և երկրի արտադրող ուժերը, ծաղկում էր արդյունագործությունը։ Արտահանում էին նաև երկրի արդյունագործական, ինչպես և երկրագործական ապրանքներն ու բնական բերքերը: Դրանք ևս կազմում էին մեծ եկամուտների կարևոր աղբյուրներ։ Գյուղատնտեսությամբ պարապում էին քաղաքների արվարձաններում, պարիսպներից դուրս,— ուր և ապրում էին սովորաբար նաև արհեստավորները,— այլև գյուղերում, մեծամեծների կալվածներում։

Բնականաբար առաջ էր գալիս դրամական տնտեսություն․ դրամը մի նոր աստված էր դարձել․ մարդիկ ամեն տեսակ շահի ետևից էին ընկնում։ «Յարգի եղև արծաթսիրութիւն քան զաստուածսիրութիւն, և մամոնայն՝ քան զՔրիստոս», գրում է Լաստիվերտցին (էջ 79)։ 10-րդ դարից արդեն նյութական կարողությունը—ոսկին, երկրի հարստությունները, կալված­ներ և ուրիշ անշարժ կայքեր, կենտրոնանում էին առանձին վաճառական անհատների ձեռին. առաջ էին գալիս կապիտալիստներ, որոնք կազմում էին մի նոր դասակարգ։ Իր դարի համար մի տիպիկ կապիտալիստ է եղել, մի փայլուն ներկայացուցիչ իր դասի, Տիգրան Հոնենց, 12-րդ դարի վերջում և 12-րդի սկզբներում, տեր չափազանց մեծ հարստության թե՛ դրա­մով և թե՛ անշարժ գույքերով։[3]

Այսպիսով ֆեոդալական շրջանի երկու իշխող դասերի՝ ազնվակա­նության և եկեղեցականության կողքին տնտեսապես, ապա և մտավորա­պես բարձրանում և դիրք էր ձեռք բերում Նոր դասակարգը—հարուստ քաղաքացությունը,

  1. И. Орбели, Развалины Ани, էջ 4 և հտ., 19, 25 և այլն։
  2. Պատմութիւն Արիստակեայ վարդապետի Լաստիվերտցւոյ, Թիֆլիս, 1912, էջ 78։
  3. Նրա շատ մեծ հարստության մասին գաղափար կարելի է կազմել նրա խիստ բազմաթիվ ընծաներից, որ տվել է իր շինած վանքին 1212 թ., և որ փորագրել է տվել արձանագրության մեջ: Այս մասին տեսնել Н. Марр, Ани, էջ 33 և հտ.: