Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 2.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օթևանելու համար, կառուցվում են քարե տասնյակ գեղեցիկ կամուրջներ Ախուրյանի վրա։ Անց են կացվում, նույնիսկ 10-րդ դարից սկսած, ջրմուղներ հեռավոր աղբյուրներից քաղաքին ջուր մա­տակարարելու համար։ Անիի պեղումներով երևան են եկել նաև քարարկված փողոցներ և նույնիսկ մայթերի հետքեր, աղքատ տնակների հետ և մեծ տուն, որ ունեցել է հոյակապ պորտալ՝ զանազան քանդակներով: Միջնաբերդի ապարանքը հոծ է եղել հարուստ զարդարանքներով, մի դահլիճում «կենդանիների նկարներ՝ բուսական շրջանակների մեջ։ Մի ուրիշ դահլիճում որմերին նկարված են եղել պատերազմական կամ որ­սորդական տեսարաններ. որմերը, բացի նկարներից, թանձր ոսկեզօծ­ված են եղել․ առաստաղն ունեցել է երկրաչափական ձևերի քանդակներ»։ Չի պակասել և բաղանիքը, իր նախասենյակով, ավազանով, տաք և սառը ջրի խողովակներով, և այլն:[1] Ինչպես երևում է, Անին ունեցել է բա­րեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ շատ բաղանիքներ, ըստ Տիգրան Հոնենցի արձանագրության՝ ի թիվս բազմաթիվ ընծաների՝ նա իր շինած վանքին նվիրել է նաև երկու բաղանիք։ Այսպես բարեշեն են եղել նաև մյուս վաճառաշահ մեծ քաղաքները։ «Եւ իբրև ակն մի պատուական լու­սագեղ պայծառութեամբ փայլէր քաղաքս մեր ի մէջ ամենայն քաղաքաց, ամենևին գեղեցիկ, բոլորովին զարդարուն», այսպես է գրում Ա. Լաստիվերտցին Արծնի համար։[2]

Փարթամ քաղաքացիներն իրենց առտնին կյանքը, նիստն ու կացը և հանդերձները ևս հարմարեցնում էին իրենց հարստությանը։ Հագնում էին դիպակ, մետաքսե պատմուճաններ և, ինչպես պեղումներից հայտա­բերվել է, մետաքսի ամբողջ հագուստներ՝ ոսկեթել ասեղնագործու­թյամբ։ Երևի կանայք էին բանեցնում պեղումների ժամանակ գտնված երեսի քողը՝ մետաքսով և ոսկեթելով նուրբ կարած (գուլաբաթնով կա­րած), մետաքսե ժապավեն գոտին, ապարանջաններն ու մատանիները։ Ամեն ինչ ճոխ ու պերճ էր։ Ա. Լաստիվերտցին[3] գովելով իր հայրենի Արծն քաղաքը, նրա վաճառականներին՝ գրում է. «Բարեացն առատութեամբ լի էր, ամենայն ինչ ըստ մտի էր սորա․ և նման իմն էր նորահարսն կնոջ, որ գեղոյն վայելչութեամբ և զարդուցն պայծառութեամբ՝ ցան­կալի գոլ ամենեցուն»։ Քիչ հետո նա, մարգարեի խոսքերով, ամբաստա­նում է կանանց «անբարտավանությունը», նրանց «զստորինսն ընդ երկիր զքարշելն [երկայն քղանցքները գետնաքարշ տանելը], զգինդսն, և զմատանիսն, զապարանջանսն, զքօղէսն [=թևի ապարանջան արմուկից վերև], և զմեհիւանդսն, [=մանյակ, ոսկե վզնոց, օղ], և զայլն ամենայն», նրանց «ոսկի զարդերը», «ոսկի կամարները» [քամարները], «պատվա­կան հանդերձները»։ Նույնպես շքեղությամբ են եղել և տնային կահ-կարասիքը, գորգերը, բազմոցները, վարագույրները: Բանեցնում էին ար­ծաթե ընտիր անոթներ, հախճապակյա և ճենապակյա ամաններ՝ հա­րուստ բազմազան նկարներով, ճաշակավոր զարդարուն զանազան գույներով և ցայտուն ֆիգուրներով: Դրանք շին­ված

  1. И. Орбели, Развалины էջ 41 և հտ.:
  2. Ա. Լաստ․, Պատմ., էջ 79:
  3. Անդ, էջ 79-81: